Արտակ Շաբոյանի անսպասելի պատասխանը վարչապետին

    • Մեկնաբանություն - 22 Նոյեմբերի 2016, 17:50
Հայաստանի իշխանական համակարգում կարծես թե ձեւավորվում է կառավարություն-ՏՄՊՊՀ հետաքրքրական, բավական նուրբ տողատակերով դիմակայություն, որի առնվազն հրապարակային սկիզբը հանդիսացավ կառավարության նիստում Կարեն Կարապետյանի դիտողությունը ՏՄՊՊՀ-ին։ Կարապետյանը ասելով, թե իրավասու չէ իհարկե որեւէ բան հանձնարարել անկախ հանձնաժողովին, այդուհանդերձ հորդորում է հանգիստ թողնել գարեջրի շուկան եւ անցնել առաջին անհրաժեշտության ապրանքային շուկաներին, որոնց կապակցությամբ են հանրության դժգոհությունները։

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վարչապետի այդ հորդորին կարծես թե հրապարակավ չանդրադարձավ, իսկ այդ հորդորից մի քանի օր անց վարչապետի թիմի անդամ եւ ամենավստահելի մարդկանցից մեկը հանդիսացող ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ, բանանի շուկայի վերաբերյալ, թե ինչպես է ՊԵԿ-ը օգնել բանան ներկրող մի տնտեսվարողի հաղթահարել ՙանհայտ անձանց՚ խոչընդոտը։

Այլ կերպ ասած, վարչապետը ոչ միայն հորդորեց Շաբոյանին, այլ նաեւ ՙմաստեր-կլաս՚ ցույց տվեց, թե ինչով է պետք զբաղվել։

Արտակ Շաբոյանը կարծես թե հետ չմնաց իր պատասխանով եւ դրա ՙվարպետությամբ՚։ Նոյեմբերի 22-ին հաղորդագրություն է տարածել ՏՄՊՊՀ-ն, որտեղ նշում է, որ Ռուսաստանում խոչընդոտ են հարուցում հայաստանյան Դուստր Մարիաննա ընկերության ատադրանքի իրացման գործում։ Խոսքը կաթնամթերքի իրացման մասին է։ Ըստ հանձնաժողովի, ռուսական մի քանի ընկերություն խախտելով օրենքը խոչընդոտում են հայկական ընկերությանը։

ՏՄՊՊՀ-ն հայտարարում է, որ դիմել է ՌԴ գործընկերներին, որպեսզի ՌԴ օրենսդրության շրջանակում ապահովեն հայկական ընկերության անարգել գործունեությունը Ռուսաստանի շուկայում։

Առաջին հայացքից թվում է, թե միմյանց հետ բացարձակապես կապ չունեցող խնդիրներ են, սակայն ստացվում է բավական հետաքրքրական հաջորդականություն։ ՊԵԿ-ը հայտարարում է Հայաստանի բանանի շուկայում խոչընդոտի եւ այն հաղթահարելու մասին` ՏՄՊՊՀ-ին Կարեն Կարապետյանի դիտողությունբ-հորդորից հետո, իսկ ՏՄՊՊՀ-ն ՊԵԿ հայտարարությունից հետո հաղորդագրություն է տարածում Ռուսաստանում հայկական ընկերության ապրանքի իրացմանը խոչընդոտելու մասին։

Ռուսաստան, որտեղից Հայաստանի վարչապետի պաշտոնի է եկել Կարեն Կարապետյանը, եւ վարչապետի պաշտոնում բավական էական շեշտադրումներ արել ԵՏՄ-ի, 170 միլիոնանոց շուկայի վերաբերյալ։ Եվ, մեկ այլ խիստ ուշագրավ հանգամանք` Կարեն Կարապետյանը Շաբոյանին դիտողությունն արեց նոյեմբերի 18-ի նիստում, Մոսկվայում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների հավաքից հետո Երեւան վերադառնալուն պես։

Ահա այդ համատեքստում, ՏՄՊՊՀ պատասխանը հավակնում է թերեւս դիվանագիտական ՙվիրտուոզության՚, որով Արտակ Շաբոյանը Կարեն Կարապետյանին թերեւս ակնարկում է, որ Մոսկվայից վերադառնալով ոչ թե պետք է դիտողություն անել իրեն, այլ Մոսկվայում պետք է զբաղվել հայ արտադրողների շահերի պաշտպանությամբ` ինչը անում է Շաբոյանը։

Ինչ խոսք, հետաքրքիր պատասխան է եւ այդ իմաստով Շաբոյանը փաստորեն գնդակը տեղափոխում է Կարեն Կարապետյանի դաշտ։

Ինչ հայտարարություն կամ հաղորդագրություն կհետեւի վարչապետի դաշտից։ Եվ այն նուրբ ակնարկ կլինի Շաբոյանի՞ն, թե՞ վարչապետը որեւէ մեկին կտեսնի նրա հետեւում` ուր էլ կհետեւի նրա պատասխանը։

Ինչ խոսք, հետաքրքիր է հետեւել իշխանության երկու օղակների այդօրինակ դիմակայությանը, որը դժվար է միարժեք գնահատել բացասական, եթե անգամ գործ ունենք ընդամենը ներիշխանական շահերի բախման հերթական արտահայտման հետ։ Ի վերջո, եթե դրա շնորհիվ Հայաստանում համակարգային խորությամբ դրվի տնտեսական մրցակցության պաշտպանության խնդիրը, դարձնելով այն օրակարգային հարց, այդտեղ հնարավոր է ՙորսալ՚ նաեւ հանրային-պետական շահ` թեկուզ իշխանության կամքից անկախ։

Ամենաընթերցվածը