Քրեա-սպեկուլյատիվ կառավարման խոշոր բացահայտումը

    • Մեկնաբանություն - 23 Նոյեմբերի 2016, 12:10
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները ի ցույց են դնում Հայաստանի 2016 թվականի տնտեսական հետընթացը, անգամ 2015 թվականի այսպես ասած ոչ տպավորիչ իրավիճակի համեմատությամբ։ Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում 2016 թվականի ինն ամիսների բյուջետային կատարողականի քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հաջողվի ապահովել 2016 թվականի բյուջեի հիմքում դրված 2,2 տոկոս աճի կանխատեսումը։

2016 թվականին 2,2 տոկոս աճ կանխատեսել էր Հովիկ Աբրահամյանի կառավարությունը։ Հոկտեմբերին այդ կառավարությունը գնաց եւ տարին փակում է արդեն Կարեն Կարապետյանի կառավարությունը, որը հայտարարել էր, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է։ Այսինքն, Կարապետյանն ըստ ամենայնի շատ լավ էր պատկերացնում ցուցանիշների հետընթացը եւ անկումը ու վարչապետի պաշտոնում հենց առաջին հայտարարությամբ նա փաստացի ապահովագրեց իրեն ու իր թիմին այդ հետաընթացի համար պատասխանատվությունից։

Դա նաեւ իրավաչափ, արդարացի ու տրամաբանական է, քանի որ 10-րդ ամսում կառավարության ղեկը ստանձնած թիմն իհարկե որեւէ դեպքում չի կարող պատասխանատու լինել երկու տարի շարունակ տնտեսությունը փաստացի մանիպուլյացիաների ենթարկած եւ խորքային որեւէ բարեփոխում եւ լուծում չիրականացրած կառավարության գործունեության համար։

Իսկ այն մեղմ ասած կասկածը, որ Հայաստանի տնտեսությունը, առնվազն դրա որոշ ճյուղեր ենթարկվել են իսկապես մանիպուլյացիոն ներգործության, առաջանում է օրինակ գյուղատնտեսության ցուցանիշներից։ Ընդ որում, այդ կասկածը բավականին թափանցիկ ակնարկով արտահայտում է նաեւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Վիճակագրական ցուցանիշի համաձայն, տնտեսական հետընթացի պատկերում էական դեր ունի գյուղատնտեսությունը, որը 2015-ի համեմատ արձանագրել է զգալի անկում։ Ֆինանսների նախարարը ասում է, թե պետք է հասկանալ` ինչու է դա տեղի ունեցել։ Եղանակային կտրուկ անբերանպաստություն կարծես թե չի եղել, չեն եղել շոկային այլ գործոններ։ Ուրեմն ինչու է անկում արձանագրել բերքահավաքի ցուցանիշը։ Նախարարն ասում է, թե գուցե վիճակագրական ծառայությունն է հաշվել այլ, առավել ճշգրիտ մեթոդաբանությամբ։

Փաստացի, նախարարն ասում է, որ նախորդ տարվա ցուցանիշը եղել է ոչ ճշգրիտ։ Նախարարն առնվազն կասկածում է դրա ճշգրտությանը, ակնարկելով, որ 2015 թվականին գյուղատնտեսության աճի ցուցանիշը եղել է ուռճացված։

2015 թվականին գյուղատնտեսության աճի ցուցանիշը Հովիկ Աբրահամյանի կառավարության դրոշակն էր, նրա տնտեսական արդյունքի այսպես ասած հենքը, հիմնասյունը։ Այդ աճի ցուցանիշի վրա Աբրահամյանի կառավարությունը կառուցում էր իր տարեկան տնտեսական ցուցանիշի այսպես ասած դրական պատկերը, որն էլ հետո հորդորում էր ամբողջ երկրով մեկ տարածել իր նախարարներին։ Նրանք, ի դեպ, դա անում էին կարծես թե մեծ դժկամությամբ, թերեւս հասկանալով, թե ինչ է կատարվում եւ գործ ունեն պարզ մանիպուլյացիայի հետ։

Բոլոր դեպքերում, 2016 թվականին փաստացի առաջանում է մի պատկեր, որը խիստ կասկած է հարուցում հենց այդ կապակցությամբ։ Ընդ որում, այդ պատկերը հավելվում է փաստացի այն խնդիրներին, որ առաջացել էին մթերումների հարցում, երբ ընկերությունները խոշոր պարտքեր էին կուտակել գյուղացիական տնտեսություններին, քանի որ Հովիկ Աբրահամյանի հորդորով մթերում են իրականացրել` գյուղատնտեսության այսպես ասած դրական ցուցանիշների համար։

Այդ բոլոր խնդիրները երեւան եկան արդեն 2016 թվականին։

Ավելին, 2016 թվականին մամուլում հայտնվեց մեկ այլ ուշագրավ պատմություն, կապված Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքների արտահանման ցուցանիշի կտրուկ, բազմակի աճի հետ։ Այդ տեղեկություններում ենթադրություն էր հայտնվում, որ հավանաբար Հայաստանից Ռուսաստան է արտահանվել նաեւ թուրքական գյուղմթերք` Հայաստանում արտադրվածի անվան տակ։ Ռուսաստանը Թուրքիայի հետ գժտության ժամանակաշրջանում պատժամիջոց կիրառեց եւ արգելեց թուրքական գյուղմթերքի մուտքը Ռուսաստան։ Ըստ հայկական մամուլի հրապարակումների, հավանաբար Հայաստանից սկսվել է հայկական արտադրության գյուղմթերքի անվան տակ Ռուսաստան արտահանվել թուրքականը. Ններկրվել է Հայաստան, իսկ հետո Հայաստանում արտադրվածի անվան տակ արտահանվել Ռուսաստան։

Բացառված չէ, որ նաեւ դրա հետեւանքով է ցուցադրվել գյուղատնտեսության մեծ աճ, որը հիմա չկա, քանի որ չկա նաեւ այդ ՙտարանցիկ՚ գործընթացը։

Այդպիսով, ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որն ի ցույց է դնում Հայաստանում գյուղատնտեսության աճի սպեկուլյատիվ բնույթը։ Ստացվում է իսկապես հետաքրքրական պատկեր։ Մի քանի տարի առաջ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարեց Հայաստանում կապիտալ շինարարության մինչ 2008-թվականյան աճի սպեկուլյատիվ բնույթի մասին։

Է՞լ ինչ սպեկուլյացիաներ են կատարվել եւ կատարվում Հայաստանի տնտեսությունում, որոնք ի հայտ են գալու որոշ ժամանակ անց` կամ ծանր տնտեսական հետեւանքի, կամ քաղաքական շարժառիթների բերումով։ Հավանաբար մի օր կհայտարարվի նաեւ Նաիրիտի հետ կապված խոշոր սպեկուլյացիայի մասին, հետո կհայտարարվի էներգետիկայում, հանքարդյունաբերության ոլորտում առկա սպեկուլյացիաների մասին։

Ի վերջո մի օր կպարզվի, որ Հայաստանի տնտեսությունը հանդիսանում է մի մեծ սպեկուլյացիա, ինչի համար բավական թանկ է վճարում հասարակությունը` թե բառի ֆինանսական, թե նաեւ անվտանգության իմաստով։ Թեեւ, խոշոր հաշվով օրինակ հենց դա պարզվեց ապրիլի պատերազմում։

Ամենաընթերցվածը