Ինչ է պատրաստվում անել Դոնալդ Թրամփը

    • Մեկնաբանություն - 28 Նոյեմբերի 2016, 21:25
Լինելով ԱՄՆ-ում, ականավոր հանրապետականներից լսել եմ հետեւյալը. «Պետք չէ գայթակղվել Քլինթոնի ժողովրդականությամբ եւ հանրապետականների պսիխոզով: Երբ Դոնալդ Թրամփը հաղթի եւ պարզվի, թե ինչ թիմ է կանգնած նրա թիկունքում եւ ում վրա է նա հենվում, դուք կտեսնեք, թե ինչ ոչնչություն են հանրապետական-ռենեգատները եւ հնարավոր բոլոր դեմոկրատները Թրամփի թիմի փորձագետների ու ֆունկցիոներների համեմատ»:

Սակայն առավել կարեւոր է լինելու այն, թե ում կարող է իր վարչակազմ ներգրավել Թրամփը: Այդ զինվորականներից, քաղաքական գործիչներից, ֆինանսիստներից ու փորձագետներից շատերը գերադասել են մնալ ստվերում եւ միայն «սպիտակ, պրովինցիալ ազգայնականության» ալիքի վրա են այսպես ասած դուրս եկել իրենց բնից: Նրանցից շատերի հետ ես տարբեր ժամանակներում հանդիպել եւ զրուցել եմ, նրանց մտադրություններն ու նպատակները լիովին հասկանալի էին:

Մի քանի հարյուր փորձված հանրապետականներ գերադասեցին կանգնել դեմոկրատ Քլինթոնի կողքին, ինչը նշանակում էր բացառապես անձնական մոտիվներ եւ խաղադրույք ինտերվենցիոնիզմի, այսինքն միջազգային քաղաքականության վրա, որը վարվում էր մեծ ուշացումով, երբ Ամերիկան տանուլ էր տալիս հերթական տարածաշրջանը: Ցանկություն չկար սպասել 4 կամ 8 տարի, մնալ սպասման վիճակում, երբ դեմոկրատներն առաջարկում էին բավական ակտիվ արտաքին քաղաքականություն:

Հանրապետական-պահպանողականները, ամերիկյան ավանդույթի իմաստով լինելով արմատականներ, առաջարկում էին ոչ միայն պարզապես արտաքին քաղաքականության ակտիվություն, այլ մեծ արտաքին քաղաքականության վերադարձը, այսինքն՝ գլոբալիզմի սկզբունքների ուժեղացումը, շրջափակելով առաջատար մրցակիցների տնտեսական ու քաղաքական հնարավորությունները, որոնք բարգավաճում էին ամերիկյան շուկայի ու ամերիկյան տեխնոլոգիաների հաշվին, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում:

ԱՄՆ քաղաքականության մեջ կա բավական նուրբ պատրանք, որը կոչվում է ինտերվենցիոնիզմ: Օբամայի եւ «դասական» դեմոկրատների արտաքին քաղաքականությունը դարձավ ԱՄՆ նահանջը բազմաթիվ ուղղություններով: Շատ էր խոսվում ՆԱՏՕ-ի զարգացման մասին, սակայն ՆԱՏՕ-ի 4 վեհաժողովներից ոչ մեկն առանցքային չէր ու որոշիչ չդարձավ ատլանտյան պաշտպանության զարգացման համար:

Օբաման գործնականում առանձնապես չէր ձգտում գործընկերներին հարկադրել պաշտպանական լրացուցիչ ծախսեր, սակայն ԱՄՆ քաղաքականության մեջ ոչ մի բան չէր կարող այնքան հարվածել երկրի հեղինակությանն ու դաշնակիցների նվիրվածությանը, որքան ռազմական ծախսերի կրճատումն ու գլխավորը՝ զինված ուժերի նյութական բազայի կրճատումը:

ԱՄՆ քաղաքականության մեջ այսպես կոչված իզոլյացիոնիզմը աշխարհում ընկալվում էր լիովին այլ կերպ, քան պնդում էին ներկայիս իրական հանրապետականները: Իզոլյացիոնիզմի տակ հասկացվում էր ԱՄՆ արտաքին քաղաքականության մտադրությունների ու հնարավորությունների գրեթե «փակումը»: Իրականում, դա նշանակում է շուկայական հարաբերությունների սահմանափակումն այն երկրների համար, որոնք հարստանում ու սեփական տեխնոլոգիաները զարգացնում են ամերիկյան հնարավորությունների հաշվին:

