Շավարշ Քոչարյանի սենսացիոն հայտարարությունը

    • Մեկնաբանություն - 23 Նոյեմբերի 2016, 19:16
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նոյեմբերի 23-ին արել է չափազանց անսպասելի հայտարարություն, նշելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածուի հարցում չի եղել կոնսենսուս եւ այդ պատճառով հարցը հետաձգվել է մինչեւ դեկտեմբեր։ Դեկտեմբերին, ըստ Քոչարյանի, Հայաստանը պնդելու է իր թեկնածուին։

«Չեղավ կոնսենսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, դրա համար դա հետաձգվեց: Դեկտեմբերին լինելու է հատուկ ՀԱՊԿ-ի նիստ, որտեղ քննարկվելու է այդ հարցը: Մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք և մենք գտնում ենք, որ ռոտացիան պետք է լինի ըստ ռուսական այբուբենի և հաջորդը Հայաստանն է», Քոչարյանի խոսքը մեջբերում է Ազատություն ռադիոկայանը։

Հայաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունը աննախադեպ է, քանի որ պաշտոնական մակարդակով կարծես թե երբեք չի խոստովանվել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածուի նշանակման հարցը հետաձգվում է դրա շուրջ կոնսենսուսի բացակայության պատճառով։ Այդ մասով եղել են մամուլի ոչ պաշտոնական, անանուն արտահոսքեր, փորձագիտական գնահատականներ եւ մեկնաբանություններ, սակայն կարծես թե չի եղել որեւէ դեպք, երբ պաշտոնյայի մակարդակով հայտարարվի, որ պատճառը կոնսենսուսի բացակայությունն էր։

Այդ իմաստով, Շավարշ Քոչարյանի հայտարարությունը անսպասելի է, եւ նույնիսկ որոշակիորեն սենսացիա պարունակող, հատկապես երբ նա ասում է, որ Հայաստանը պնդելու է իր թեկնածուի հարցը։

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածուի նշանակման մասին խոսակցությունը շրջանառության մեջ հայտնվեց դեռեւս 2015 թվականի երկրորդ կեսին։ Բայց, այդ հարցն արագ էլ մատնվեց մոռացության։ Ապրիլի պատերազմից հետո, ՀԱՊԿ գործող քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, թե Երեւանում հոկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ Վեհաժողովում Գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Հայաստանի ներկայացուցչին` ռոտացիոն սկզբունքով։

Այդ Վեհաժողովից առաջ Հայաստանում փոխվեց կառավարություն, որի շրջանակում փոխվեց նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Մամուլում տեղեկություն եղավ, որ Սերժ Սարգսյանն Օհանյանին առաջարկում է լինել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի Հայաստանի թեկնածուն։ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ ռազմական շքերթի փորձի ժամանակ Սեյրան Օհանյանը արեց ուշագրավ հայտարարություն, ասելով, թե` եթե իրեն առաջարկվի զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինքը կմերժի այն եւ չի գլխավորի միջազգային որեւէ կառույց։

Այդպես էլ անորոշ մնաց` Սերժ Սարգսյանն առաջարկել էր, իսկ Օհանյանը մերժե՞լ, թե՞ Օհանյանը մերժեց մինչեւ առաջարկը։ Բացառված չէր նաեւ, որ Սեյրան Օհանյանն այդպիսով իր վիրավորվածությունն էր հայտնում պաշտպանության նախարարի պաշտոնում իրեն չտեսնելու Սերժ Սարգսյանի մտադրությունից։

Դրանից հետո տեղի ունեցավ ՀԱՊԿ Երեւանի Վեհաժողովը, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը հետաձգեց դեկտեմբեր, մինչ Ռուսաստանում կայանալիք Վեհաժողովը։ Բայց, որեւէ կերպ չպատճառաբանվեց, թե ինչու է հետաձգվել հարցը։ Տեսակետներ հնչեցին, թե պատճառը Նազարբաեւի բացակայությունն էր, որն ըստ պաշտոնական վարկածի` հիվանդացել էր Երեւան գալուց առաջ։ Նազարբաեւն ի դեպ չեղարկեց նաեւ Ադրբեջան կատարելիք այցը։

Ի վերջո հասկանալի է, որ Նազարբաեւը չի կարող հավերժ փախչել ՀԱՊԿ նիստերից, հետեւաբար պետք է ենթադրել, որ այստեղ խնդիրը փոքր ինչ ավելի խորն է, քան պաևզապես Ղազախստանի դժգոհությունն ու չկամությունը։ Ըստ տարածված տեսակետի, Աստանան հանուն Բաքվի չի ցանկանում այդ պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչի։

Հնարավոր է իհարկե, Նազարբաեւն առաջին անգամ չէ, որ այդօրինակ աջակցություն է ցուցաբերում Բաքվին։

