Եվրոպայի համար սպառնալիքը սպառնալի՞ք չէ Հայաստանի համար

    • Մեկնաբանություն - 24 Նոյեմբերի 2016, 17:55
Երեկ Եվրախորհրդարանը Հայաստանի տեսանկյունից երկու կարեւորագույն որոշում է քննարկել, որոնցից մեկը վերաբերում է Թուրքիային, մյուսը՝ Ռուսաստանին:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության սառեցման վերաբերյալ որոշումն ակտիվորեն լուսաբանվել է հայկական լրատվամիջոցներում: Մի քանի տարբերակներ են քննարկվել՝ ինչ կլինի, եթե Թուրքիան պոկվի եվրոպական տարածությունից, արդյոք դա սպառնալիք չի լինի տարածաշրջնի եւ Հայաստանի համար: Մի խոսքով, քննարկվել են կարեւոր հարցեր, որոնք կարող են ծագել Թուրքիայի լիակատար մեկուսացման դեպքում:

Հայկական լրատվամիջոցներում, սակայն, գրեթե աննկատ մնաց Եվրախորհրդարանի մյուս որոշումը՝ ռուսական քարոզչությանը դիմակայելու վերաբերյալ: Ընդ որում, Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներից Եվրոպայի համար բխող սպառնալիքի մասին որոշումը կայացվել է «Իսլամական պետության» սպառնալիքի մասին բանաձեւի հետ միեւնույն փաթեթում: Շատ եվրախորհրդարանականներ նույնիսկ վրդովվել են, որ ռուսական «Սպուտնիկը» մեկ շարքում է դրվել ԻԼԻՊ-ի հետ: Սակայն որոշումն ամեն դեպքում կայացվել է, քանի որ սպառնալիք են զգացել:

Փաստորեն, Եվրոպան իր համար հիմնական սպառնալիքներ է տեսնում ոչ միայն Մերձավոր Արեւելքի իրադարձություններից, ներգաղթից, ահաբեկչության սպառնալիքի աճից: Եվրոպան համարում է, որ իրեն սպառնում է Թուրքիան, որը կարող է անկանխատեսելի սուլթանություն դառնալ, Ռուսաստանը, որը հիբրիդային պատերազմ է հայտարարել եւ փորձում է պառակտել Արեւմտյան աշխարհը:

Հայաստանն իրեն եվրոպական տարածության մաս է համարում եւ պաշտոնապես հայտարարում եվրոպական ընտանիքի մաս դառնալու մտադրության մասին: Ճիշտ է, Եվրոպայի «ճանապարհին» Հայաստանը «հյուր է մտել» Եվրասիա, սակայն ոչ Հայաստանի իշխանությունները, ոչ ընդդիմությունը չեն ժխտում, որ Հայաստանի անվտանգությունը կապված է  համաեվրոպական մակարդակում անվտանգության հետ:

Հայաստանը Թուրքիան ու ռուսական քարոզրությունը նույնքա՞ն սպառնալիք է համարում, որքան Եվրախորհրդարանը: Հնարավոր է, հոգու խորքում Երեւանը ռուսական էքսպանսիայի սպառնալիքը հավասարեցնում է թուրքական սպառնալիքին, սակայն հրապարակային քաղաքականությունում դա առանձնապես չի դրսեւորվում:

Երեւանում հուլիսյան իրադարձությունները, երբ «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը, ավարտվեց նրանով, որ զինված խմբավորումը հայտարարեց Ռուսաստանի կողմից Հայաստանի գաղութացման սպառնալիքի մասին: Այդ հայտարարությունն առանձնապես աժիոտաժ չառաջացրեց Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում: Անգամ «Սասնա ծռերին» աջակցող հանրային ու քաղաքական խմբավորումները գերադասեցին ամոթխած լռել գաղութացման սպառնալիքի մասին:

Ռուսաստանը, սակայն, սպառնալիք է զգացել Հայաստանում իր դիրքերի նկատմամբ: Պատահական չէ, որ հենց ապստամբության օրերին Երեւան ժամանեց ռուսական պատվիրակությունը, որ բանակցի միացյալ զորապմբի մասին: Այն ժամանակ վերլուծաբանները հայտարարում էին, որ միացյալ զորախումբը կարող է դառնալ Ռուսաաստանին Հայաստանի վերջին ինքնիշխան ամրության՝ բանակի հանձնման գործողությունը:

Հասկանալի է, որ Եվրախորհրդարանի հայտարարությունը ռուսական քարոզչությանը դիմագրավելու վերաբերյալ չէր տարածվի Հայաստանում: Սակայն փաստը, որ հայկական լրատվամիջոցները Եվրախորհրդարանի այդ որոշման մասին անգամ չեն հիշատակել, կարող է վկայել, որ Ռուսաստանն արդեն հաղթանակ է տարել բազմաթիվ հայերի ուղեղներում:

Ամենաընթերցվածը