Սերժ Սարգսյանը ավարտեց «բլից-կրիգը»

    • Մեկնաբանություն - 28 Նոյեմբերի 2016, 15:03
«Թշնամի մի՛ փնտրեք ներսում, մի՛ թշնամացրեք ու մի՛ թշնամացեք ։ Անհանդուրժողականության կամ կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չե՛ք հասնի», ՀՀԿ նախագահի պաշտոնում վերահաստատվելուց հետո հայտարարել է Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին ուղղված իր յոթ խորհուրդների շրջանակում։

Ու քանի որ նրա «հետընտրական» ելույթը հենց խորհուրդներ էր ՀՀԿ-ականներին, ապա կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չհասնելու մասին նրա միտքը ստանում է ուշագրավ իմաստ կամ տողատակ։ Կուլակաթափության կոչեր ՀՀԿ-ու՞մ են հնչում, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին տված խորհուրդներում է խոսում այդ մասին։

Առաջին հայացքից իհարկե թվում է, թե Սարգսյանը այդ խորհուրդների շրջանակի անվան տակ փորձում է ընդհանուր առմամբ անդրադառնալ «կուլակաթափության» մասին հանրային կոչերին, որոնք քիչ չեն։ Իհարկե, այդ կոչերի ճնշող մեծամասնությունը ենթադրում է ոչ թե կուլակաթափություն բառի բուն իմաստով, այլ ընդամենը հանրության եւ պետության դեմ գործած հանցագործությունների բացահայտում եւ դրանց համար պատասխանատվության սահմանում, որում ամենեւին պարտադիր չէ քրեական բաղադրիչը՝ եթե օրինակ տվյալ անձը պետությանն ու հանրությանը վերադարձնի այն, ինչը յուրացրել է՝ օգտագործելով պաշտոնական դիրքը։

ՀՀԿ-ի մասով, թվում է, որ չի կարող լինել «կուլակաթափության» կոչ, քանի որ դա կնշանակի կոչ անել կտրել այն ճյուղը, որի վրա նստած է ՀՀԿ-ն։

Այդուհանդերձ, ՀՀԿ-ում այդպիսի տրամադրության առկայությունը ներկայում ամենեւին էլ զարմանալի չէ։ Բանն այն է, որ ՀՀԿ-ի դեպքում նստաճ ճյուղ արտահայտությունն այդքան էլ միարժեք չէ։ ՀՀԿ-ն նստած է ոչ թե ճյուղի, այլ ավելի շուտ ծառի վրա՝ տարբեր ճյուղերի։ ՀՀԿ-ն ինքը բազմաճյուղ եւ բազմապրոֆիլ մի երեւույթ է, տարբեր թեւերով, որոնք ունեն տնտեսական տարբեր շահեր եւ հետաքրքրություններ։ Երբ երկրում տնտեսական ռեսուրսները լիուլի են, երբ արտաքին ֆինանսա-տնտեսական հոսքերը շատ են եւ հնարավորություն կա օրինակ միայն տրանսֆերտներով, կամ Ռուսաստանից տարբեր կարգի փողերով Հայաստանում ապահովել երկնիշ տնտեսական աճ, այդ դեպքում իհարկե ՀՀԿ ներսում ամեն ինչ լավ է, կամ ավելի շուտ՝ հանգիստ։

Որովհետեւ ՀՀԿ համակարգային բնույթի թերեւս ամենադիպուկ նկարագրությունը դեռեւս 2006 թվականին տվել է հենց կուսակցության Խորհրդի նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը, երբ իշխանության ներսում թեժ պայքար էր Աջափնյակի թաղապետի այն ժամանակ դեռեւս ընտրովի պաշտոնի համար։ Դրա համար պայքարում էին մի կողմից Գալուստ Սահակյանն ու Աշոտ Աղաբաբյանը, ի դեմս Սահակյանի որդի Արման Սահակյանի, մյուս կողմից գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ ի դեմս իր եղբոր։

Այն ժամանակ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը նույնիսկ հավանություն տվեց Արման Սահակյանին Երեւանի փոխքաղաքապետի նշանակովի պաշտոնը թողնելուն, որ հավակնի թաղապետի ընտրովի պաշտոնին։

Բայց Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «կուսակցությունը ոհմակ չէ», այդպիսով փաստացի ակնարկելով, որ ՀՀԿ ներսում տիրում է «ոհմակային» հոգեբանություն, ասել կուզի՝ «գայլային» մտածողություն, ամեն ինչ վերցնելու մտածողություն։

Հետեւաբար զարմանալի չէ, որ երբ նվազում է ռեսուրսը, այդ ամենը կարող է սրվել ու խորանալ, առաջ բերելով «կուլակաթափության» սրված մղումներ առաջին հերթին հենց ՀՀԿ-ում։

Ընդ որում, նաեւ լիովին հասկանալի քաղաքական հաշվարկով։ Բանն այն է, որ կուսակցության մեջ առավել ազդեցիկ թեւերի համար դա կլինի նաեւ հանրային վարկանիշի հարց լուծելու տարբերակ, երբ նվազ ազդեցիկ թեւերի «կուլակաթափության» միջոցով կարող են ներկայանալ ռեֆորմատորական դիրքերից եւ ցույց տալ, թե գնում են փոփոխության։

Այդպիսով, Սերժ Սարգսյանի խոսքն իսկապես առաջին հերթին ուղղված է հենց ՀՀԿ-ականներին ու «կուլակաթափության» ներքին պահանջներին, որ սրված են ռեսուրսների սղմանը եւ արտաքին քաղաքական մարտահրավերների ուժգնացմանը զուգահեռ։ Ընդ որում, սրված են այնքան, որ Սերժ Սարգսյանը հարկ է համարում հրապարակավ անել զսպվածության կոչ, միաժամանակ նաեւ հանգստացնելով կուսակցության մեջ այն թեւերին, որոնք ներկայում գտնվում են նահանջի վիճակում եւ ունեն «կուլակաթափ» լինելու մտավախություն։ Սերժ Սարգսյանը փորձում է այդ թեւերին հավաստիացնել, որ նրանք ունեն կորցնելու բան։ Հակառակ պարագայում, եթե նրանք որոշեն, որ այլեւս կորցնելու բան չունեն, վիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Հուլիսից-հոկտեմբեր իր ներիշխանական «բլից-կրիգից» հետո, որի ընթացքում վերջնականապես զրոյացրեց 2014 թվականի ոչիշխանական հեղաշրջման արդյունքը, Սերժ Սարգսյանը նոյեմբերի վերջին փորձում է հանդարտեցնել ներկուսակցական կրքերը՝ հաջորդ «բլից-կրիգը» առավել հանգիստ պայմաններում նախապատրաստելու համար։

Ամենաընթերցվածը