Սերժ Սարգսյանը հրաժարվեց իր առաջարկից

    • Մեկնաբանություն - 28 Նոյեմբերի 2016, 19:18
ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում խոսելով ներքաղաքական իրողությունների մասին, Սերժ Սարգսյանը փաստացի հրաժարվեց 2016 թվականի օգոստոսի 1-ին ունեցած ելույթում հնչեցրած «ազգային համաձայնության կառավարության» գաղափարից։

Այդ միտքը Սերժ Սարգսյանը հնչեցրեց հուլիսյան իրադարձությունների հանգուցալուծումից հետո, երբ Սասնա ծռեր ջոկատը վայր դրեց զենքն ու դուրս եկավ ՊՊԾ գնդից։ Օգոստոսի 1-ին նախագահի նստավայրում հավաքելով իշխող ամբողջ համակարգը, Սերժ Սարգսյանը հայտարարեց մոտ ապագայում ազգային համաձայնության կառավարության ձեւավորման մասին։

Այդ հայտարարությունը շատերն ընկալեցին իբրեւ ուղղակի մտադրություն, իսկ շատերը՝ իբրեւ առաջիկա խորհրդարանի ընտրությանն ընդառաջ քաղաքական ուժերին արվող առաջարկ։ Հոկտեմբերին Սերժ Սարգսյանը փոխեց կառավարությունը։ Նոր կառավարությունը որեւէ աղերս չուներ ազգային համաձայնության հետ։ Այն նույն ՀՀԿ-ՀՅԴ կառավարությունն է, որն ունեցավ նոր անկուսակցական անդամներ, որոնց մի զգալի մասը մեկ ամիս անց դարձավ ՀՀԿ-ական։

Այդ իրողությունն ակնհայտ դարձրեց, որ ազգային համաձայնության կառավարության մասին հայտարարությունը Սերժ Սարգսյանի համար նախընտրական առաջարկ էր քաղաքական դաշտին, ոչ թե սեփական ծրագրի բարձրաձայնում։

ՀՀԿ համագումարի ելույթում այդ մասին չկար որեւէ խոսք, ինչը վկայում է, որ Սարգսյանը հրաժարվում է իր առաջարկից, չեղարկում է այն։ Դա տեղի է ունենում կամ այն պատճառով, որ իր համար «սահմանված» ժամկետում նա չի ստացել քաղաքական ուժերի համաձայնությունը, կամ նա այլեւս մի քանի ամիսների հեռվից այդ առաջարկը համարում է ժամանակավրեպ, ոչ անհրաժեշտ։ Դա էլ կարող է նշանակել, որ խոսքը գուցե անգամ նախընտրական առաջարկի մասին էլ չէր, այլ մարտավարական հնարքի՝ երբ Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում էր նպաստել հուլիսյան կրքերի հանդարտեցմանը։

Բոլոր դեպքերում, ՀՀԿ համագումարում նրա ելույթը վկայեց, որ «ազգային համաձայնության կառավարություն» հասկացությունը Սարգսյանի օրակարգում այլեւս հրատապ չէ՝ թե ռազմավարական, թե մարտավարական տեսանկյունից։ Ավելին, առաջիկա ներքաղաքական զարգացումների համատեքստում նա խոսեց կուսակցությունների խոշորացման անխուսափելիության, ինչպես նաեւ իշխանության ու ընդդիմության հստակեցման մասին։

Այդպիսով, փաստացի ազդարարվում է նոր հեռանկար՝ առաջարկ, պայման կամ ծրագիր, որում նշմարվում է երկբեւեռ համակարգի մտադրությունը։ Այսինքն, եթե օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանն առաջարկում էր քաղաքական դաշտին լինել «ազգային համաձայնության կառավարության» մաս, կամ էլ դառնալ «ազգային համաձայնության ընդդիմություն», այժմ Սարգսյանն առաջարկում է պարզապես իշխանություն կամ ընդդիմություն «խոշորացված» տարբերակը։

Բացառված չէ, որ խոսքը ոչ թե առաջարկի, այլ արդեն իսկ ծրագրի մասին է, որտեղ նրա համար հստակ են թե իշխանությունը, թե ընդդիմությունը, իսկ քաղաքական դաշտին առաջարկվում է «ընտրություն»՝ այս կամ այն կողմ։

Հավանական է, որ ընդդիմություն բեւեռը կամ թեւը կձեւավորվի Գագիկ Ծառուկյանի ներքո, ինչի համար էլ վերջին շրջանում հունցվեց նրա վերադարձի խմորը։ Ֆորմալ կամ անվանական իմաստով դա կլինի «ոչիշխանական» բեւեռը, որը Սերժ Սարգսյանը ցրեց 2015-ի փետրվարին, սակայն բնույթով իհարկե նոր բեւեռը որեւէ աղերս չի ունենա դրա հետ, քանի որ այս դեպքում իհարկե ոչիշխանական բեւեռը կլինի արդեն Սարգսյանի եւ Ծառուկյանի համատեղ պայմանավորվածության արդյունքը, եւ այնտեղ հիմնական խաղացողների շարքում չեն լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Հովիկ Աբրահամյանը։

Թեեւ, պետք չէ բացառել, որ օրինակ Հովիկ Աբրահամյանը կարող է հավակնել այդ բեւեռի լիդերությանը, իհարկե դրա համար անհրաժեշտ մի շարք տրանսֆորմացիաների պարագայում։

Ամենաընթերցվածը