Բայց, մյուս կողմից, արդյո՞ք Բաքվին որեւէ բան սպառնում է, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինի Հայաստանի ներկայացուցիչը։ Դա կատարողական կամ գործադիր պաշտոն է, որը չունի որոշում կայացնելու իրավասություն։ Որոշում, այն էլ լուրջ ռազմա-քաղաքական որոշում, կայացնելու են պետությունների ղեկավարները։ Ըստ այդմ, որեւէ սկզբունքային նշանակություն չունի, թե որ պետության ներկայացուցիչն է Գլխավոր քարտուղարը։ Դա ավելի շատ խորհրդանշական ներկայացուցչություն է, եթե իհարկե տվյալ պետությունը ինքնին առաջին ջութակ չէ այդ կազմակերպությունում։

Միեւնույն ժամանակ, եթե տվյալ պետությունը ՀԱՊԿ գործունեության հարցում ամենեւին կարեւոր դերակատար չէ, եթե կա կամ կան այլ կարեւոր դերակատարներ, ապա խորհրդանշանակությունը կարող է նույնիսկ շրջվել տվյալ պետության դեմ, որի ներկայացուցիչը Գլխավոր քարտուղարն է։

Այսինքն, օրինակ Հայաստանի դեպքում, ՀԱՊԿ գլխավոր ներկայացուցիչ է դառնում Հայաստանի ներկայացուցիչը, ինչը մեծացնում է Հայաստանի պատասխանատվությունը ՀԱՊԿ քայլերի համար, բայց ամենեւին որեւէ սկզբունքային առումով չի մեծացնում Հայաստանի ազդեցությունը ՀԱՊԿ քաղաքականության եւ գործողությունների վրա։

Օրինակ, Հայաստանի ներկայացուցչի նշանակումը այդ պաշտոնում ամենեւին չի հանգեցնելու Արցախի խնդրում ՀԱՊԿ այսպես կոչված չեզոք քաղաքականության փոփոխության, բայց փոխարենը Հայաստանն այլեւս կաշկանդված է լինելու այդ հարցում ՀԱՊԿ-ին թեկուզ անուղղակի դիտողություն անելուց։ Միաժամանակ, Ռուսաստանը փորձում է ՀԱՊԿ դարձնել Արեւմուտքի հետ իր լարվածության վահաններից մեկը եւ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի առկայությունը Հայաստանն այդ հարցում դարձնելու է լիովին ավելորդ ՙմասնակից՚, հատկապես երբ ՀԱՊԿ անդամակցությունն արդեն իսկ որոշակի մասնակցություն կամ ներգրավվածություն ենթադրում է։ Բայց, այս դեպքում ԳՔ պաշտոնը ենթադրելու է արդեն առավել անմիջական մասնակցություն եւ պատասխանատվություն, ինչը բացարձակապես չի բխում Հայաստանի շահից։

Միով բանիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մի կարգավիճակ է, որը գործնականում որեւէ կերպ սկզբունքորեն չի ավելացնելու Հայաստանի ռազմա-քաղաքական ներուժը, փոխարենը մեծացնելու է պատասխանատվությունն ու կաշկանդվածությունը հարցերում, որոնք որեւէ կերպ չեն առնչվում Հայաստանի շահին եւ անվտանգությանը։

Ահա այդ իրողությունների պարագայում իսկապես ուշագրավ է դառնում փոխարտգործնախարարի հայտարարությունը, որ Հայաստանը պնդելու է իր թեկնածությունը։ Պարզ չէ, թե հատկապես ով է եղել Հայաստանի թեկնածուն, բայց փաստորեն դա եղել է մի գործիչ, որն անընդունելի է եղել ՀԱՊԿ անդամների համար։ Թե նրանցից հատկապես ում, դժվար է ասել, գուցե ոչ մեկի` այլ մի քանիսի, գուցե բոլորի։

Եվ այստեղ հատկանշական է, որ դեկտեմբերին Վեհաժողովից առաջ Երեւանը հայտարարում է փոխարտգործնախարարի մակարդակով, որ Հայաստանը չի փոխելու իր թեկնածուին։ Ըստ երեւույթին Երեւանը փորձում է բարդ իրավիճակում գոնե անուղղակիորեն խուսափել ոչ միայն ավելորդ ու անհարկի, այլ ինչ որ իմաստով նույնիսկ խնդրահարույց, եւ խոշոր հաշվով անարժանապատիվ հեռանկարից, նկատի ունենալով այն մեղմ ասած ոչ դաշնակցային պահվածքը, որ Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ, եւ նաեւ դրա գործնականում բոլոր առաջատար անդամները առանձին ցուցաբերել են թե ապրիլի պատերազմից առաջ, թե դրա ընթացքոմ, թե դրանից հետո։

Ամենաընթերցվածը