Կարեն Կարապետյանն անցավ լայնամասշտաբ գրոհի

    • Մեկնաբանություն - 24 Նոյեմբերի 2016, 12:06
Կարեն Կարապետյանը 5 րոպե պակաս ՀՀԿ-ական է։ ՀՀԿ համագումարից երկու օր առաջ նա հատարարեց, որ գրել է ՀՀԿ-ին անդամակցելու դիմում։ Այդ մասին խոսակցությունները շրջանառվում են արդեն մի քանի շաբաթ, բայց Կարեն Կարապետյանը գերադասեց արտահայտվել եւ ամեն ինչ պարզաբանել ընդամենը համագումարից երկու օր առաջ։ Նա փորձում էր պահել ինտրիգը, զուտ հետաքրքրության համար, թե՞ Կարապետյանի համար էլ անորոշ էր` ի վերջո կգրի դիմում, թե ոչ։ Այդ համատեքստում էլ շատերին է հետաքրքրում հարցը` նրան ստիպե՚լ են դիմում գրել եւ դառնալ ՀՀԿ-ական, թե՞ նա ինքն է իր կամքով գրել այդ դիմումը։

Կարապետյանը դիմումի բացատրության հարցում օրիգինալ չէր, միաժամանակ նաեւ տրամաբանական էր։ Նա ասում է, որ կառավարությունը պետք է ունենա քաղաքական հենարան, իսկ այլ կուսակցություն ստեղծելն արդարացված չէր լինի։

Այդուհանդերձ, առաջին հայացքից այդ սպասված բացատրությունը իր մեջ պարունակում է ուշագրավ մի բան։ Կարեն Կարապետյանը փաստորեն ասում է, որ կնախընտրեր, որպեսզի իբրեւ քաղաքական հենարան ունենար այլ կուսակցություն, պարզապես դա ներկայումս կատարելիք օպտիմալ քայլ չէր։

Այդ ակնարկն էլ զարմանալի չէ, քանի որ Կարապետյանը անշուշտ լավ է հասկանում, որ ՀՀԿ անդամակցությունը մեղմ ասած չի կարող նպաստել որեւէ գործչի վարկանիշի։ Իսկ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնին նշանակվելիս ուներ թեկուզ համեմատաբար բարվոք վարկանիշ, քան ՀՀԿ ցանկացած անդամ։ Փաստացի, դիմումը հարվածի տակ է դնում նրա վարկանիշը եւ այդ առումով իհարկե Կարեն Կարապետյանի թիվ մեկ մարտահրավերը դառնում է այն, թե նա որքան արագ կարող է ՀՀԿ-ն ՙբերել՚ այսպես ասած իր նկարագրին, ոչ թե ինքը կձուլվի ՀՀԿ նկարագրին։

Այդ համատեքստում, ստիպել են նրան անդամակցել, թե նա է անդամակցում, փոքր ինչ պարզունակ հարցադրում է։ Գործոնները, շարժառիթները կամ խթանները իսկապես շատ են։ Եթե օրինակ մի կողմում վարկանիշն է, ապա մյուս կողմում իշխանության խնդիրն է եւ Կարեն Կարապետյանին ոչ թե ՀՀԿ-ն, այլ հենց իր զբաղեցրած պաշտոնի տրամաբանությունն է ստիպում մենեջերից անցնել քաղաքական գործունեության։ Իսկ դա նշանակում է շոշափելի դերակատարում իշխանության մեջ։ Իսկ քանի որ իշխող ուժը ՀՀԿ-ն է, ապա այստեղ Կարեն Կարապետյանը կամ պետք է ՀՀԿ-ն հեռացնի իշխանությունից` ինչը այս պահին միանգամայն հասկանալիորեն անհնարին է, կամ պետք է անդամակցի ՀՀԿ-ին եւ փորձի վերցնել կուսակցությունը այսպես ասած ներսից։

Ընդ որում, այդ խնդիրը փաստացի ձեւակերպված է դեռեւս հոկտեմբերից, երբ ներկայացնելով Կարապետյանին ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե նրա հետ քննարկել է ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հարցը։

Սերժ Սարգսյանի գործոնն այստեղ առանցքայինն է, Կարեն Կարապետյանի թե վարչապետական, թե ՀՀԿ-ական ճակատագրի համար։ Հարցն այն է, թե ու՞մ համար է Կարեն Կարապետյանը այսպես ասած ոգեփոխելու ՀՀԿ-ն` ի՞ր, թե՞ Սերժ Սարգսյանի, որը չի բացառում նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնի հավակնելու հնարավորությունը։ Այդ համատեքստում հարց է նաեւ այն, թե այդ հավակնությունը Սարգսյանն ինչ ժամանակահատվածի համար է դիտարկում` նա կհավակնի վարչապետ առաջադրվելուն 2018-ի՞ց անմիջապես հետո, թե՞ 2022-ի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ։

Միեւնույն ժամանակ հետաքրքրական հարց է նաեւ այն, թե ինչու՞ է Սարգսյաի մոտ լինելու այդ հավակնությունը։ Դա պայմանավորված է լինելու զուտ իշխանատենչությա՞մբ, թե՞ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնին կհավակնի այն դեպքում, երբ տեսնի, որ իրենից հետո չի կարողանում ձեւավորել այնպիսի կայուն իշխանություն, որը կլինի նաեւ իր հետնախագահական անվտանգության երաշխիքը։

Դրանից է կախված նաեւ այն, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի վերաբերմունք կունենա Կարապետյանի հանդեպ ՀՀԿ-ում, կնպաստի՞ նրա ուժեղացմանը եւ նրա շուրջ այսպես ասած նոր եւ կայուն իշխանության ձեւավորմանը, ստեղծելով իր հեռանալու առավել անվտանգ եւ կանխատեսելի միջավայր, թե՞ Սերժ Սարգսյանը կփորձի ստեղծել մի վիճակ, երբ Կարապետյանը ոչ թե կդառնա ՀՀԿ նոր առանցքը եւ փաստացի իշխանությունը, այլ ընդամենը ՀՀԿ մի նոր թեւ կամ բեվեռ, հավասարակշռության նոր կշռաքար, որի միջոցով Սերժ Սարգսյանը կփորձի պահել կամ նոր մոդելի պայմաններում  ՙվերբեռնել՚ իր իշխանությունը։

Բոլոր դեպքերում, Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամակցումով ներիշխանական վերադասավորումների գործընթացը մտնում է մի նոր փուլ, նոր հարթություն, որը խոստանում է առավել ընդգրկուն ներիշխանական պայքար, որը սկսելով 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ, ամենեւին չի ավարտվելու դրանով եւ կշարունակվի նաեւ 2017 թվականի ընտրությունից հետո։

Ամենաընթերցվածը