Սերժ Սարգսյանը տվեց հրամանը

    • Մեկնաբանություն - 26 Նոյեմբերի 2016, 16:26
Մեր զինմվորը խիզախ մարտիկ է, բայց նա բազմապատիկ խիզախ է, եթե իր թիկունքում միասնություն է զգում, ՀՀԿ համագումարում հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Նա իրավացի է, թեեւ պարզ չէ, թե ում է դա ասում։ Եթե նա այդ բանն ասում է իր հարազատ ՀՀԿ-ին, ապա հասցեատերն ընտրված է ճիշտ, որովհետեւ հասարակությունը Սերժ Սարգսյանի այդ խոսքի կարիքը չունի։ Տվյալ դեպքում ոչ միայն այն պատճառով, որ դա Սերժ Սարգսյանի խոսքն է, որն իր հանրային նշանակությունը կորցրել է վաղուց` ավելի վաղ հնչած, բայց այդպես էլ գործի չվերածված բազմաթիվ հիանալի ելույթներից հետո։

Տվյալ դեպքում, հասարակությունը չունի այդօրինակ նկարագրության կարիք, որովհետեւ ապրիլի պատերազմին հենց հանրությունն է տեսել զինվորի ուժը միասնականության պարագայում, եւ հանրությունն է ապահովել այդ միասնականությունը զինվորի համար, մինչ հայտնի կդառնար, թե զինվորի համար ինչ է ապահովում, կամ ավելի շուտ` ինչ չի ապահովել իշխանությունը։

Բայց, եթե Սերժ Սարգսյանի խոսքի հասցեատերը հարազատ ՀՀԿ-ն է, այդ դեպքում էլ պետք չէ խոսել միասնականության մասին, որովհետեւ այն, ինչ պետք է անի զինվորի համար ՀՀԿ-ն` որպես իշխող կուսակցություն կամ այսպես ասած իշխող «էլիտայի» կոնդոմինիում, միասնականության հետ չունի որեւէ կապ։ Եթե Սերժ Սարգսյանը խոսքն ուղղում է ՀՀԿ-ին, իսկ դրանից բացի որեւէ այլ տեղ չկա նրա խոսքն ուղղելու կարիք, ապա այդ խոսքը պետք է հնչի բոլորովին այլ կերպ։ Օրինակ, մեր զինվորը խիզախ է, բայց նրա խիզախությունն ու մարտունակությունը բազմապատիկ ավելի է, երբ նա իր թիկունքում տեսնում է օրինականություն եւ արդարություն։

Միասնականությունը հանրության խնդիրն է, որն օրինակ ապրիլի պատերազմին հասարակությունը լուծեց լիուլի, գերարագ ռեժիմով եւ անմնացորդ նվիրումով։ Իշխանությունից պահանջվում է օրինականություն եւ արդարություն, որի շնորհիվ զինվորը առաջնագծում պետք է ապահովված լինի անհրաժեշտ նյութա-տեխնիկական հագեցածությամբ, իսկ թիկունքում էլ զինվորի ընտանիքը պետք է ապահովված լինի արժանապատիվ կյանքով։ Ընդ որում, այդ կյանքով պետք է ապահովված լինի ոչ թե զինվորի մահից կամ հաշմանդամությունից հետո, այլ նրա կյանքի ընթացքում։

Հայաստանի անվտանգության համար կյանքը վտանգող զինվորն ու սպան վաստակել են իրենց կենդանության օրոք իրենց ընտանիքների հետ արժանապատիվ ապրելու եւ ծառայությունից դուրս կյանքի բերկրանք զգալու իրավունքը։ Իսկ Հայաստանի իշխանության համար դա պարտականություն է, որը պետք է ապահովել եւ որի ապահովման համար պարզապես պետք է պետության մեջ օրենքի գերակայություն, իրավահավասարություն, արդարություն։

Հայաստանում հակառակն է եւ առաջնագծում կյանքի գնով պետություն պաշտպանող զինվորի խիզախության թիկունքում «էլիտայի» խայտառակությունն է։ Զինվորի ընտանիքը, սպայի ընտանիքը ապրում է մի կերպ, ծայրը ծայրին, վարկերով, իսկ այսպես կոչված էլիտան ապրում է դղյակներում, շրջում շքեղ մեքենաներով, հանգստանում շքեղ հանգստավայրերում, այդ «էլիտայի» կանայք, որդիները, հարազատներն ու բարեկամները, նաեւ թիկնապահական գործառույթ իրականացնող զինված խմբավորումները, ապրում են ոչ միայն առանց որեւէ նյութական սեղմության, այլ բավական ճոխ ծախսերով, հայտարարագրերով, եկամուտներով։

Մի որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կին, քույր, եղբայր կամ հորեղբայր կարող է այն ծավալի նվեր ստանալ ու մատուցել, ինչը մի քանի անգամ կարող է գերազանցել սահմանին կանգնած զինվորի եւ սպայի ընտանիքի տարիների եկամուտը։

Սերժ Սարգսյանը մի առիթով հայտարարել է, համենայն դեպս ըստ Հանրային խորհրդի անդամներից մեկի, թե ինքն էլ զզվում է դղյակներից։ Որեւէ կերպ պետք չէ խախտել Սերժ Սարգսյանի զզվանքի անկեղծության կանխավարկածը, բայց բանն այն է, որ Սահմանադրությամբ նա Հայաստանի քաղաքացիների առաջ ունի ոչ թե զզվելու, այլ օրինականության եւ արդարության միջավայր ձեւավորելու պարտականություն։

Հետեւաբար, պետք է դրվեն հենց այդ խնդիրները, ձեւակերպվեն դրանք եւ հայտարարվեն լուծումները կամ լուծման շուրջ իսկապես հանրային քննարկումները, որպեսզի խիզախ զինվորն ու սպան իրենց թիկունքում ունենան օրինական, իրավահավասար հանրային-պետական միջավայր, արժանապատիվ կյանքով ապրող ընտանիք, եւ նրանց համար առավել քան հստակ լինի, որ պաշտպանում են ոչ միայն ռազմա-հայրենասիրական ինչ որ տարածք, որ կոչվում է հայրենիք եւ հանդիսանում է հզոր կենացների առարկա, այլ պետություն, որն իրենից ներկայացնում է քաղաքակրթական արժեք եւ որը իր զավակի կանխատեսելի եւ հուսալի ապագան է։

Մինչդեռ, ՀՀԿ համագումարում ասված իր խոսքում Սերժ Սարգսյանը փաստացի չի ձեւակերպել այդօրինակ որեւէ կոնկրետ խնդիր, կասկածի տակ չի դրել խիզախ զինվորի եւ «ճարպակալած էլիտայի» հարաբերակցության փոփոխության հարցը, փոխարենը այդ «էլիտային» տվել է զենք` «միասնականություն», որպեսզի այն խաղարկեն ամեն պատահած առիթով, երբ հասարակությունը կհնչեցնի որեւէ անցանկալի, տհաճ հարց կամ կներկայացնի մեղադրանք։ Հատկապես նախընտրական շրջանում դա կարեւոր զենք է, փաստացի սնանկ իշխանության «ինքնապաշտպանության» համար։

Այդ միասնականությունը ոչ թե զինվորի, այլ իշխանության անվտանգության զենքն է։ Զինվորի անվտանգության զենքը մենաշնորհներից, օլիգոպոլիաներից, կոռուպցիայից եւ գանձագողությունից զերծ պետական համակարգն է, մարդկային ռեսուրսի ազատ դրսեւորման հնարավորություն տվող տնտեսական եւ քաղաքական միջավայրը։