Ինչ է մտածել Պուտինը. Վիգեն Սարգսյանը գնում է ստորագրելու

    • Մեկնաբանություն - 28 Նոյեմբերի 2016, 12:44
Նոյեմբերի 27-ից 30-ը Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ստորագրելու է հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը, որը ենթադրում է արդեն իսկ գոյություն ունեցող զորախմբի կազմի ընդլայնում եւ որոշակի փոփոխություն կառավարման համակարգում։

Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ այդ նոր համաձայնագրի վերաբերյալ հանրային մտահոգություններին ի պատասխան տալիս է ավանդական բացատրություններ, թե համաձայնագիրը որեւէ կերպ չի սահմանափակում Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգության ապահովման հարցերում որոշումներ կայացնելու ինքնուրույնությունը։

Միաժամանակ, համաձայնագրի բովանդակության վերաբերյալ եղած տեղեկությունները, եւ ընդհանրապես համաձայնագրի նախաձեռնությունն ինքնին առաջացնում են մի շարք հարցեր, որոնք սակայն չեն արժանանում հանգամանալից եւ համոզիչ բացատրության, ինչն էլ ոչ թե փարատում, այլ խորացնում է հանրային մտահոգությունները, հատկապես ապրիլի պատերազմի եւ դրա թե սանձազերծման գործում ՌԴ դերի, թե պատերազմի ընթացքում ՌԴ պահվածքի ֆոնին։ Այդ պահվածքը ոչ միայն աղերս չուներ «դաշնակցային» հարաբերության հետ, այլ մեղմ ասած հարց էր առաջացնում՝ ՌԴ-ն Հայաստանի՞, թե Ադրբեջանի ռազմա-քաղաքական դաշնակիցն է։

Այն, որ պատերազմի ընթացքում միացյալ զորախմբի հրամանատարության հարցում ներգրավվում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը, մասնավորապես ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը, հասկանալի է՝ ռուսական զորքը չի կարող որեւէ ռազմական գործողության մեջ ներգրավվել միայն Հայաստանի ղեկավարության որոշումներով։ Բայց, առայժմ անհասկանալի է, թե ի՞նչ է անում Հայաստանը, երբ առաջանում է շահերի բախում ՌԴ եւ Հայաստանի հրամանատարությունների միջեւ, եւ Ռուսաստանին շահեկան չի լինում այն, ինչը անհրաժեշտ է Հայաստանին։

Դատելով հայ-ռուսական հարաբերության վերջին տարիների “պատմությունից”, Կովկասում, թե Արցախի խնդրում, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում, թե Թուրքիայի հետ զարգացումներում Ռուսաստանի քաղաքականությունից, հայտարարություններից, Հայաստանին ներկայացվող տարատեսակ “պլաններից”, անվտանգության հարցում Ռուսաստանի եւ Հայաստանի շահերի, անհրաժեշտությունների եւ ըստ այդմ ռազմական խնդիրների մեղմ ասած հաճախակի եւ էական տարբերությունը կարող է լինել ոչ միայն խիստ հավանական, այլ գործնականում անխուսափելի։

Ի՞նչ է տեղի ունենում այդ դեպքում։ Ռուսաստանը հրաժարվու՞մ է կատարել Հայաստանի անվտանգության հարցում իր ստանձնած գործառույթները։ Խնդիր կարող է լինել միայն այս կամ այն պատրվակով հրաժարու՞մը, թե՞ իրավիճակը ավելի բարդ է ու ծանր, եւ հայ-ռուսական նոր համաձայնագրով Ռուսաստանը ստանալու է Հայաստանին թելադրելու, Հայաստանի ինքնիշխան գործողություններին խոչընդոտելու հնարավորություն։

Վերջին հաշվով, իրավիճակն իհարկե խորքային առումով ավելի հստակ է. եթե Մոսկվան այժմ կարող է Երեւանին պարտադրել որեւէ այդօրինակ բնույթի համաձայնագիր, եւ Երեւանը կարող է տեղի տալ դրան, ապա խոշոր հաշվով անգամ այդ համաձայնագրի բացակայության դեպքում Մոսկվան կարող է ազդել Հայաստանի որոշումների վրա։ Ըստ այդմ, զուտ այդ մասով հարցը՝ այդ ազդեցությունը լինում է իրավական փաստաթղթով, թե առանց դրա, ինչ որ իմաստով դառնում է տեխնիկական։

Մյուս կողմից, առկա է մեկ այլ հարց, որը եւս շատ կարեւոր է։ Մոսկվայի ինչի՞ն է պետք հայ-ռուսական այդ նոր համաձայնագիրը։ Այն, որ դա Մոսկվայի նախաձեռնությունն է, վկայեց Սպուտնիկ ռուսական գործակալությանը Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա նշում է, թե հայկական կողմը մանրամասն կքննարկի ՌԴ նախագահ Պուտինի առաջարկները։ Հետեւաբար ստացվում է, որ զորախմբի մասին համաձայնագրի նախաձեռնությունը գալիս է Ռուսաստանից։

Ուրեմն, ինչու՞ է ՌԴ-ին պետք այդ համաձայնագիրը։ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Իզվեստիա թերթին տված հարցազրույցում ասում է, թե «դրա հիմնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական ուղղակի հարձակման (ագրեսիա) կանխումն է»։

