Նոր իրավիճակ Ռուսաստանի ու Թուրքիայի համար

    • Մեկնաբանություն - 25 Նոյեմբերի 2016, 23:19
Սիրիայի իրադարձությունների ծավալման ամենասկզբից ԱՄՆ-ն, ինչպես եւ ՆԱՏՕ-ի գործընկերները գործողությունների եւ քաղաքականության որեւէ մշակված ծրագիր չեն ունեցել: Ճգնաժամի առաջին փուլում ԱՄՆ-ում ենթադրել են, որ Սիրիայում կկրկնվի Լիբիայի պատմությունը, եւ Արեւմտյան հանրության աջակցությամբ եւ արաբական պետությունների հավանությամբ Սիրիայում իշխող վարչակարգը կհեռացվի:

Դա տեղի չունեցավ, եւ ԱՄՆ-ն ավելացրեց ընդդիմությանն աջակցությունը՝ դրանով հանդերձ բախվելով նրան, որ ընդդիմադիր զինված ուժերը կամ Ալ-Կաիդային են պատկանում, կամ էլ գաղափարապես եւ քաղաքական նպատակներով մոտ են նրան:

Ներկայում ԱՄՆ-ն որոշել է, որ կարելի է համաձայնվել գործող վարչակարգի պահպանմանը՝ քաղաքական-պետական կառուցվածքի բարեփոխման պայմանով: ԱՄՆ-ն շահագրգռված է հակամարտության շարունակմամբ, ինչը թույլ կտա առավելագույնս ոչնչացնել արմատական իսլամիստներին, ընդ որում՝ վարչակարգի ձեռքերով եւ մի շարք արաբական պետությունների՝ Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի եւ այլ պետությունների որոշակի համաձայնության պայմաններում:

Իրանի հետ հարաբերությունների կարգավորման մասով բարենպաստ սպասումները որոշ չափով իրենց դերն են խաղում Սիրիայում գործող վարչակարգի պահպանման մտքին ԱՄՆ-ի հաշտվելու գործում:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ում շարունակում են տիրաժավորել Սիրիայի տարածքային-պետական մասնատման, Սիրիան մի քանի պետությունների բաժանելու անխուսափելիության մասին գաղափարները, ինչը նախեւառաջ կապված է Մերձավոր Արեւելքում շիա պետությունները տարածապես անջատելու ձգտման հետ:

ԱՄՆ-ն եւ եվրոպացիները միաժամանակ շահագրգռված են Իրաքի նավթի հանքավայրերից խոշոր նավթամուղեր կառուցել դեպի Միջերկրականի նավահանգիստներ: Դրա համար անհրաժեշտ է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը:

Ամերիկացի վերլուծաբանները չեն կարծում, որ Ռուսաստանը լուրջ եւ երկարաժամկետ խաղացող է Մերձավոր Արեւելքում՝ համարելով, որ այն տարածաշրջանում հուսալի գործընկերներ ու շահեր չունի: Ռուսաստանն օգտվել է Սիրիայի իրադրությունից, սակայն սիրիական վարչակարգի նպատակը ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն է, այլ ԱՄՆ ու եվրոպական առաջատար պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը:

Իրաքում ռուսական նավթային բիզնեսի համար որոշակի հեռանկարներ, ինչպես նաեւ մի շարք արաբական երկրներում ռուսական սպառազինության արտահանման համար հնարավորություններ կան: Սակայն թե նավթային բիզնեսը, թե սպառազինությունների ոլորտն ընդհանուր առմամբ վերահսկվում են ԱՄՆ-ի եւ արեւմտյան ընկերությունների կողմից, եւ Ռուսաստանը հազիվ թե կարողանա տարածաշրջանում նշանակալի տնտեսական ներկայություն ծավալել:

Համարվում է, որ Սիրիայում իրավիճակի հանգուցալուծմամբ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության որոշ չափով վերականգնման ժամանակը կավարտվի, եւ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի դիրքերը շատ համեստ կլինեն: Միեւնույն ժամանակ, Մերձավոր Արեւելքում հակասություններ են առաջացել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչը համապատասխանում է տարածաշրջանային ուժային հավասարակշռության պահպանման ռազմավարությանը:

Այսպիսով Սիրիան դարձել է «դասական օրինակ», երբ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ դիմակայությունը տեղի է ունենում ոչ ավանդական մրցակցության տարածաշրջաններում, օրինակ Հարավային Կովկասում, այլ Մերձավոր Արեւելքում: