Տիգրան Սարգսյանի լուրջ դասը Կարեն Կարապետյանին

    • Մեկնաբանություն - 24 Նոյեմբերի 2016, 13:37
Վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմով անդամակցում է ՀՀԿ-ին։ Նրա հետ կառավարություն եկած այսպես ասած տնտեսա-մենեջարական բլոկի նախարարները հայտարարում են ՀՀԿ անդամ դառնալու մասին։

Ներիշխանական դաշտում ինչ որ իմաստով դեժա-վյու է։ Ամեն ինչ շատ նման է մի քանի տարի առաջ Տիգրան Սարգսյանի եւ նրա թիմի օրինակին։

Տիգրան Սարգսյանը 2008 թվականին վարչապետ նշանակվեց անկուսակցական կարգավիճակում։ Նրա նշանակումը ՀՀկ-ում ընդունվեց նկատելի դժգոհությամբ, հատկապես երբ Սերժ Սարգսյան նախագահի առաջին վարչապետի հավակնորդները ՀՀկ-ում դիրք ունեցող այնպիսի գործիչներ էին, ինչպիսին Հովիկ Աբրահամյանը եւ Կարեն Կարապետյանը` Տաշիր գրուպի սեփականատիրոջ եղբայրը, որը ՀՀԿ անդամ էր դարձել Սերժ Սարգսյանի հետ։

Սակայն վարչապետ նշանակվեց անկուսակցական Տիգրան Սարգսյանը, որը իր կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, թե աղքատության լուրջ խնդիր ունեցող երկրում հակաքրիստոնեական է ուժի եւ հարստության ցուցադրումը։ Սարգսյանը սկսեց հանդես գալ նաեւ օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարի անհրաժեշտության մասին ելույթներով, վերջնականապես թշնամանալով իշխող համակարգի հետ։ ՀՀԿ-ն նրան այդպես էլ չընդունեց յուրային, թեեւ վարչապետ նշանակվելուց որոշ ժամանակ անց` 2012-ի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, Տիգրան Սարգսյանը իր տնտեսական նախարարների թիմով անդամագրվեց ՀՀԿ-ին։

Ի վերջո Սարգսյանը դարձավ ՀՀԿ մեծամասնության եւ ոչիշխանական բեվեռի գործարքի զոհ, տեղը զիջելով Հովիկ Աբրահամյանին։

Աբրահամյանից հետո վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանն էլ անկուսակցական է եւ նրա ինչպես Տիգրան Սարգսյանը կասեր` մրցակցային առավելություններից մեկը հենց այդ հանգամանքն էր, ՀՀԿ հետ սերտ կապ չունենալը։ Նա իհարկե չի հայտարարել ուժն ու հարստությունը ցուցադրելու հակաքրիստոնեականության մասին, բայց հանդես է գալիս փոփոխությունների անհրաժեշտության մասին ելույթներով, խոսում համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին, սպառնում կոտրել մենաշնորհներն ու պայքարել ստվերի ու կոռուպցիայի դեմ։

Ավելին, Կարեն Կարապետյանը նույնիսկ ՊԵԿ միջոցով հայտարարեց բանանի շուկայում մենաշնորհը կոտրելու մասին, առայժմ իհարկե բավական հարցեր առաջացնող հայտարարությամբ, բայց այդուհանդերձ իր համար իսկ սահմանելով բավական պատասխանատու նշաձող, քանի որ առաջ է բերել հաջորդ մենաշնորհները կոտրելու հարցը։

Այդ ամենով հանդերձ, Կարեն Կարապետյանն էլ անդամակցում է ՀՀԿ-ին` իր թիմով, որի առավելությունը նույնպես ՀՀԿ հետ առնչություն չունենալն էր։

Ստիպել են, թե ոչ։ Սա գուցե մակերեւույթում գտնվող հարց է։ Առավել կարեւորն այն է, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանն է ՀՀԿ-ն բերելու այն նկարագրին, որով անցել է վարչապետության, թե՞ ՀՀԿ-ն է նրան ու թիմին բերելու իր կուսակցական նկարագրին։

Եվ այդ իմաստով Կարապետյանի համար գուցե շատ ուսանելի լինի Տիգրան Սարգսյանի դասը, որն անդամակցելով ՀՀԿ-ին բացարձակապես ի զորու չեղավ փոխել այդ կուսակցության նկարագիրը գոնե առերեւույթ եւ ի վերջո ստիպված եղավ հեռանալ Հայաստանից։

Իհարկե նա այժմ ավելի ՙմեծ ղեկավար՚ է ԵՏՄ-ում, ինչպես ասում է ՌԴ վարչապետ Մեդվեդեւը։ Ընդ որում չի բացառվում, որ այդ ՙմեծ ղեկավարի՚ պաշտոնում նա իրեն բնորոշ նուրբ գործելաոճով հատուցում է ՀՀԿ-ին այն ամենի համար, ինչ արել են իր հանդեպ։ Օրինակ, ով գիտե, թե ինչու Մոսկվայում այդպես էլ քաղաքական ընկալման չարժանացավ Հովիկ Աբրահամյանը, կամ ինչու Ռուսաստանն ու ԵՏՄ-ն այդպես էլ չեն օգնում Հայաստանի իշխող համակարգին ստանալ ֆինանսատնտեսական սնուցում եւ դուրս գալ արագ անկման վիճակից, որի հետեւանքը իշխանության ներսում ռեսուրսների համար օրեցօր սրվող եւ անկանխատեսելի դարձող պայքարն է։

Բայց, բոլոր դեպքերում, Կարեն Կարապետյանի համար ըստ երեւույթին կարեւոր է դաս քաղել Տիգրան Սարգսյանի օրինակից եւ անել հետեւություն` ՀՀԿ մեծամասնության զոհը չդառնալու համար։ Իսկ որ դա լինելու է անխուսափելի, չկա որեւէ կասկած։ Կարեն Կարապետյանը ՀՀԿ մեծամասնությանը պետք է հենց դրա համար։

Հետո գուցե Կարապետյանն էլ կգնա, ՙմեծ ղեկավար՚ կդառնա ասենք Գազպրոմում եւ կանջատի ՀՀԿ գազը, կամ կթանկացնի Հայաստանի գազը մի քանի անգամ` հովացնելով սիրտը, բայց ՀՀԿ-ն կշարունակի իր սիրտը հովացնել Հայաստանի հանրության եւ պետության հաշվին։

Ամենաընթերցվածը