Բանաններ. տնտեսական պատերազմը հայտարարվե՞լ է

    • Մեկնաբանություն - 23 Նոյեմբերի 2016, 10:13
Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն է հրապարակել, որ Հայաստան բանանի խմբաքանակի ներմուծումը խոչընդոտելու մասին օպերատիվ տեղեկություն ստանալուց հետո միջոցառումներ է ձեռնարկել եւ օգնել է բանանը Հայաստան ներմուծել:

Բանանը դարձել է Հայաստանում տնտեսական իրավիճակի խորհրդանիշը, որը բնութագրվում է ծայրահեղ մենաշնորհացմամբ եւ քվոտարվածությամբ: Չգրված օրենքներով եւ պայմանավորվածություններով բանանի ներմուծումը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մենաշնորհն է: Նա չի էլ թաքցնում դա: Ըստ երեւույթին, այդ շուկան «անձեռնմխելի է» եւ դրա «ապամենաշնորհացումը» ներկայիս կառավարության համար ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական խնդիր է դառնում: Միհրան Պողոսյանի «զինաթափումը» կարող է ամբողջ ժամանակաշրջանի ավարտ դառնալ:

Բանանի ներմուծման խոչընդոտման մասին տեղեկությունը, իհարկե, յուրահատուկ էր: Տաղանդավոր ռեժիսորը կարող էր այդ թեմայով բլոքբաստեր ստեղծել՝ բանանի մուտքն արգելող խմբի դեմ ՊԵԿ օպերխմբի զինված ռեյդի սցենարով: Խոչընդոտներ հարուցելու համար խումբը, հավանաբար, զինված է եղել: Խումբը զենք կրելու իրավունք ունեցե՞լ է: Հայաստանում քանի՞ զինված մարդ կարող է տնտեսական պատերազմի մեջ մտնել այլ շուկաներում:

Այն, որ օլիգարխները զինում են իրենց մարդկանց, հայտնի դարձավ 2008 թվականի մարտի 1-ին, երբ նրանք փողոց դուրս բերեցին իրենց ոչ մեծ բանակները: Հետո այդ բանակները թաքցրեցին իրենց զենքը: Ակնհայտ է, սակայն, որ եթե իրենց շահերին ու իշխանությանը վտանգ զգան, նորից կարող են հանել զենքը:

Բանանի ներմուծմանը խոչընդոտած անձինք զինվա՞ծ են եղել: Հայաստանի իրավապահ մարմինները պետք է պատասխանեն այդ հարցին, քանի որ այն վերաբերում է համընդհանուր անվտանգությանը: Եթե նրանք զինված չեն եղել, ապա ինչպե՞ս են խոչընդոտել բանանների ներմուծմանը: Մի՞թե միայն բառերով ու «պանյատներով»: Ինչպե՞ս է ՊԵԿ-ը կարողացել հարթել իրավիճակը, մաքսավորներն օգտագործե՞լ են զենք:

Հայաստանում տնտեսական պատերազմը բաց կերպով է հայտարարված: Չի բացառվում, որ այժմ նկուղներում օլիգարխներն ու մենաշնորհատերերը մաքրում են զենքերը: Եթե անգամ դրանք չօգտագործվեն մարմնական վնասվածքներ հասցնելու համար, դրանով միշտ կարելի է վախեցնել: 2011 թվականին լրատվամիջոցներում հրապարակված պատմությունն այն մասին, թե ինչպես է օլիգարխներից մեկն ատրճանակը դեմ տվել հակամենաշնորհային հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի քունքին, շարտերի աչքն է վախեցրել: 

Ամենաընթերցվածը