Կարեն Կարապետյանի 7 հազարանոց բանակը

    • Մեկնաբանություն - 25 Նոյեմբերի 2016, 21:56
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմումի մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀԿ անդամագրության դիմում է գրել ավելի քան 7 հազար քաղաքացի։ Շարմազանովը դա համարում է վարչապետի հեղինակության նշան։

Փաստորեն, Կարեն Կարապետյանն իր հայտարարությամբ հարվածել է Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին, քանի որ 7000 մարդ հեռուստամարաթոնի հանգանակության համար sms գրելով զբաղվելու փոխարեն, զբաղվել է ՀՀԿ-ին անդամակցության դիմում գրելով։

Թեեւ հնարավոր է, որ դիմումները գրված են եղել ավելի վաղ, պարզապես սպասում էին, թե երբ է Կարապետյանը հայտարարելու, որ դրանք ներկայացնեն ՀՀԿ։ Դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ է մտնում իր 7 հազարանոց բանակով։ Ինչ կազմ ունի 7 հազարը, դժվար է ասել։ Դժվար է ասել նաեւ, թե արդյոք ՀՀԿ-ում որեւէ մեկն ունի ավելի մեծ բանակ։ Դա հասկանալու համար, օրինակ, հնարավոր է անել պարզ բան. ՀՀԿ կարկառուն գործիչները կարող են հերթով դիմում գրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին։ Օրինակ, կգրի Սերժ Սարգսյանը եւ հետո կդիտարկվի, թե քանի՞ հազար մարդ նրա հետ միասին հեռացավ ՀՀԿ-ից։ Եվ այդպես շարունակ, ու պարզ կլինի, թե ով քանի հազար մարդ ունի ՀՀԿ-ում։ Ըստ այդմ պարզ կլինի նաեւ, թե ինչ կարող է անել այնտեղ Կարեն Կարապետյանն իր 7 հազարանոց բանակով։

Իհարկե, հաճախ ավելի կարեւոր է ոչ թե քանակը, այլ որակը։ Մյուս կողմից, որակը պետք է որ ենթադրեր այլ տրամաբանություն` Կարեն Կարապետյանի հետեւից ոչ թե ՀՀԿ գնալ, այլ գնալ Կարեն Կարապետյանից հնարավորինս հեռու։

Մյուս կողմից, բանակի առաջնային հատկանիշն իհարկե պետք է լինի հրամանների կատարման հստակ հիերարխիկ համակարգը։ Այդ առումով, 7000 դիմումը վկայում է, որ բանակը միահամուռ կարգապահությամբ հետեւել է հրամանատարին, այսինքն բանակ է բառի գործնական իմաստով։

Կասկած չկա, որ Կարապետյանի անդամակցությունից հետո իրենց բանակները մարտական թիվ մեկ պատրաստության են բերելու ՀՀԿ մյուս «հրամանատարները», որոնք հանդիսանում են ոչ թե փոփոխության խորհրդանիշ` ինչպես Սերժ Սարգսյանն էր բնորոշել Կարեն Կարապետյանին, այլ փոփոխության ենթակա։

Եթե Կարեն Կարապետյանը չի մտել ՀՀԿ իրեն ու բանակը ոչնչացնելու, ապա ՀՀԿ այդ ՙհրամանատարների՚ բանակների դեմ պայքարը լինելու է անխուսափելի։ Դա բխում է առկա տնտեսա-քաղաքական իշխանական իրավիճակից, որտեղ շատ սուր է թե ռեսուրսների, թե իշխանության համար պայքարը` շատ լարված սոցիալ-հոգեբանական ներքին միջավայրի եւ խիստ անբարենպաստ արտաքին իրավիճակի պայմաններում։

Առկա է ուշագրավ հակամետություն. Կարեն Կարապետյանի բանակի դեպքում քանակը հստակ է` 7000, իսկ ահա որակի առումով կան միայն ենթադրություններ, որոնք դեռ պետք է դառնան իրականություն։ ՀՀԿ մյուս, արդեն եղած եւ փոփոխության ենթակա «հրամանատարների» բանակների պարագայում քանակը հստակ չէ, փոխարենը հստակ է որակը։ Այդ բանակները հանդիսանում են ընդհուպ զինված խմբավորումներ, որոնց միջոցով թե տվյալ «հրամանատարները», թե ՀՀԿ-ն ամբողջապես կարողացել է արդեն մոտ 20 տարի վերցնել իշխանությունը, պահել այն, վերարտադրվել, կիրառել ընտրակեղծարարությյան բազմաթիվ տեխնոլոգիաներ։ Այդ բանակները զինված ջոկատներից բացի, ունեն տարբեր այլ ջոկատներ` վարչական բնույթի, հանրային տարբեր շերտերից կազմված, սկսած ուսուցիչներից, մինչեւ տարբեր տարիքի թոշակառուները։

Միեւնույն ժամանակ, այդ բանակները ունեն նաեւ «գերիներ», որի կարգավիճակում են հայտնված «հրամանատարների» ենթակայության տակ գտնվող բիզնեսներում աշխատող մարդիկ։

Այդպիսով, 7000 որոշակի քանակով, սակայն անորոշ որակով բանակը ընդդեմ անորոշ քանակով, բայց խիստ որոշակի եւ փորձարկված որակներով մի շարք բանակների կամ ՀՀԿ «միացյալ զորախմբի» դեմ, այդ զորախմբի մոտ «պատանդի» կարգավիճակով գտնվող քաղաքացիների մի մեծ շերտի առկայությամբ։

Ինչ խոսք, ՀՀԿ-ում կլինի նաեւ չկողմնորոշվածների բանակը, որի թվաքանակը եւս պարզ չէ։ Բայց, նրանց, ըստ ամենայնի, կողմնորոշողը իշխանությունն է, եւ նրանք հազիվ թե լինեն հաղթանակ ապահովող ռեսուրս, նրանք ավելի շուտ լինելու են որեւէ մեկի հաղթանակը սպառող։

Ամենաընթերցվածը