Որոշակի առումով, իզոլյացիոնիզմի տակ ենթադրվում էր ամերիկյան ջանքերի կրճատումը պաշտպանության ոլորտում, նախեւառաջ եվրոպական դաշնակիցների պարագայում, որոնց ամերիկացիներն ավելի հաճախ են սկսել անվանել գործընկերներ: Պահպանողական հանրապետականները նախատեսում էին ԱՄՆ ռազմական հզորության ու միաժամանակ ՆԱՏՕ-ի պաշտպանական հնարավորությունների ուժեղացումը, եւ ՆԱՏՕ-ի վերացման հնարավոր բոլոր թեզերը ոչ այլ ինչ էին, քան ԱՄՆ գլխավորությամբ պաշտպանության ու անվտանգության գլոբալ համակարգի վերափոխումը:

Աներեւակայելի է, որ Թրամփին աջակցած 200 գեներալներն ու ծովակալները եզրահանգեն, որ ՆԱՏՕ-ն սպառված գործիք է: Հասկանալի չէ, թե ինչու է ՆԱՏՕ-ի ուժեղացման ձգտումը համարվում ԱՄՆ անկման ու գլոբալ քաղաքականությունը դադարեցնելու նշան:

Թրամփի նախընտրական քարոզչության կասկածելի հարցերից մեկը Ռուսաստանն էր:

ՌԴ ԳԱ ԱՄՆ եւ Կանադայի ինստիտուտի տնօրեն Մ. Ռոգովը գտնում է, որ Ռուսաստանին փորձում են հեռացնել Չինաստանից եւ թույլ չտալ ռուս-չինական ռազմական ամուր դաշինք: Սակայն դա ռուսական տեսակետն է: Ով եղել է այդ ինստիտուտում, կարող էր նկատել, որ այն պարզապես գոյություն չունի, եւ ռուսական քաղաքական միտքը զրկվել է այս ուղեղային կենտրոնից:

Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ երբեք չի եղել եւ չի լինելու դաշինք, առավել եւս ռազմական, նրանց հարաբերությունը սինուսոիդ է՝ հաշվարկված քաղաքական խնդիրների կոնյունկտուրային պահանջմունքներին: Չինաստանն ավելի շահագրգիռ է ԱՄՆ-ով, ոչ թե հետամնաց ու սնանկացած Ռուսաստանով:

Խնդիրն այն է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ առավել ծանրակշիռ դարձան քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ: Եթե Իրանի հանդեպ ԱՄՆ-ն գերադասեց հարաբերության զարգացումը, ապա Ռուսաստանի հարցում ամերիկացիները վարում են շրջափակման ու խեղդելու քաղաքականություն, ինչը հաջողություն է ունեցել: Պետք էր տապալել այդ երկու միտումները, դրանով էլ զբաղված էին Թրամփի խորհրդականները:

Ներկայում, արդեն նրա հաղթանակից հետո ոչ մի պետություն՝ թե գործընկեր, թե հակառակորդ, չի կարողանում կողմնորոշվել ու գտնել նոր նախագահի տրամաբանական մտադրությունները: Աշխարհով մեկ շփոթվածություն է, եւ քչերն են ընդունակ կողմնորոշվել քաղաքականության մեջ, ելնելով ԱՄՆ նոր քաղաքականության վերաբերյալ ենթադրություններից:

Գլխավորը՝ շփոթված են ինքը Թրամփը եւ նրա թիմը: Այնքան էլ ճիշտ չեն այն հայտարարությունները, թե նոր վարչակազմի ձեւավորման գործընթացը տեղի է ունենում բնականոն հունով: Նոր վարչակազմի պաշտոնների հավակնորդների միջեւ տեղի են ունենում մրցակցային ու երբեմն թշնամական գործողություններ:

Մյուս կողմից, հանրապետական-ռետրոգրադները ուշադրությունից հեռացրել են այնքան փորձառու վարչարարների, որ նոր վարչակազմի 2000 պաշտոններին դժվար է մարդ գտնել, եւ նշանակումների համար երկար ժամանակ է պետք:

Ինչպես հայտնի է, «ռեալիստներն» ուժեղ էին գլոբալ քաղաքականության մեջ, սակայն չունեին տարածաշրջանային քաղաքականության փորձ ու ցանկություն: Իսկ նոր-պահպանողականները, ընդհակառակը, խաղադրույք էին կատարում տարածաշրջանների վրա եւ քիչ էին զբաղվում գլոբալիստիկայով:

Թրամփի վարչակազմում կարծես թե պետք է միավորվեն «ռեալիստներն» ու նոր-պահպանողականները: Ամեն դեպքում, դա դժվար խնդիր կլինի: Հնարավոր է, ապագա վարչակազմում կառաջանան մրցակցային գործընթացներ, երբ անհնար կդառնա միավորել տարբեր խմբավորումները:

