Սերժ Սարգսյանը խոստովանեց տապալումը

    • Մեկնաբանություն - 28 Նոյեմբերի 2016, 12:08
ՀՀԿ 16-րդ համագումարում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ արտաքին պարտքի մասին: Նա ասել է, թե այդ փողն աննպատակ չի ծախսվել:

Ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելը գին ուներ, մենք մեծացրինք արտաքին պարտքը, ասել է նա, նշելով, թե Հայաստանը կարողացավ հաղթահարել արտաքին անբարենպաստ տնտեսական զարգացումների բացասական հետեւանքը։ Դրա շնորհիվ 2010 թվականին աղքատության 35 տոկոս ցուցանիշը 2016-ին հասցվեց 29 տոկոսի։

Ըստ նրա, արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը` տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին, եւ երկրորդ` այդ պարտքը ներդրվեց այնպիսի հեռահար ծրագրերում, ինչպիսին Հյուսիս-հարավ ավտոճանապարհն է ու երկրի անվտանգությունը:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը փաստացի ասում է, որ արտաքին պարտքը ծառայեցվել է բնակչության սոցիալական վիճակը մեղմելու եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Նա թվարկել է նաեւ որոշ տվյալներ, որոնք վկայում են, որ իր իշխանության օրոք տեղի է ունեցել մի շարք ցուցանիշների բարելավում, օրինակ՝ աղքատության կրճատումը, արտահանման աճը, ջրամատակարարման տեւողության մեծացումը եւ այլն:

Առաջին հայացքից ամեն ինչ կարծես թե «թղթերով կարգին» է, ինչպես մի ժամանակ ասել էր Սարգսյանը պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ տրված հարցին: Սակայն այդ տվյալները կառուցվածքային վերլուծության կարիք ունեն, որի շնորգիվ միայն կարող է պարզվել իրական վիճակը:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չի նշել օրինակ մեկ այլ շատ կարեւոր ցուցանիշ՝ արտագաղթը եւ բնակչության թվի նվազումը: Սա կարեւոր է հասկանալու համար, թե ինչի հաշվին են աճել այդ տվյալները: Օրինակ, եթե ջրամատակարարման տեւողությունն աճել է, դա տեղի է ունեցել իրավիճակի բարելավմա՞ն, թե ջուր սպառողների քանակի նվազման արդյունքում: Կամ, եթե արտահանման տոկոսն աճել է ներմուծման համեմատ, դա տեղի է ունեցել տնտեսության զարգացմա՞ն, թե սպառողների թվի նվազման արդյունքում: Կամ էլ, ինչի՞ հաշվին է նվազել աղքատությունը՝ տնտեսության իրավիճակի բարելավմա՞ն, թե աղքատների կամ պոտենցիալ աղքատների արտագաղթի հաշվին:

Արտաքին պարտքի միջոցով ներքին հնարավորությունների ստեղծման վերաբերյալ նա բերում է բավական անհաջող օրինակ՝ Հյուսիս-հարավ մայրուղին, որն ավելի շատ կոռուպցիայի, ներքին հնարավորությունները մսխելու նախագիծ է: Ներկայում խոսվում է նույնիսկ այն դադարեցնելու, կամ ոչ նախատեսված ձեւով կառուցելու մասին: Այդ մայրուղու համար նախատեսված փողի գրեթե կեսը ստացվել է, սակայն կառուցվել է մոտ 10 տոկոսը: Ընդ որում՝ բավական անորակ:

Մեկ այլ հանգամանք: Հայտնի է, որ միջազգային ֆինանսական կառույցները, այսպես ասած դեմ գնալով իրենց սկզբունքներին, Հայաստանին տրված վարկերը թույլ էին տալիս օգտագործել աշխատավարձ ու թոշակ վճարելու համար: Այս մասին այդ կառույցների պատասխանատուները նույնիսկ թափանցիկ ակնարկներ էին անում: Այս առումով, Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում: Բայց ինչի՞ մասին է վկայում այս հանգամանքը, իշխանության «շնորհքի՞», թե ապաշնորհության, երբ սեփական երկրի քաղաքացիների աշխատավարձը չի կարողանում ապահովել:

Անվտանգության մասով Սերժ Սարգսյանի հայտարարությունը նույնպես խնդրահարույց է, քանի որ օրինակ ինքն էր ապրիլյան պատերազմին հայտարարում, որ չունենք արդիական զենքեր: Այդ պատերազմը լիովին բացահայտեց, թե հագեցածության առումով որքան խոցելի վիճակում է գտնվում բանակը, ինչպես են մսխվել բանակին ուղղված միջոցները: Հետաքրքիր է՝ դրանք բյուջետայի՞ն, թե վարկային միջոցներ են եղել:

Հայաստանի իշխանության համար արտաքին ֆինանսական ներարկումները եղել են իսկապես երկրի ֆինանսական քիչ թե շատ կայուն վիճակը պահպանելու, սոցիալական վիճակը մեղմելու միջոց: Դա հնարավորություն է տվել նախեւառաջ պահպանել իշխանական համակարգի քվոտաների, «օբշակի» ու արտոնությունների անօրինական համակարգի կայունությունը: Դա եղել է յուրատեսակ անվտանգության բարձիկ իշխանության համար: Այսինքն, Սերժ Սարգսյանի հայտարարությունները ճշմարիտ են հենց իշխանական համակարգի եւ ոչ թե հանրային-պետական խնդիրների տեսանկյունից:

Ներկայում կարծես թե վերջնագիր է ներկայացվել Հայաստանին, մասնավորապես կոռուպցիայի եւ նոր միջոցների տրամադրման մասով: Թերեւս այդ պատճառով է Սարգսյանը հայտարարում, որ «այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»։ Թե ինչին է ապավինելու իշխող համակարգը՝ կարելի է դատել «1000 դրամի», Հարկային օրենսգրքի եւ այլ նախագծերի բովանդակությունից:

Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է պետական քաղաքականության տապալման, իշխանության անպատասխանատվության եւ այդ պատասխանատվությունը հերթական անգամ հանրության վրա բարդելու մասին: