Իրավիճակը փոխվեց. բումերանգը գալիս է դեպի ՀՀԿ

    • Մեկնաբանություն - 23 Նոյեմբերի 2016, 11:20
Գնու՞մ է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը դատարան, թե ոչ։ Վճարու՞մ է Երեւանի գարեջրի սեփականատեր պատգամավոր Հակոբ Հակոբյանը 110 միլիոն դրամ տուգանքը, թե՞ գնում է դատարան։ Հարցերը դեռեւս մնում են անորոշ եւ անպատասխան, այն ինտրիգից հետո, որ ներիշխանական դաշտում առաջացրեց ՏՄՊՊՀ որոշումը գարեջրի շուկայում գործող երկու ընկերությունների նկատմամբ։ Նրանցից մեկի սեփականատեր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հայտարարեց, թե չի վճարելու, իսկ Գյումրի գարեջուր ընկերությունն էլ Արտակ Շաբոյանին մեղադրեց պատվեր կատարելու համար։ Այդ ընկերության սեփականատերն էլ դե ֆակտո ՀՀԿ-ական, նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, նախկին պատգամավոր եւ ներկայումս Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն է։

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ Արտակ Շաբոյանին հորդորեց հանգիստ թողնել գարեջրի շուկան եւ անցնել առավել խնդրահարույց ապրանքային շուկաների ուսումնասիրմանը։

Ներիշխանական ինտրիգը, որ պայմանավորված է թե զուտ իշխանությամբ պայմանավորված շահերի բախումով, թե ֆինանսական լուրջ խնդիրներով, որի առաջ կանգնած է պետական գանձարանը, աներկբա է։

Իսկ ահա որտեղ է պետական, հանրային շահն այդ պատմության մեջ, առայժմ տեսանելի չէ։ Բանն այն է, որ առկա է մի պարզ խնդիր` Արտակ Շաբոյանը գործել է օրենքի շրջանակու՞մ, թե ոչ։ Գարեջրի ընկերությունների վերաբերյալ նրա գործողությունները եղել են օրենքին համապատասխան, թե նա գործել է ապօրինի, խախտել է օրենքը։

Այդտեղ է հանրային եւ պետական շահը, որ պահանջում է պարզաբանում եւ լուծում։ Եթե Շաբոյանը գործել է օրենքին համապատասխան, ապա նրա գործողություններից տուժած սեփականատերերը պետք է գրոհեն ոչ թե Շաբոյանին եւ նրա հանձնաժողովը, եւ այդ գրոհին փորձեն ներգրչավել վարչապետին, կամ վարչապետն էլ փորձի միանալ գրոհին, այլ պետք է գրոհեն սեփական կուսակցությանը, որը խորհրդարանի բացարձակ մեծամասնությունն է։

Դա պետք է անի թե Հակոբ Հակոբյանը, որը այժմ այդ մեծամասնության անդամ պատգամավոր է, թե Սամվել Բալասանյանը, որը նախկին պատգամավոր էր եւ դե ֆակտո հանդիսանում է նաեւ այդ մեծամասնության աջակցությամբ քաղաքապետի պաշտոնը ստանձնած գործիչ։

Եթե Շաբոյանը գործել է օրենքով, եւ վարչապետը, գործարարները համարում են, որ նա վնաս է հասցրել բիզնեսին, այն էլ անհարկի վնաս, ուրեմն կա խնդիր այն օրենքի հետ, որով գործել է Շաբոյանը։

Իսկ այդ օրենքը ընդունել է այն խորհրդարանը, որի անդամ է Հակոբ Հակոբյանը, որի անդամ է եղել Սամվել Բալասանյանը։ Ավելին, օրենքը ընդունվել է հենց նրանց հավանությամբ, համենայն դեպս առնվազն լռությամբ։ Այժմ այդ օրենքը բումերանգի նման հարվածում է հենց նրանց, ինչը իհարկե պայմանավորված է իշխանության վերաձեւումների մեծ գործընթացով եւ ռեսուրսների մեծ սղությամբ։

