Պուտինի նահանջը Հայաստանից

    • Մեկնաբանություն - 23 Նոյեմբերի 2016, 15:47
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նոյեմբերի 22-ին հայտարարեց, թե չի պատրաստվում մասնակցել Հայաստանի խորհրդարանի ընտրությանը։ Մասնակցության մտադրության մասին նա հայտարարել էր 2015 թվականին, ասելով, թե դրա համար ստեղծելու է կուսակցություն։ Խորհրդարանի ընտրությանը չմասնակցելու մասին Արա Աբրահամյանի հայտարարությունը Հայաստանում արժանացավ անհամեմատ ավելի քիչ ուշադրության , քան երբ նա հայտարարել էր, թե պատրաստվում է մասնակցել եւ ստեղծում է կուսակցություն։

Մինչդեռ, Աբրահամյանի չմասնակցելու հայտարարությունը պակաս հետաքրքիր չէ, քան մասնակցության մասին մեկ տարի առաջ արվածը։

Մեկ տարի առաջ Հայաստանում նա հայտարարելով, թե ստեղծում է կուսակցություն, ասեց նաեւ ՙմոգական՚ բառը կամ նշանաբանը` մենք ռուս ենք եւ Պուտինը միշտ ճիշտ է։

Փաստացի, Հայաստանի խորհրդարանի ընտրությանը չի մասնակցում, Հայաստանի քաղաքական դաշտ չի մտնում ոչ թե Արա Աբրահամյանը, այլ հենց այն ՙմոգական՚ նշանաբանը եւ ուղենիշը, որով նա իր մուտքի հայտն էր ազդարարել Աբրահամյանը։

Անշուշտ դժվար է ասել, թե ում հետ էր Աբրահամյանը համաձայնեցրել քաղաքական դաշտ մտնելու եւ խորհրդարանի ընտրությանը մասնակցելու որոշումը, կամ ումից էր ստացել այդ ցուցումը, եւ ով է նրան հորդորել, խորհուրդ տվել, հանձնարարել կամ հրամայել հրաժարվել այդ մտքից։ Բայց, դա մեծ հաշվով այդքան էլ կարեւոր եւ առանցքային չէ, այն ՙկոդի՚ ֆոնին, որ մեկ տարի առաջ իր հայտի հետ ներկայացրել էր Աբրահամյանը` մենք ռուս ենք մեր մենթալիտետով եւ Պուտինն էլ ճիշտ է ամեն ինչում։

Ռուսաստանի հայերի միության նախագահը ոչ միայն երբեք չի խորշել Պուտինի հետ ասոցացվելուց, այլ հնարավորինս ձգտել է դրան` փորձելով օգտագործել հարմար ցանկացած առիթ, երբ կարող էր ներկայանալ որպես Պուտինի ՙմարդ՚։

Պատահական չէ, որ հենց այդ ասոցիացիայով էլ նա ներկայացրեց Հայաստանի քաղաքականություն մտնելու եւ խորհրդարանի ընտրության հայտը, ասելով, թե մարդիկ կզարմանան, երբ տեղեկանան իր հավակնության ու ծրագրերի մասին։

Այդպիսով, ի դեմս ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի, Հայաստանի քաղաքական դաշտից նահանջում է Պուտինը, համենայն դեպս այն տեսքով, որ տեսքով փորձ էր արվում ՙբերել նրան՚ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ։ Իսկ այն, որ Արա Աբրահամյանն իր հայաստանյան ծրագրերը այդուամենայնիվ չէր կարող ճշտած չլինել Ռուսաստանի իշխանական շրջանակների հետ` մոսկովյան տրամադրությունները առնվազն շոշափած լինելու համար, թերեւս անկասկած է։

Իհարկե ծիծաղելի կլինի կարծել, համարել, թե ՌԴ նախագահն այդպիսով իսկապես հեռանում է Հայաստանից, այսինքն թուլացնում է Հայաստանի վրա իր ազդեցությունը։ Անկասկած, նա չունի Հայաստանում ազդեցության գործակալների պակաս եւ չէր մնացել Արա Աբրահամյանի հույսին։ Բայց Աբրահամյանը ընտրությանն ընդառաջ փաստացի սահմանում էր ազդեցության մի նոր նշաձող, որը այժմ փաստացի չեղյալ է հայտարարվում։ Նշաձող, որն այն տեսքով, ինչպես որ ներկայացրել էր Աբրահամյանը, ըստ ամենայնի լինելու էր Հայաստանի ինքնիշխանության եւ պետական ու ազգային արժանապատվության պահածոյացման վերջին ակտը։

Փաստացի, տապալվել է հենց այդ վտանգավոր նշաձողը, ինչն անկասկած պայմանավորված է անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններով, այդ թվում ապրիլի պատերազմով եւ հուլիսի զարգացումներով, երբ Ռուսաստանը Հայաստանի իշխանությանը ակնհայտորեն մղում էր հուլիսյան իրադարձությունների ուժային կտրուկ հանգուցալուծման, ինչից հնարավոր եղավ խուսափել բոլոր կողմերի ջանքով։

Այդ ամենի հանրագումարն ըստ ամենայնի Ռուսաստանին բերեց եզրահանգման, որ Աբրահամյանով պլանավորված նշաձողը կարող է լինել կրակի վրա լցված յուղ, որից պետք է հրաժարվել։ Դա չի նշանակի անշուշտ, որ Ռուսաստանը կհրաժարվի Հայաստանի ինքնիշխանության լիարժեք չեզոքացման ռազմավարական մտադրությունից։ Այդ իմաստով, Հայաստանի հասարակությունը, նաեւ զինված ուժերը ըստ ամենայնի դեռ երկար ժամանակ կանգնած կլինեն այդօրինակ նշաձողերը տապալելու հրամայականների առաջ։ Շատ կարեւոր է, որ այդ խնդիրները լուծվեն կանխարգելիչ ռեժիմում, ապրիլի օրինակով պոստֆակտում եզրահանգումների կարիք չունենալու համար։