«Ընդունման-հանձնման» ակտը. Ով է կանգնած վարչապետի հետեւում

    • Մեկնաբանություն - 26 Նոյեմբերի 2016, 11:27
Փորձագետներն ակտիվ քննարկում են իշխող Հանրապետական կուսակցությանը վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցության հարցը: Կարծիքները բեւեռացված են. մի մասը Կարապետյանի անդամակցության մասին այնպես է խոսում, կարծես հանցանք է գործել, մյուսներն էլ փորձում են գտնել նրան, ով Կարապետյանին «համոզել է» անդամակցել ՀՀԿ-ին:

Որպեսզի պարզվի, թե որտեղից են աճում Կարեն Կարապետյանի «արմատները», պետք է մեկ կարեւոր հարց պարզել՝ ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանն ընտրություններից հետո: Նա մտադի՞ր է մնալ բարձրագույն ղեկավարությունում, (կարեւոր չէ, թե ինչ կարգավիճակով), թե աստիճանաբար պատրաստվում է հեռանալուն: Այս հարցի պատասխանից է կախված հաջորդ հարցը՝ կառավարման լծակները Սերժ Սարգսյանի մո՞տ են, թե արդեն «հանձնել» է:

Նախկին այլախոհ եւ քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ մնալ քաղաքականությունում: Ըստ նրա, Սարգսյանը պարզապես բացահայտ չի հայտարարում այդ մասին, որ իր շուրջը քաոս եւ անորոշություն չստեղծի:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ նախագահից վարչապետին իշխանության պլանային փոխանցում է տեղի ունենում: Նա, սակայն, դրանով հանդերձ վստահ է, որ «ընդունման-հանձնման» ակտը տեղի է ունենում Մոսկվայի հսկողության տակ: Մոսկվան Հայաստանում ընտրություններից 7-8 ամիս առաջ փոխել է իշխանությունը՝ վարչապետ նշանակելով Գազպրոմի թոփ-մենեջերին, կարծում է Բադալյանը:

Հարցը, թե ում «կադրն է» Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի, թե Մոսկվայի, առայժմ պատասխան չունի Հայաստանում: Կա տեսակետ, որ Կարեն Կարապետյանն ինքնուրույն խաղացող չէ, նրան «ուղղորդում են» եւ պետք է պարզել, թե ով:

Եթե Սերժ Սարգսյանն իրոք հեռանում է, ապա հնարավոր է նա «ընտրել է» Կարեն Կարապետյանին առաջարկված մի քանի «թեկնածուներից»: Ո՞վ է առաջարկում թեկնածություններ եւ արդարացվա՞ծ են մի շարք փորձագետների պնդումները, որ Կարեն Կարապետյանի նշանակումը ավելի «կթեքի» Հայաստանը դեպի Ռուսաստան: Ամերիկանոն ռուսիանո անվանելու առաջարկն էլ «լրացնում է» այդ պնդումները:

Մի շարք փորձագետներ Կարեն Կարապետյանի անդամակցությունը ՀՀԿ-ին գնահատել են որպես նրան «վարկաբեկելու» եւ իրեն ենթարկելու Սերժ Սարգսյանի կամ էլ «պոլիտբյուրոյի» փորձ: Մյուսներն էլ համարել են, որ այդպիսով ինչ-որ մեկը ՀՀԿ-ն է հանձնել Կարեն Կարապետյանի լիակատար ենթակայությանը: ՀՀԿ-ն էլ, որը «եւ-եւ» քաղաքականության օգտին է հանդես եկել, շուտով արմատական ռուսամետ կդառնա:

Թե փորձագետներից ով է ճիշտ, կարելի է դատել կոնկրետ քայլերից, որոնք, եթե ուշադրություն չդարձնենք փիառին, առայժմ խոսում են այն մասին, որ Կարեն Կարապետյանն ամենեւին էլ չի արդարացնում հանրության սպասումները: Նա կարդարացնի՞ այն մարդկանց սպասումները, որոնք նպաստել են նրա նշանակմանը եւ աստիճանաբար նրան են փոխանցում ամբողջ իշխանությունը:

Ամենաընթերցվածը