Կարեն Կարապետյանին այլընտրանք չմնաց

    • Մեկնաբանություն - 25 Նոյեմբերի 2016, 12:33
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ ինքը դեռեւս դիմում չի գրել ՀՀԿ-ին անդամակցելու համար եւ մինչեւ ապրիլ ունի մտածելու ժամանակ։ Ամիրյանը փաստացի կրկնել է այն, ինչ մի քանի օր առաջ էր ասել լրագրողներին։ Բայց նրա խոսքի կրկնությունն արդեն այլ կերպ է հնչում այն ֆոնին, երբ հայտարարվել է վարչապետ Կարեն Կարապետյանի դիմում գրելու մասին, նաեւ նրա հետ կառավարություն եկած գյուղատնտեսության, կապի ու տրանսպորտի նախարարների մասին, որ համարվում են նրա թիմի անդամ։ Հայտնի է նաեւ, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ դիմում է գրել ՀՀԿ մտնելու համար։

Ինչու՞ չի գրել Արմեն Ամիրյանը` մշակույթի նախարարի քաղաքական կարեւորությո՞ւնն է քիչ համարվել, եւ ՀՀԿ մեծամասնությունը կամ Սերժ Սարգսյանը չեն պնդել, թե՞ ոչ մի պնդում էլ չի եղել, եւ բոլոր դիմումները գրվել են կամավոր, եւ այդ իսկ պատճառով էլ Արմեն Ամիրյանը դեռեւս հապաղում է։

Մի քանի օր առաջ Ամիրյանը լրագրողների համառ հարցերին ի պատասխան ասել էր, թե թողեք մինչեւ ապրիլ ապրեմ։ Հետաքրքիր է իհարկե՝ Ամիրյանը անկեղծ, կամ ենթագիտակցորեն խոստովանում է, որ ապրել հնարավոր է մինչեւ ապրիլ` այս դեպքում մինչեւ ՀՀԿ անդամակցություն, որովհետեւ դրանից հետո ապրելն իսկապես դժվար է այն մարդկանց համար, ովքեր մինչ այդ ունեին հանրային բարձր վարկանիշ, հասարակության համար վստահելի, համակրելի հանրային գործիչ են։

ՀՀԿ-ն Հայաստանում լոկ վատ վարկ ունեցող, ոչ լեգիտիմ իշխանության կուսակցություն չէ, ՀՀԿ-ն Հայաստանում դարձել է հանրային, իշխանական, համակարգային, բարոյահոգեբանական, քաղաքական, տնտեսական եւ հնարավոր այլ արատների խորհրդանիշ, տանիք, «շտաբ-բնակարան»։

Անդամակցել ՀՀԿ-ին, նշանակում է ստանձնել այդ արատների համար անձնական պատասխանատվություն։ Կարեն Կարապետյանը ստանձնել է դա։ Թե ինչ կանի դրա հետ, ցույց կտա ժամանակը։

Ոչինչ միարժեք չէ իհարկե, բայց ներկայում Կարեն Կարապետյանն իր թիմով կանգնել է պարզ դիլեմայի առաջ` ինչ որ բան հնարավոր է փոխել հասարակական աջակցությա՞մբ, թե ՀՀԿ-ի հետ «մուկնուկատու» խաղալով։ Կարեն Կարապետյանը ընտրություն է կատարել երկրորդի օգտին, ընդ որում դա լավագույն եւ ամենամեղմ դեպքում, որովհետեւ գուցե այդ ընտրությունը ոչ թե ՀՀԿ, այլ հենց հանրության հետ «մուկնուկատու» է, որը աստիճանաբար կավարտվի ընտրական թոհուբոհի հետ, եւ ամեն ինչ կվերադառնա արատների ավանդական շրջանակ, իսկ Կարեն Կարապետյանն էլ գուցե վերադառնա Ռուսաստան։

Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ անկեղծ է հանրության հետ։ Դա նշանակում է, որ ՀՀԿ հետ նա կեղծ է լինելու։ Հնարավոր չէ անկեղծ լինել միաժամանակ թե հանրության, թե ՀՀԿ հետ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Կարապետյանը կանգնում է պարզ դիլեմայի առաջ` կամ կազմակերպել հանրության գրոհը ՀՀԿ դեմ եւ Հայաստանում հանրային-պետական սահմանադրական իշխանության հաստատումը, կամ կազմակերպել ՀՀԿ պաշտպանությունը հանրությունից։

Ինպես է դա անելու Կարապետյանը, պարզ չէ, գուցե չի էլ ցանկանում ամբողջապես բացել խաղաքարտերը։ Բայց հստակ է, որ նա այդ բանը ստիպված է անել ամեն օր, եւ օրեցօր ավելի շոշափելի, քանի որ ամեն անարդյունավետ եւ անարտահայտիչ օրվա հետ խորանալու է թե հանրության, թե Կարեն Կարապետյանի անպաշտպանությունը։