Պաշտոնական Երեւանը բանակցային դետալ է բացահայտում

    • Մեկնաբանություն - 23 Նոյեմբերի 2016, 17:56
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՙԼավրովի պլանի՚ վերաբերյալ հարցին հայտարարել է, թե կրկնում է, որ այդպիսի պլան գոյություն չունի։ Այդ հայտարարությունն անելիս Շավարշ Քոչարյանը բերել է մի օրինակ, իրավիճակը պարզ դարձնելու համար։ Այդ օրինակում Քոչարյանն արել է բավականին ուշագրավ ակնարկ եւ ինչ որ իմաստով նաեւ որոշակի բանակցային իրավիճակի բացահայտում։

«Պատկերացրեք նման իրավիճակ։ Մենք Քերրիի միջոցով փոխանցում ենք Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից ճանաչելու եւ տարածքների վերադարձի մասին մեր առաջարկը։ Քերրին մեր առաջարկը փոխանցում է, եւ մենք հայտարարում ենք, որ կա «Քերրիի ծրագիր»։ Ես պատահաբար չեմ այս օրինակը բերում։ Կողմերը միջնորդների միջոցով առաջարկներ են փոխանցում, եւ ճիշտ չէ հետո դրանք պլան կոչել։ Լավրովը նույնպես բազմիցս հերքել է իրեն  վերագրվող պլանը», հայտարարել է Շավարշ Քոչարյանը։

Օրինակը շատ ուշագրավ է։ Քոչարյանը փաստորեն ակնարկում է, որ Լավրովը Հայաստան է բերել ադրբեջանական առաջարկները։ Թե ինչպիսին են եղել դրանք, թերեւս հնարավոր է պատկերացնել։ Միաժամանակ, խիստ ուշագրավ է, որ հայկական կողմի առաջարկների վերաբերյալ օրինակը Քոչարյանը բերում է ոչ թե Լավրովի, այլ Քերիի վրա, ընդ որում նշելով, թե պատահաբար չէ, որ բերում է օրինակը։

Հայաստանի փոխարտգործնախարարը փաստացի ակնարկում է, որ այսպես կոչված բանակցային գործընթացում Ռուսաստանը եղել է ադրբեջանական առաջարկների «պրովայդերը», իսկ հայկական առաջարկների «պրովայդեր» հանդիսացել է ԱՄՆ։ Մեծ հաշվով այդ իրավիճակը իհարկե զարմանալի եւ նույնիսկ անսպասելի չէ, քանի որ Ալիեւն ու նրա վարչակազմը ամենեւին հիմար չէին, որ հատկապես վերջին շրջանում շարունակ մեղադրեին ԱՄՆ-ին հայամետ դիրքորոշման համար։

Բայց հետաքրքրական է այն, որ իրերի այդ դրության մասին հայտնում է փաստորեն պաշտոնական Երեւանը, ինչ որ իմաստով ակնարկելով նաեւ, որ գոյություն է ունեցել որոշակիորեն «Քերիի ծրագիր», որը Երեւանի համար եղել է նախընտրելի` ի տարբերություն Բաքվի համար նախընտրելի «Լավրովի պլանի» մասին։

Թե ինչու է պաշտոնական Երեւանն այժմ անում այդ բացահայտումը, դժվար է ասել։ Չի բացառվում, որ դա որոշակի ճնշման փորձ է Ռուսաստանի հանդեպ, ինչը պայմանավորված է գուցե Ադրբեջանի վերջին շրջանի որոշակի ագրեսիվ պահվածքով եւ Երեւանը ՌԴ հանդեպ այդօրինակ ակնարկով փորձում է Մոսկվային դնել մի վիճակում, երբ այն ստիպված կլինի գործնական քայլեր ձեռնարկել Բաքվին զսպելու հարցում։

Պետք չէ բացառել նաեւ, որ բացահայտումը կապված է իրավիճակը առավել լայն փոփոխության հետ, երբ թե Քերիի, թե Լավրովի ծրագրերն այլեւս անցյալում են։ Սովորաբար, հենց այդ ժամանակ են բացահայտվում դրանք, երբ այլեւս չկա դրանց անհարկի հրապարակայնությամբ վնասելու անհրաժեշտություն։

Օրերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ դեկտեմբերի 31-ին դադարեցնում է համանախագահի պաշտոնավարումը։ Ուորլիքը ընդհանրապես հեռանում է դիվանագիտռական ծառայությունից։ Միաժամանակ, հունվարից հեռանում է նաեւ նախագահ Բարակ Օբաման եւ դեմոկրատական վարչակազմը, այսինքն նաեւ պետքարտուղար Քերին։ Թե ով կլինի նոր պետքարտուղարը Հանրապետական Թրամփի վարչակազմում, դեռեւս պարզ չէ։ Շավարշ Քոչարյանն ասում է, թե Արցախի հարցում պետք չէ սպասել ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության էական փոփոխություն։

Արդյո՞ք Երեւանն ակնկալում է, որ Վաշինգտոնը կպահպանի հայկական շահերի ՙպրովայդերի՚ կարգավիճակը։

Այստեղ սակայն էական խնդիրը այն է, թե ինչով կարող է փոխվել Երեւանի քաղաքականությունն Արցախի հարցում եւ արդյո՞ք պաշտոնական Երեւանը կգտնի կամք եւ կարողություն դուրս գալ երկու տասնամյակի այն բովանդակային բանակցային ծուղակից, որում հայտնվել է Արցախի առաջին պատերազմի ավարտից անմիջապես հետո` սեփական կամքով։ Այդ ծուղակի առանցքը այն է, որ պաշտոնական Երեւանը բանակցային կամ կարգավորման գործընթացի հենց մեկնարկից համաձայնել է պատերազմի արդյունքի վերանայմանը, ինչն էլ հանդիսացել է գործնականում այն ՙբահը՚, որով փորվել է երկու տասնամյակի բանակցային մեծ փոսը։

Երեւանն ունի այդ փոսից դուրս գալու խնդիր։ Շավարշ Քոչարյանը ակնարկում է, որ ներկայումս գործընթացը փաստացի չունի բովանդակություն, այն գործնականում դատարկ է։ Բայց այդ դատարկությունը չի կարող շարունակվել երկար, այն կլցվի կամ հակամարտության կարգավորման գործընթացի լիովին նոր տրամաբանություն ենթադրող նոր բովանդակությամբ, կամ կլցվի նոր պատերազմով։

Ապրիլի պատերազմը Երեւանին տվել է նոր բովանդակության հնարավորություն, որը շարունակում է պահպանվել, չնայած անցնող ամիսներին արդեն իսկ դրա անցման որոշակի առիթներ բաց թողնելուն։