Հայաստան-ԵՄ հակասություն. ինչքան է պահանջում Հայաստանը

    • Մեկնաբանություն - 24 Նոյեմբերի 2016, 11:20
Հայաստանում Չեխիայի դեսպանը tert.am-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հարցում կողմերի միջեւ կա հակասություն, որը պահպանվում է մինչ այժմ։ Դեսպանը հույս է հայտնել, որ 2017-ի գարնանը կողմերը կստորագրեն համաձայնագիրը։ Այն, որ նոր փաստաթուղթը հավանավար կստորագրվի 2017-ի գարնանը, հայտարարվել է ավելի վաղ։ Բայց, Չեխիայի դեսպանը կարծես թե նորություն է ասում` հակասությունների առկայության եւ առ այսօր դրանց պահպանման մասին։ Ընդ որում, նա կոնկրետացրել է, որ խոսքը վերաբերում է տնտեսական հարցերին։ ՙԽնդիրները տնտեսական են: Կապված են հիմնականում տարածքի հետ, աշխարհագրական դիրքի հետ, որտեղ Հայաստանն է գտնվում և փոքր-ինչ անհամաձայնություններ կան ներդրումների շուրջ, թե որքան այս հարցը կարտացոլվի համաձայնագրում՚, ասում է դեսպանը։

Խոսքն ըստ ամենայնի վերաբերում է ԵՄ հետ նոր համաձայնագրից Հայաստանի ակնկալելիք ներդրումներին եւ հավանաբար կողմերը չեն համաձայնում կամ ներդրումային ուղղությունների եւ պայմանների շուրջ, կամ պարզապես ներդրումների ծավալների, այսինքն Հայաստան-ԵՄ համաձայնագրի փաստացի գնի հետ, որ պահանջում է Հայաստանը Եվրոպայից։

Հայաստանն ըստ ամենայնի պահանջում է շատ թանկ գին, ինչին Եվրոպան առայժմ չի համաձայնում։

Երբ Հայաստանը ու Եվրամիությունը ավարտեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունն ու պատրաստվում էին նախաստորագրման, որը տեղի էր ունենալու 2013-ի աշնանը, տեղեկություններ եղան Եվրոպայում դոնորների համաժողովի մասին, որի նպատակը պետք է լիներ Հայաստանի համար ֆինանսական աջակցության ծրագրեր իրականացնելը։ Տարբեր խոսակցությունների եւ գնահատականների համաձայն ակնկալվում էր, որ դոնորների համաժողովի արդյունքը կլինի Հայաստանին մոտ 1,5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի առաջարկը։

Դա իհարկե պատկառելի թիվ է փոքր Հայաստանի համար։ Բայց, Հայաստանը չնախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը եւ անդամակցեց Եվրասիական միությանը, կտրուկ դեն նետելով Եվրամիության հետ բանակցված փաստաթուղթը։

Նոր փաստաթուղթը արդեն քննարկվում է բոլորովին այլ իրավիճակում եւ դրա բովանդակությունը թեեւ փակ է, բայց Եվրոպան հայտարարել է, որ այն չի կարող լինել Ասոցացման համաձայնագրի ծավալով։ Խոշոր հաշվով, խոսքն ըստ երեւույթին այդ համաձայնագրից մնացած ՙփշրանքները՚ հավաքելու մասին է, քանի որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքական մեղմ ասած խանդը չեն տալիս Հայաստան-ԵՄ ավելիի հնարավորություն։

Բնական է, որ փաստաթղթի բովանդակության, տնտեսա-քաղաքական կարգավիճակի նվազման, իրավիճակի փոփոխման հետ զուգահեռ, պետք է նվազի նաեւ տնտեսական, ներդրումային էֆեկտը եւ Հայաստանը նոր համաձայնագրից անշուշտ չի կարող ակնկալել այնքան, որքան հնարավոր էր Ասոցացման համաձայնագրի դեպքում։

Ըստ երեւույթին այստեղ է անհամաձայնությունը եւ Երեւանը ակնկալում է ավելի շատ, քան այն տնտեսա-քաղաքական ասպարեզն ու միջավայրը, որ նոր փաստաթղթի համար թողել է իր իսկ եվրասիահպատակ քաղաքականության հետեւանքով։

Հայաստանին իհարկե փողը շատ է պետք։ Արտաքին աղբյուրները ցամաքում են եւ առավել քան հասկանալի է, որ պաշտոնական Երեւանը շահագրգռված է հնարավորինս ՙթանկ՚ վաճառել ԵՄ հետ նոր փաստաթղթում իր ստորագրությունը։ Ավելին, գուցե հենց այդ ակնկալիքով է նաեւ այդ ստորագրությանը համաձայն Ռուսաստանը, որը նույնպես հույսով է, որ Հայաստանը թեեւ կմնա իր ազդեցության գոտում, այդուհանդերձ կկարողանա տնտեսական հարցերը լուծել Եվրոպայի հաշվին, քանի որ Ռուսաստանն ինքն էլ ծանր վիճակում է եւ չի կարող հոգալ Հայաստանի կարիքները, առավել եւս խիստ ցածր քաղաքական մոտիվացվածության պայմաններում։

Բայց, ակնհայ է, որ խիստ ցածր է նաեւ ԵՄ քաղաքական մոտիվացիան` Հայաստանի ստորագրության դիմաց մեծ ներդրումներ տրամադրելու հարցում։

Իրավիճակն իսկապես հակասական է, հարաբերական։ Սակայն, այստեղ ըստ երեւույթին անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե ներդրումների ծավալի, այլ ուղղությունների վերաբերյալ։ Համենայն դեպս, այդ առումով ԵՄ-ն կարող է գտնել մոտիվացիոն նոր հիմքեր։ Էական է այն, որ ներդրումները ուղղվեն Հայաստանում ոչ թե արդեն իսկ գոյություն ունեցող տնտեսական ՙքարտեզի՚ տրամաբանությամբ, այլ նոր քարտեզագրման։ Այլ կերպ ասած, Հայաստան-Եվրոպա իրական հարաբերության համար կարեւոր է, որ քննարկման առարկա դառնա ոչ թե ներդրումների ծավալը, այլ դրանց ուղղվածությունն ու բնույթը։ Եվ այդ առումով, Հայաստան-Եվրամիություն հարաբերության արդյունավետ շարունակության եւ փոխշահեկան ինտեգրացիայի խորացման համար կարեւոր է, որ եվրոպական ներդրումները Հայաստանում միտված լինեն տնտեսության քրեաօլիգարխիկ պատկերը փոխելու, ստատուս-քվոն փոխելու եւ Հայաստանում նոր բնույթի եւ որակի տնտեսական համակարգեր, ուղղություններ ձեւավորելու, որոնք ոչ միայն կփոխեն սոցիալական պատկերը, այլ կլինեն նաեւ նոր բիզնես մշակույթի, նոր աշխարհայացքի եւ մտածողության ձեւավորման օջախներ։

Այլ կերպ ասած, խնդիրը իհարկե ծավալները չեն` դրանց շատն ու քիչը, այլ այն, որ Եվրամիության հնարավոր ներդրումները չլինեն իշխող համակարգը սնուցող, դրանք սնուցեն հանրային, քաղաքացիական հնարավորությունները եւ նպաստեն հանրության ու համակարգի ուժերի տնտեսական հարաբերությունը փոխելուն, ինչը անկասկած փոխի նաեւ քաղաքական հարաբերությունների եւ համակարգի որակը։