Սերժ Սարգսյանի վարչապետական «քննությունը» Եվրոպայում

    • Մեկնաբանություն - 25 Նոյեմբերի 2016, 17:57
Կարեն Կարապետյանի եւ մի շարք նախարարների Հանրապետական կուսակցությանն անդամակցելու շուրջ եռուզեռը հանրային ուշադրությունից դուրս թողեց մի ուշագրավ հանդիպում, որ օրերս տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի նստավայրում։ Նա հյուրընկալել էր Հայաստան այցելած ԵԽԽՎ Հայաստանի հարցի համազեկուցողներին։ Հանդիպումը հնարավոր կլիներ դասել արարողակարգային իրադարձությունների շարքին, եթե դրա մասին պաշտոնական հաղորդագրության մեջ չլիներ մի ուշագրավ հանգամանք։

«Համազեկուցողները գոհունակությամբ են փաստել, որ Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ առաջընթացը բավականին արագ և հետևողականորեն է իրականցվում, թեև, ըստ նրանց, դեռևս որոշ փոքր խնդիրներ կան լուծելու: «Պարո՛ն Նախագահ, այս ընթացքում Ձեր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու գործում, իսկապես, շատ զգալի է եղել: Մենք ցանկանում ենք Եվրոպայի խորհրդի անունից պաշտոնապես հրավիրել Ձեզ այցելել Եվրոպայի խորհուրդ և ԵԽԽՎ-ում խոսել Հայաստանի մասին», հանդիպման ժամանակ ասել են ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողները», գրված էր նախագահի նստավայրի պաշտոնական հաղորդագրության մեջ։ 

Սերժ Սարգսյանն արդեն երկու անգամ հայտարարել է, որ իր հետագա քաղաքական ծրագրերը կախված են 2017 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքից։ Այդպիսով, նա արդեն երկու անգամ չի բացառել, որ հավակնում է լինել ներքին գործընթացների «լոկոմոտիվը»:

Կասկած չկա, որ այդ խնդրում նա իհարկե պետք է հասնի միջազգային լեգիտիմության։ Ավելին, Սերժ Սարգսյանի համար կարեւորը թերեւս հենց դա է, քանի որ ներքին` հանրային լեգիտիմության հնարավորություն գործնականում նա չունի։ Բայց, դա իհարկե չի ծածկի ուղղակի արտաքին լեգիտիմությամբ։ Դա թերեւս կլինի քիչ կամ ռիսկային։ Արտաքին լեգիտիմության շնորհիվ Սերժ Սարգսյանը կփորձի լուծել ներքին այսպես կոչված ներքաղաքական լեգիտիմության հարցը, երբ քաղաքական ուժերն իհարկե ոչ ուղղակի, բայց հավանության կարժանացնեն օրինակ վարչապետի պաշտոնում մնալու նրա հեռանկարը։

Արդեն իսկ կա այդպիսի ուժ` ՀՅԴ-ն, որի ղեկավարներից մեկը` Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե որեւէ բանով դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի հետագա վարչապետությանը, եթե նա ապահովի չկեղծված ընտրություն։ Պարզ է, որ ՀՅԴ համար չկեղծված ընտրությունը լինելու է խորհրդարանում հայտնվելը, դե իսկ եթե ՀՀԿ-ն մեծամասնության համար շարունակի կոալիցիան, դա արդեն կլինի երջանիկ ընտրություն։

Անկասկած քաղաքական դաշտի մի շարք այլ ուժեր էլ կսահմանեն իրենց գինը, որով պատրաստ կլինեն լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի վարչապետությունը։

Խոշոր հաշվով, պետք է արձանագրել նաեւ, որ նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնի հավակնելու հարցում Սարգսյանը չունի իրավական արգելքի խնդիր։ Արգելքները կարող են լինել քաղաքական, որոնց լուծման աղբյուրն էլ աշխարհքաղաքական ուժային կենտրոններն են։

Եվ այդ իմաստով, ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպմանը արված հայտարարությունները, համենայն դեպս ըստ պաշտոնական հաղորդագրության, տալիս են հետաքրքիր դիտարկումների առիթ։ Եթե համազեկուցողները արձանագրում են Հայաստանում «խորհրդարանական ժողովրդավարության» առաջընթացի հարցում Սերժ Սարգսյանի «զգալի դերն» ու նրան հրավիրում Ստրասբուրգ խոսելու, ապա հարց է առաջանում, թե արդյոք դա նշանակում է Սերժ Սարգսյանի հետագա ծրագրերի շուրջ քննարկման առաջարկ։ Կամ պարզապես «խորհրդարանական ժողովրդավարության» առաջընթացի հարցում Սարգսյանի դերակատարումը արդեն վարչապետի պաշտոնում դիտարկելու հեռանկարի քննարկման առաջարկ։

Իհարկե, այդ հարցը ԵԽԽՎ մակարդակում չէ, որ լուծվելու է, բայց այդ լուծումը ենթադրելու է գործընթաց, որը կարող է մեկնարկել ԵԽԽՎ մակարդակից, եւ եթե Սերժ Սարգսյանն այդ առումով հանձնի «քննությունը» այդ մակարդակում, ապա կարժանանա այլ` ավելի բարձր մակարդակի ընդունելության։

Հատկապես որ Սարգսյանի խնդիրն անշուշտ լինելու է արտաքին աշխարհին սեփական անփոխարինելիության հարցում համոզելը, ցույց տալու համար, որ Հայաստանի թե ընդդիմության մեջ, թե իշխանության մեջ չկա ներկայիս աշխարհքաղաքական բարդ միջավայրում ավելին անելու  պատրաստ գործիչ։ Փաստացի արդեն ութ տարի նա կարողացել է դա ցույց տալ` արտաքին միջավայրի համեմատ Հայաստանի ներքաղաքական միջավայրի սուբյեկտների գերակշռող անհամարժեքության ֆոնին։