Դա ավելի է հետաքրքիր դարձնում հարցը, թե ինչու՞ է Ռուսաստանը հանդես գալիս այդ նախաձեռնությամբ։ Հազիվ թե լուրջ է պատկերացնել, թե այդպիսով Ռուսաստանը ցանկանում է կանխել իր տարածքի դեմ որեւէ հարձակում եւ ուզում է ունենալ Հայաստանի զինուժի աջակցությունը։

Այլ հարց է Հայաստանի վրա հարձակումը։ Ռուսաստանը փորձում է միացյալ զորախմբի մասին նոր նախաձեռնությամբ կանխել Հայաստանի՞ վրա որեւէ հարձակում։ Դա էլ առաջացնում է մի շարք նոր հարցեր։ Օրինակ, Ռուսաստանը մինչ այդ չունե՞ր Հայաստանի վրա հարձակման կանխման կամ հետմղման գործում մասնակցության հնարավորություն։ Ի՞նչ է փոխվում նոր համաձայնագրով։ Հայաստանին օգնելու առումով ՌԴ-ն ստանում է ավելի օպերատի՞վ հնարավորություն, թե՞ ավելի լայն, այդ թվում նաեւ Հայաստանի իշխանությանը շրջանցելով գործելու հնարավորություն։

Եթե համաձայնագրի կարիքը ավելի շատ պետք է Հայաստանի անվտանգության խնդիրների տեսանկյունից, իսկ դա կարծես թե աներկբա է, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ դրա նախաձեռնությամբ հանդես է գալիս ոչ թե Երեւանը, այլ Մոսկվան, ոչ թե Մոսկվան է հայտարարում Հայաստանի առաջարկը քննարկելու մասին, այլ հակառակը՝ Երեւանը Մոսկվայի։

Թե՞ ՌԴ համար անգամ այդ հանգամանքը խիստ էական է՝ նույնիսկ Հայաստանի որեւէ առաջարկի ընդառաջելու դեպքում ցույց տալ, որ ոչ թե ինքն է Երեւանի ցանկությանն ընդառաջում, այլ Հայաստանն է ընդունում ՌԴ ցանկությունները։

Ընդհանուր առմամբ, ապրիլից հետո ստեղծված նոր իրավիճակում Ռուսաստանը հայտնվեց բավական բարդ կացության առաջ։ Ապրիլի պատերազմը քանդեց հայ հասարակության մոտ եղած Ռուսաստանի “միակ փրկիչ” լինելու վերաբերյալ միֆերը։ Բանը հասել է այնտեղ, որ Սպուտնիկին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանի հանրությունը իհարկե սպասում էր, որ վտանգի դեպքում Մոսկվան կլինի իր կողքին, սակայն «ինչպես ասում են երազելը վնաս չէ»։

Իհարկե, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի՞ վրա հույս դնելով է Երեւանը գնում ՌԴ հետ նոր համաձայնագրին, եթե վտանգի պահին Հայաստանի կողքին լինելու ակնկալիքը երազել է։

Մյուս կողմից, Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի հանրության մոտ իր հանդեպ միֆերի փլուզումն էր, այլ Հարավային Կովկասում ռուսական անվտանգության համակարգի փլուզումը։

Այդ իմաստով, հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ նոր նախաձեռնությամբ Ռուսաստանը թերեւս փորձում է քայլ կատարել այդ փլուզված համակարգը վերականգնելու ուղղությամբ։

Կարո՞ղ է արդյոք դա բարձրացնել Հայաստանի անվտանգությունը, պաշտպանվածության զգացումը։ Տեսականում՝ այո, իսկ գործնականում կան ապրիլյան եւ նախաապրիլյան իրողությունները, որոնք առաջացնում են հարցեր եւ մտավախություններ։ Ապրիլից հետո Ռուսաստանը ստիպված է մարտավարական առումով կատարել Հայաստանի անվտանգության հարցում դաշնակցային ինչ-ինչ քայլեր, սակայն ակնհայտ է, որ ռազմավարական իմաստով Մոսկվայի քաղաքականությունը շարունակում է առավել համահունչ մնալ Թուրքիայի ու Ադրբեջանի շահին, Հայաստանի համար պարունակելով լրջագույն ռիսկեր։

Այդ պարագայում շատ կարեւոր է, թե հայ-ռուսական համաձայնագիրն ինչ ընկալում է ունենալու եվրատլանտյան ուժային կենտրոններում, հատկապես Կովկասում անվտանգության համակարգի վերափոխման նրանց պատկերացումների համատեքստում, որտեղ հայկական զինուժը դիտվում է եվրատլանտյան անվտանգության կարեւոր գործընկեր եւ օղակ։

Այն դիտվելու է տարածաշրջանային անվտանգության համակարգի փաստացի բացակայության պայմաններում Հայաստանի զինված ուժերի կենսունակության կարճաժամկետ, միջանկյալ հնարավորությու՞ն, մինչ անվտանգության համակարգի արդեն ռազմավարական վերանայման գործընթացների որոշակիացո՞ւմ, որում էական նշանակություն կունենա այդ խնդրի հանդեպ ԱՄՆ հանրապետական վարչակազմի մոտեցումը, թե՞ դիտվելու է իբրեւ Հայաստանի զինված ուժերի ինքնուրույնության երկարաժամկետ սահմանափակման տանող քայլ։

Ամենաընթերցվածը