ՀՀԿ համագումարի հաշիվը

    • Մեկնաբանություն - 27 Նոյեմբերի 2016, 10:30

ՀՀԿ փաստացի նախընտրական համագումարը պետք է նախանշեր այն պատկերը կամ դիմանկարը, իսկ գուցե ավելի շուտ դիմակը, որով ՀՀԿ-ն պետք է մասնակցի խորհրդարանի 2017 թվականի ընտրությանը։ Կուսակցության նախագահի ելույթն այդ իմաստով տվեց որոշակի ազդակներ, թեեւ դրանք ամենեւին նորություն չէին։ Առաջին անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է ՀՀԿ-ի նոր եւ թարմ կերպի մասին։

Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ հռչակագրային այդ ավանդական ձեւակերպումների ներքո կա ոչ ավանդական կամ ոչ սովորական ներիշխանական իրականությունը, որի արդեն աննախադեպ մի ձեւակերպում հնչել է դեռեւս հոկտեմբերի 8-ին ՀՀԿ խորհրդի առաջ Սերժ Սարգսյանի ելույթում, երբ նա ներկայացնում էր Կարեն Կարապետյանին։

Սարգսյանն այդ ժամանակ ազդարարեց, որ դրված է ՀՀԿ «նոր ոգու» խնդիր։ Այդ խնդիրը լոկ նախընտրական չէ, առավել եւս, որ դրանով չես խաբի որեւէ հայաստանցու։ Այդ խնդիրն ավելի շատ հետընտրական է, որով Սերժ Սարգսյանը փորձելու է ձեւավորել լիովին նոր իշխանական իրականություն։ Այդ իրականությունը անորոշ է, այդ թվում Սերժ Սարգսյանի համար։ Նա իր ծրագրերը, մտադրությունները պահում է ՀՀԿ-ից փակ։ Սակայն դժվար չէ նկատել հնարավոր երկու առանցքային ուղղությունները։

Մեկն այն է, երբ Սերժ Սարգսյանն օգնում է Կարեն Կարապետյանի ներքո ձեւավորել նոր իշխանություն, նոր ՀՀԿ` նոր բեւեռներով, որպես այդ իշխանության հենարան, եւ այդպիսով ստեղծել 2022 թվականին այդ նոր իշխանությամբ առավել հարմարավետ եւ սահուն վերարտադրության հնարավորություն։ Այդ ծրագրում Սերժ Սարգսյանի տեղը ՀՀԿ նախագահի պաշտոնն է, որը դե յուրե չի ենթադրի իշխանություն, բայց դե ֆակտո կլինի իշխանության համակարգողի կարգավիճակ։ Դա Սերժ Սարգսյանի համար կապահովի հետիշխանական հանգիստ վիճակ։

Մյուս տարբերակն այն է, երբ Սերժ Սարգսյանն ինքն է գնում վարչապետի պաշտոնին` 2018-ից հետո։ Այստեղ հնարավոր է անմիջապես տարբերակը, եւ հնարավոր է 2022-ի տարբերակը։

Այդ առումով էական է, թե ինչ է ուզում հոգու խորքում Սերժ Սարգսյանը։ Եթե նա իսկապես հոգնել է եւ ցանկանում է իշխանությունը ղեկավարել վերեւից, բայց դե յուրե նվազ պատասխանատվությամբ, Ռուսաստանի, ԱՄՆ նախագահների, Եվրոպացի պաշտոնյաների հետ դժվար խոսակցություններից հեռու, ապա դա ենթադրում է զարգացման մի իրավիճակ, իսկ եթե նա չի ցանկանում թողնել իշխանությունը ոչ մի սանտիմետր կամ միլիմետր, ապա դա էլ ենթադրում է մեկ այլ իրավիճակ։

Այսինքն, Սերժ Սարգսյանն իր վարչապետության տարբերակը դիտարկում է ի սրտե ցանկությա՞մբ, թե՞ որպես ստիպված քայլ, եթե չստացվի Կարեն Կարապետյանի ներքո ձեւավորել իր համար վստահելի եւ կառավարելի նոր հիերարխիա, եւ առաջ գա քրեա-օլիգարխիկ համակարգի ձեւավորած հիերարխիայի հեռանկար, որտեղ Սերժ Սարգսյանի համար կասկածի տակ կհայտնվի նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնը, էլ չասած առաջանալիք նորանոր ռիսկերի մասին։

Բայց, բոլոր դեպքերում, ՀՀԿ նոր մեծամասնության եւ այդ մեծամասնությունը կազմող նոր թեւերի ձեւավորման խնդիրը նրա համար ռազմավարական է։

Համագումարում նրա ելույթը, նաեւ ՀՀԿ ԳՄ կազմն իր փոփոխություններով վկայեց, որ խորհրդարանի ընտրության շեմին Սերժ Սարգսյանը չի գնալու էական որեւէ փոփոխության, դա համարելով մեծ ռիսկ։ ՀՀԿ ԳՄ կազմում իրենց տեղը պահում են թե Հովիկ Աբրահամյանը, թե Գագիկ Բեգլարյանը, թե այլ «հին ոգի» կրող ՀՀԿ-ականներ։ Սարգսյանը լավ է հասկանում, որ ՀՀԿ համար ընտրական արդյունքն ապահովելու են այդ մարդիկ` իրենց տակ եղած թաղային, քրեական, ֆինանսական ռեսուրսով, ինչպես միշտ։ Հակառակ դեպքում չի ստացվի «անբիծ» ընտրություն անցկացնելը։ Բացառված չէ, որ նրանց ՀՀԿ ԳՄ կազմում թողնելու, եւ ընդհանրապես անձեռնամխելիության երաշխիք տալու պայմանն էլ լինելու է հենց այդ աշխատանքը։

Իհարկե, այստեղ անկասկած կա որոշակի խուլ դիմակայություն` Սերժ Սարգսյանն ակնկալում է այդ սեգմենտն օգտագործել իր ապագա խնդիրները լուծելու համար, այդ սեգմենտն էլ թերեւս ակնկալում է, որ ինքը կգտնվի Սերժ Սարգսյանից ավելի հնարամիտ։

Առայժմ Սարգսյանը պարզապես փոքր ինչ հավասարակշռել է իրավիճակը նոր անդամներով կամ այսպես ասած ընտրությունից առաջ հաստատել պայմանական, չակերտավոր հին ու նոր ՀՀԿ-ների ոչ-ոքի։

Միաժամանակ, նա փաստացի ակնարկել է «պոլիտբյուրոյի» շրջանակը մեծացնելու եւ դրանում սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչներին ներգրավելու մասին, որի ձեւավորումից հետո նա կարող է ստանալ ՀՀԿ-ում ուժերի հարաբերակցությունը փոխելու եւ իր համար նոր ստատուս-քվո ձեւավորելու ավելի բարենպաստ միջավայր, պայմանական երկու ՀՀԿ-ների «պատասխան հանդիպումից» առաջ։

Ամենաընթերցվածը