Ի վերջո, այստեղ է խնդրի բուն առանցքը եւ հենց դա պետք է հասկանալ` օրենքը ՏՄՊՊՀ-ին տալիս է բիզնեսի գործունեությանը միջամտելու անսահմանափակ կամ չափից դուրս  հնարավորությու՞ն, թե՞ այդուհանդերձ օրենքը կարգին է, պարզապես կարգին չեն աշխատել ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում հայտնված ընկերությունները։

Ո՞վ գիտե, թե քանի քանի ընկերության է Շաբոյանը ՙառնչվել՚ եւ տհաճ որոշումներ կայացրել նրանց նկատմամբ, ինչը սակայն չի դարձել հանրային աղմուկի պատճառ եւ վարչապետները նրան չեն հորդորել հեռու մնալ այդ շուկաներից, որովհետեւ այդ ընկերությունների ղեկավարները չեն եղել պատգամավոր, ՀՀԿ դե յուրե կամ դե ֆակտո անդամ։

Երբ խորհրդարանի դե յուրե եւ դե ֆակտո մեծամասնությունը ընդունում է օրենքներ, կա վստահություն, որ այդ օրենքը երբեք չի առնչվելու սեփական բիզնեսին, քանի որ իշխանությունը Հայաստանում օրենքից վեր է եւ հենց դրա համար էլ գործարարները սերտաճում են այդ իշխանությանը` անխոցելի լինելու համար։ Այդ օրենքները դառնում են իշխանության գործիքը անցանկալի կամ անտանիք բիզնեսների դեմ, միտված լինելով ոչ թե բիզնեսի համար գործունեության հնարավորինս ազատ եւ անկաշկանդ, հետեւաբար գրավիչ ու արդյունավետ միջավայր ստեղծելուն, այլ հարկ եղած դեպքում քաղաքական շարժառիթներից ելնելով արագ սահմանափակումներ կիրառելուն։

Բայց, իրավիճակը փոխվում է, փոխվում է իշխանության վիճակը եւ օրինակ ՀՀԿ-ական օդիոզ դեմքերից մեկը կարող է հայտարարել, որ իշխանությունը դիտավորյալ սնանկացնում է իրեն։ Այդպես էր հայտարարում Աշոտ Աղաբաբյանը` պատգամավոր, Բուռնաշ մականունով, որին էլ մեկ տարի առաջ տուգանել էին մի քանի տասնյակ միլիոն դրամով` հարկայինի ՙգծով՚

Այժմ էլ մեկ այլ պատգամավոր` Հակոբ Հակոբյանը` Պիվի Հակոբ մականունով, իրեն տուգանելուց հետո հայտարարում է, թե կթողնի ու կհեռանա Հայաստանից։ Մինչդեռ նրան տուգանել են այն Հայաստանում, որի իրականությունը ձեւավորվել է նաեւ Հակոբյանի սեղմած կոճակներով ընդունված օրենքներով։ Այդ դեպքում, Հայաստանից թողնել հեռանալու ՙկուլտուր-մասսայական՚ հռչակագրի փոխարեն, օրենսդիր, ներկայացուցչական կառույցի անդամը պետք է լուծումները փնտրի օրենսդրա-իրավական հարթության, ոչ թե արտագաղթի մեջ։

Երբ իշխանության այս կամ այն ներկայացուցիչ բախվում է իր իսկ ձեւավորած իրականությանը, երբ այդ իրականությունն արդեն անմիջականորեն առնչվում է այդ ներկայացուցչին, նա կամ հայտարարում է թողնել հեռանալու մասին, կամ ստեղծում է ընդդիմադիր կուսակցություն։

Գուցե իրավիճակը որակապես այլ լինի, եթե կոճակ սեղմելուց, կամ իշխանական կարգավիճակում որեւէ քայլի մասնակցելուց, հավանություն տալուց առաջ իշխանության բոլոր ներկայացուցիչները փորձեն երեւակայել ոչ թե դրա հետեւանքով ստանալիք օգուտները եւ վայելքները, այլ հարվածները` երբ այդ իրականությունը ինչ-ինչ պատճառով կամ առիթով շրջվի իրենց դեմ։