Կարեն Կարապետյանի ահռելի պարտքը. ով չխնայեց նախարարներին

    • Մեկնաբանություն - 24 Նոյեմբերի 2016, 16:32
Գյուղատնտեսության եւ կապի ու տրանսպորտի նախարարները նոյեմբերի 24-ին ստիպված էին պատասխանել լրագրողների հարցերին, կապված ՀՀԿ-ին անդամակցության, ՀՀԿ գաղափարախոսությանը ծանոթ լինելու հետ։ Նախարարները ակնհայտորեն հայտնվել էին բավականին դժվար դրության մեջ։ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նույնիսկ չթաքցրեց, որ տալիս են բարդ հարցեր։

Իրապես, մարդկանց համար, ովքեր իրենց կյանքում կայացել են սեփական աշխատանքի, մտքի, մասնագիտական կարողության, մենեջերական հմտության շնորհիվ, ՀՀԿ անդամակցության, ՀՀԿ գաղափարների, դրանց հոգեհարազատության եւ այլնի մասին խոսելը չափազանց բարդ է։ Եվ բանն այստեղ ՀՀԿ գաղափարախոսությունը չէ, այլ հենց բուն ՀՀԿ-ն, որն իր ներկայիս տեսքով արդեն մեկ տասնամյակից ավելի է բացարձակապես կապ չունի այն գաղափարախոսության հետ, որ դավանում է պաշտոնապես, այն արժեքների ու գաղափարների հետ, որ հռչակում է պաշտոնապես։

Հարց է առաջանում, թե ու՞մ էր պետք այդպես անխնա վարվել մարդկանց հետո, որոնք ի տարբերություն ՀՀԿ մեծամասնության սեփական մտքի, աշխատանքի, տաղանդի շնորհիվ կյանքում հասել են զգալի հաջողությունների` իրենց մասնագիտական գործունեության տիրույթում։

Օրինակ, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշանակվելով բավական բարդ վիճակում գտնվող ոլորտի ղեկավար, առաջին իսկ օրից աչքի ընկավ ոլորտի վերաբերյալ մի շարք կարեւոր հայտարարություններով, կարեւոր մոտեցումների նախանշմամբ, գյուղատնտեսության ոլորտը մտածողությունից փոխելու անհրաժեշտության մասին հայտարարություններով, որոնք վկայեցին այդ մարդու մասնագիտական կոմպետենտությունը, խնդրին տիրապետելու մակարդակը, հայեցակարգային պատկերացումների առկայությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցներում նա երբեք չհայտնվեց անհարմար դրության մեջ, թեեւ ստիպված էր լինում անդրադառնալ բավական բարդ խնդիրների։

Բայց նախարարը խոստովանեց, որ բարդ վիճակ են ստեղծում իր համար ՀՀԿ-ին անդամակցելու, դրա գաղափարախոսության վերաբերյալ հարցերով։

Կարեն Կարապետյանի հետ կառավարություն եկած նախարարների խումբը, որ պայմանական սկսեց կոչվել տեխնոկրատների կամ մենեջերների թիմ, ընդհանուր առմամբ բավական դրական ընկալում ուներ հանրության շրջանում։

Բավական էր ընդամենը մեկ թեմա` ՀՀԿ անդամակցումը, որպեսզի այդ մարդիկ հայտնվեին գրեթե շփոթված երեխայի կարգավիճակում, չիմանալով ինչ պատասխանել։

Ինչ որ մեկը նրանց հետ վարվեց շատ վատ։ Թե ով կարող էր շահագրգռված լինել այդ հարցում, դժվար չէ կռահել, ենթադրել։ Նոր նախարարները շահեկանորեն տարբերվում էին թե նախկինների ֆոնին, թե ընդհանրապես ՀՀԿ-ում իշխող մեծամասնության։

Փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը, ասում են այդպիսի դեպքերում։ ՀՀԿ մեծամասնությունն առնվազն կարող է հաճույքով նայել, թե ինչպես են անհարմար դրության մեջ հայտնվում նոր նախարարները։

Ինչի համար էր դա պետք հենց այդ նախարարներին, դժվար է ասել։ Այստեղ իսկապես բարդ եւ հակասական վիճակ է։ Այդ մարդիկ թողել են առերեւույթ իսկապես շատ ավելի շահեկան աշխատանքները եւ տեղափոխվել մի ոլորտ, որտեղ ոչ միայն դե յուրե ավելի քիչ է վարձատրությունը, այլ դե ֆակտո ավելի մեծ եւ ինչ որ իմաստով անշնորհակալ է պատասխանատվության աստիճանը։ Նրանք դա արել են Հայաստանի՞ն, թե Կարեն Կարապետյանին օգնելու անկեղծ մղումով, թե՞ երկուսը միասին։

Մի առիթով, պատասխանելով պատգամավորների հարցին, թե ինչպես են ցածր աշխատավարձով որակյալ մասնագետներ ներգրավելու պետական համակարգ, Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե անկեղծ է ասում` չգիտե։ Հետո ավելացրեց, որ գուցե պետք է գտնել մարդկանց, որոնք նաեւ ինչ որ իմաստով առաքելություն` ՙմիսիա՚ կտեսնեն այդ գործի մեջ։

Հավանաբար նոր նախարարները հենց այդ առաքելությունն են տեսել, ավելի հարմար դաշտից տեղափոխվելով անհարմար, եւ թերեւս լավ պատկերացնելով, որ այդ դաշտում նրանք ենթակա են ինչ որ մեծամասնության քաղաքական կամքի։

Այդ դեպքում ստացվում է, որ Կարեն Կարապետյանը բարոյական պարտքի ահռելի բեռի տակ է հայտնվում նրանց առաջ։ Ինչով եւ ինչպես է նա ՙհատուցելու՚ այդ պարտքը։ Համարժեք հատուցումը կարող է լինել այն, որ ներկայումս անհարմար դրության մեջ հայտնված թիմը կարճ ժամանակ անց ինքն անհարմար դրության մեջ դնի ՀՀԿ-ական մեծամասնությանը կամ պարզապես հեռացնի այդ մեծամասնությանն ասպարեզից։ Այդ խնդիրը նաեւ ձեւակերպված է, ՀՀԿ նոր ոգու մասին Սերժ Սարգսյանի հայտնի խոսքով, սակայն ձեւակերպելն իհարկե դյուրին է, իսկ ահա իրականացնելը լինելու է չափազանց բարդ եւ դրա մասին է վկայում հենց այն, որ երեկ շահեկան առավելություն ունեցող մարդիկ այսօր արդեն հայտնվել էին բավական անհարմար վիճակում։

Ընդ որում շատ դժվար է ասել, առայժմ գոնե, իրենք են վաստակել այդ վիճակում հայտնվելը, թե՞ հայտնվել են դրանում անարդարացիորեն։ Այդ հարցի պատասխանը Կարեն Կարապետյանն ու իր թիմը պետք է տա ՀՀԿ-ին անդամակցելուց հետո, ընդ որում դրա համար չունենալով առանձնապես շատ ժամանակ, որովհետեւ ժամանակը տվյալ պարագայում աշխատելու է ՀՀԿ օգտին։

Ամենաընթերցվածը