Վարչապետի 100 օրվան ընդառաջ

    • Մեկնաբանություն - 22 Նոյեմբերի 2016, 18:44
Հայաստանում նոր վարչապետ է աշխատանքի անցել: Մինչ հիմա 3 նախագահ, 13 վարչապետ ենք ունեցել: Նախորդ 13-ի ճակատագրերը խիստ բազմազան են եղել և ընդգրկում են ահաբեկչության զոհից, ծեծվելով հեռացվածից, նախագահ դարձածներից մինչև նույնիսկ բնական մահացածն ու քավության նոխազների երկար շարքը:

Ներկայում դժվար է կանխատեսել, թե Կարեն Կարապետյանը որ նախորդի ճակատագրով է շարունակելու իր վարչապետությունը: Բայց և, հաստատապես պարզ է, որ ինքն է ընտրելու իր վարչապետական հետագա ճակատագիրը: Հայաստանի ներքինին ոչ այնքան տեղյակ դիտորդին կարող է թվալ,  թե ինքն ազատ է գործելու Լի Կվան Յու- Հովիկ Աբրահամյան ստեղծագործական- գործնական մտովի ինտերվալում։  Բայց,  հաշվի առնելով ներկա պահը, երկու ամսից ավել վարչապետության հետագիծը, Հայաստանի տնտեսաքաղաքան-բարոյական մթնոլորտն ու գարնանը սպասվելիք հարկադրական պառլամենտական ընտրությունները, անհնար է նախանձել իրեն։ 

Շատ առումներով, վարչապետին ոչ միայն քավության նոխազի ապագա է սպասվում, այլև ներկայում ինքը գործում է  ձեռնաշղթաներով, ոտքերին էլ ծանր կապանքներով։

Իրոք, ինչ կարող է անել թեկուզ ամենալավ միտումներով և նախագահից ստացած խոստումներով գործը ստանձնած  մաթեմատիկոս – գործարարը,  եթե երկրում իշխանություն ասածը ազգայինի, մարդկայինի ու պետականի վրա թքած քրեական օլիգրախիան է։  Եվ որի մոտիվներն ու սպասումները զուտ անձնական են՝ այն է, գարնանը ընտրական նոր ֆարսով, նոր կարգավիճակով Սերժ Սարգսյանի նոր իշխանության մեջ իրենց համարակալած-քվոտավորված տեղն ունենալը։

Իհարկե, նոր դեմքեր են հայտնվել կառավարության մեջ։ Մտել ենք 1000 դրամով զինվորների կյանքն ապահովագրելու բուռն ու աշխարհում նախադեպը չունեցող  եզակի գործընթացի մեջ, բայց ձևականից այն կողմ գործը չի գնացել։

70 օր է անցել վարչապետի նշանակումից և ինքը չի կարողացել հրապարակավ կիսվել ժողովրդի հետ ու հայտարարել, որ հարգելիներս, երկիրը մսխված է, մասնագիտական պոտենցիալը՝ արտաքսված, երկրում մնացածն էլ՝ բարոյապես ջնջխված։ Տնտեսություն ասածն արդեն չկա, իսկ եղածն էլ, եթե ավել է էքսկավատորով հանք քանդելուց ու բեռնատարով այն օֆշոր վաճառելուց, ապա բանակի 80-ականների զենքից էլ վատն է ու ոչ մրցունակ։ Ու այս ամենի համար ոչ մի նախորդ վարչապետ ու նախարար չի պատժված, ոչ մի նախագահ իմփիչմենթի չի ենթարկված, ոչ մի մեծ օրինախախտ ու օլիգարխ բանտ չի նետված։ Եվ ապագայում էլ որևէ մեկը չի պատժվելու, որովհետև սկզբունքորեն անհնար է այս երկրում իշխանավորին պատժելը։

Իհարկե, վարչապետը մինչև վարչապետությունն էլ գիտեր իրերի դրվածքը, բայց և համաձայնվել է ստանձնելու պաշտոնը և շարունակել «ինչ-որ բան» անելու իմիտացիան։

Երկու տարբերակ կարող է լինել  նման վարքի հիմքում։ Կամ շանտաժով է իրեն պարտադրվել պաշտոնը, կամ էլ նախապես, ռուսական միջնորդությամբ համաձայնեցված է մի կերպ  «յոլա» տանելու սցենարը մինչև գարուն ապահովելը, որն ինքնին մեծագործություն է՝ գոնե մի 6 ամիս երկիրը փլուզումից զերծ պահելու առումով։

Ես կարծում եմ, որ համաշխարհային պատմության մեջ աննախադեպ վիճակ է ստեղված։ Երկիրն ակնհայտորեն նախագահի միահեծան իշխանության ներքո է։ Բայց և, միահեծան նախագահը բացարձակ տետանուսային և ցուգցվանգային վիճակում է երկրում որևէ կադրային և դրվածքային փոփոխություն անելու առումով։ Ու սա բխում է նախագահի անձնական տեսլականների ու հետագա հաշվարկների տրամաբանությունից։  

Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունը երևի վարչապետի նախնական պայմանն է եղել ու նախագահի միակ զիջումը, իսկ մնացած կոսմետիկ պաշտոնափոխությունները մի կողմից սեփական կաբինետում օդիոզ դեմքերի պատճառով ինֆարկտ չստանալու, մյուս կողմից էլ աբսուրդը զուտ վարագուրելու իմաստ են ունեցել, բայց ոչ համակարգային փոփոխություն ներդնելու։   

Հասկանալու համար նախագահական տետանուսը, պետք է իմանալ, թե ինչ իշխանական տեսակ է առկա Հայաստանում. ոստիկանապետություն, օլիգարխիա, կլեպտոկրատիա, օխլոկրատիա, անարխիա, բռնապետություն, ավտորիտարիզմ։

Իմ կարծիքով վերը նշվածներից ոչ մեկն էլ չէ։ Մենք կերտել ենք քաղաքակրթությանն անհայտ պետության ու կառավարան տեսակ՝ անդեմ,  անսուբյեկտ, խամաճիկային անարխիա, ուր միաժամանակ բոլորն են խամաճիկ իշխանականում, և բոլորն են անարխիստ՝ նեղ-անձնական,  փող գռփելու օղակներում։

Բանն այն  է, որ երկրի նախագահն էլ, 2013-ի սեպտեբերի 3-ին, իր վրայից թոթափեց հայկական պետական- անկախությունը և ինքն էլ դարձավ անձնապես Պուտինի տանիքի ներքո ընդգրկված հասարակ խամաճիկ։

Համատարած ենթակայական խամաճիկանոց  քաղաքականում և ֆեոդալական անարխիա՝ տնտեսականում, 21-րդ դարում, մեղմ ասած, մի քիչ «սիրուն չէ»։ Ավելին, ըստ նախադեպերի, նման պետությունը սուբյեկտային չէ, անկայուն է և գնում է կործանան։ Երևի դա է պատճառը, որ սույն տեսակի պետությունը ներկայի առումով լիարժեք նկարագրված չէ։ Բայց ցավոք, հոյակապ  նկարագրված է Խորենացու «Ողբ»-ում։

Իմ իմացածով, նույնական նկարագիր ուներ նաև առաջին հանրապետությունն իր անփառունակ վախճանի մանրամասերով։ 

Եվ նախագահը, և  վարչապետը,  և «ախպերականը» շատ լավ գիտեն վիճակը։ Մնում է, որ մենք էլ գիտակցենք հայկական պետականության ընթացքի վեկտորը և  դադարեցնենք անիմաստ սպասումները։

Վիճակը հոգեբուժականին է մոտ՝  իշխանությունը ֆիզիկական ուժ ունի ցանկացած դրականն ու տրամաբանականը մերժելու, բայց կամք ու ուղեղ չունի իշխանական ինքնասպան խելագարությունը տեսնելու ու զսպելու։ «Յոլա» է՝ կգնացվի ինչքան հնարավոր է, իսկ դրանից հետո, ժողովրդականով ասած՝ «յա էշը, յա իշատերը»։

1992-ին, ՀՀ գիտությունների  ակադեմիայում, առաջին նախագահի 100 օրվա կապակցությամբ  ուղիղ եթերով քննարկում էր։ Ես էլ էի ներկա և ձայն խնդրեցի նախագահից  ելույթի համար։ Բարձրացրեցի արդեն իսկ նշմարված կառավարման վատ հետագծի հարցը՝ համեմատություն  բերելով,  որ պետությունը ճամպրուկ է, որի  առաջ տանելը իշխանության հիմնական խնդիրն է։ Իսկ այդ խնդրի հաջող իրացման առաջին պայմանն էլ բռնակի տեսքը, կառուցվածքն ու դիրքն է։ Հարմար, ճիշտ հաշվարկված և ճիշտ տեղում ամրացված բռնակն այն մինիմալ անհրաժեշտ պայմանն է, որը թույլ կտա հեշտությամբ բռնել ճապրուկը և տիրապետել այն։

Իրականում բռնակ ասածը հենց առաջին քայլերն են, որոնցից երևում է, թե ինչքանով են հասկացվել երկրի պրոբլեմներն ու անելիքները կառավարողի կողմից, և ինչ սպասել հետագայում։

Նշեցի, որ  ըստ առկա հետագծերի, Դուք առանց բռնակի ու սխալ տեղերից եք փորձում բռնել հայկական պետականության «ճամպրուկը»՝  ուղղեք այդ սխալը, քանի ուշ չէ։

Երևի  պատմական էր այդ 100 օրվա քննարկումը, որովհետև հիշում եմ, նման ֆորմատով դա միակն էր՝ առաջինն ու վերջինը՝ հայոց նորանկախ պատմության քաղաքական մշակույթի մեջ։ 

Կյանքը ցույց տվեց, որ բոլոր  ելույթ ունեցողների նկատառումները ձայն էին բարբառո հանապատի։ Հետագայում հազարավորների ու հարյուր հազարավորների, նույնիսկ միլիոնավորների խոսքերն առ իշխանություն, ևս դարձան առ ոչինչ։

Իշխանությունն այդպես էլ, անկախության առաջին իսկ օրվանից սկսած, մնաց անհաղորդ մարդկանց հորդորներին ու  երկրի մարտահրավերներին և ամենակարևորը՝ առանց ճամպրուկի «բռնակի» ու դրա անհրաժեշտության գիտակցման։

Հիմա էլ ավելի ծանր է վիճակը։ Ցանկացած ասված ոչ թե ձայն է բարբառո հանապատի, այլ անարգված տաբու է, մանկամտություն՝ այն արտաբերողի կողմից։

Վերադառնալով այսօրվան՝ ասեմ, որ վարչապետը նորմալ, կանանց ասելով էլ գրավիչ տղամարդ է, բայց պարտադրված է գործելու աննորմալ միջավայրում ու շրջապատում։ Եվ իրենից սպասվողն էլ ոչ թե նոր մարդկանցով ինչ-որ հարցեր լուծելն է, երկրում քաղաքական մշակույթ փոխելը, այլ վիճակը գոնե «յոլայի» մակարդակի բարձրացնելը։

Հիմա էլ դրված է իր «կուսակցական»՝ այսինքն իշխանական կոհորտայի ստորադաս անդամ  դառնալու հարցը։ Կդառնա՝ ուրեմն կանցնի ՀՀԿ-ի թրի տակով և կընտրի նախորդ խամաճիկների հետագիծը։Չի դառնա կուսակցական, կաշխատի մինչև գարուն, ըստ որում ամեն քայլափոխի հանդիպելով առերես քծնանքի, իսկ  մեջքին էլ՝ քամահրանքի ու դավադրությունների։

Ցավոք, սա 3 նախագահներով սերմանված արդեն հանրային դարձած արժեքային է, որը հենց ներկա դժբախտությունների հիմնական արմատն է։

Մռայլ պատկեր ստացվեց, բայց ցավոք, այլը ինքնախաբեություն կլիներ։ Այս ամենով հանդերձ, վարչապետին ցանկանում եմ արիություն և տղամարդկություն՝ ոչ այնքան  հարցերը լուծելու, որքան դիմացինների հետ հարաբերվելու ասպարեզում, ի նկատի ունենալով երկրորդ նախագահի թևավոր խոսքը՝ որ երկրում տղամարդ չկա։ Այնպես որ, խամաճիկանոցում վախենալ պետք չէ, ընդամենը տղամարդկություն է պետք դրսևորել։