Պետք է հասկանալ, որ ԱՄՆ գլուխ է կանգնել ոչ թե փորձառու քաղաքական գործիչ, այլ անփորձ, թեեւ հավակնոտ մարդ, իսկ մարդիկ, ովքեր կոչված են ձեւավորել վարչակազմը, հեղինակություն չունեն ԱՄՆ քաղաքական շրջանակներում: Բացի այդ, մի շարք քաղաքական գործիչներ, ովքեր ամենասկզբում աջակցում էին Թրամփին, այդպես էլ պաշտոն չեն ստացել, օրինակ՝ Ջոն Բոլթոնը, որի նշանակումը կդառնար հավակնոտ ու ագրեսիվ արտաքին քաղաքականության կոշտ վկայություն:

Նման օրինակներ շատ կան, ինչն էլ բերում է նոր նախագահի կադրային քաղաքականության ճիշտ ընկալմանը: Ըստ էության, առկա է շփոթվածություն ու քաղաքական գործիչներին ու մասնագետներին միավորելու անկարողություն:

Պետք է նշել, որ Թրամփին աջակցել են ոչ միայն «սպիտակ» վարձու բանվորները, ինչի մասին պնդում էին դեմոկրատներն ու ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները: Նրան աջակցել են նաեւ միջին դասի ներկայացուցիչները, ճիշտ է, նույնպես հիմնականում «սպիտակ»: Քիչ է խոսվում ոչ վաղ անցյալի ներգաղթյալների երկրորդ կամ երրորդ սերնդի միջին դասի մասին, նախեւառաջ՝ լատինամերիկացիների, ովքեր դարձել են լիարժեք ամերիկացիներ:

Դա վկայում է, որ հասարակության այդ շերտերն անտարբեր չեն արտաքին քաղաքականության հարցում նոր կառավարության մտադրությունների հանդեպ:

Թրամփը գերմանական ծագում ունի, եւ ակնհայտ է, որ գերմանական ծագման ամերիկացիներն աջակցել են նրան, այդ պատճառով էլ դեմոկրատական Փենսիլվանիա նահանգը քվեարկել է նրա օգտին: Իսկ գերմանական ծագման 39 միլիոն ամերիկացիները բավական շահագրգռված են ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Գերմանիայի դերի մեծացմամբ, նախեւառաջ եվրոպական քաղաքականության մեջ եւ ՆԱՏՕ-ում:

Ընտրության մյուս էթնիկ բաղադրիչը՝ հրեական համայնքը: ԱՄՆ հրեական կազմակերպությունների ղեկավարները ոչ վաղ անցյալում ինձ ասում էին, թե «մենք պարտվել ենք երկու անգամ՝ Սիրիայի եւ Իրանի դեպքում»: Բայց Սիրիան կսպասի, իսկ Իրանի պարագայում ստիպված էին վերանայել դիրքորոշումները:

ԱՄՆ հրեական համայնքի գերակշիռ մասը քվեարկել է Քլինթոնի օգտին, սակայն համայնքի էլիտար մասը, երեւում է, շահագրգռվածություն է ունեցել Թրամփի հարցում, ավելի ճիշտ՝ նրա թիմի անդամների: Ընդ որում, դա տեղի է ունեցել ավելի վաղ, քան Թրամփը հռչակել է իր հիմնական թեզերը: Այդ պատճառով էլ առաջացել է Իրանի հետ պայմանագրային հարաբերությունները վերացնելու գաղափարը:

Հայերը կարծես թե հիմնականում քվեարկել են Թրամփի օգտին: Սակայն դրա պատճառների մասին չեմ խոսի: Թող այդ մասին ասեն հայ քաղաքագետները:

Սպասենք, մինչեւ նոր վարչակազմը կանի նոր քայլեր: Հայերի, վրացիների կամ ուկրաինացիների համար կարեւոր է լինելու այն, թե որքանով է ԱՄՆ-ն մնալու Եվրոպայի ու հետխորհրդային տարածքի նորանկախ երկրների աջակցության քաղաքականության դիրքերում: Սակայն դա այլ թեմա է, եւ հարկ է սպասել:

Եվ այնուամենայնիվ, ինչի մասին է ներկայում խորհում Թրամփը, ավելի ճիշտ՝ ինչ խորհուրդներ են նրան տալիս ընկերները: Նրա հաղթանակի գլխավոր նմանակը՝ «բրեքզիթը»՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, այդպես էլ մնաց վարդագույն երազանք, եւ բրիտանացիները մինչ այժմ չգիտեն ինչպես դուրս գան եվրոպական հանրությունից:

Նման կերպ ՆԱՏՕ-ն կպահպանվի որպես պաշտպանության ու անվտանգության գլոբալ ու անփոխարինելի կառույց, եւ դաշինքը նախկինի պես կգլխավորեն անգլո-սաքսերը Գերմանիայի նոր դերի պայմաններում: