Վարչապետը գտել է դասական պատասխանը

    • Մեկնաբանություն - 22 Նոյեմբերի 2016, 12:28
Հայտնի չէ, թե ինչ կլիներ վիճակը ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում։ Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը` խոսելով ԵՏՄ անդամակցության որոշման իրավացիության մասին։ Կարեն Կարապետյանն այդ մասին էլի է խոսել, երբ հացազրույց տվեց հայաստանյան մի քանի լրատվամիջոցի։

Կարապետյանի փաստարկն իսկապես «ծանրակշիռ» է` հայտնի չէ, թե ինչ կլիներ, եթե այդպես չլիներ։ Այդ փաստարկը կամ դրա էությունը հանճարեղ ձեւակերպել է դասականը` «եթե այսը այսպես չլիներ, շատ բան կփոխվեր. երեխա ժամանակ Հիտլերը քարից ընկներ…»։

Իսկապես, փաստ չէ, որ եթե Գերմանիայում իշխանության չգար Հիտլերը, հանկարծ իշխանության չէր գա առավել սարսափելի մեկը, որն ավելի մեծ ավերածություններ կգործեր Եվրոպայում ու աշխարհում։

Կարեն Կարապետյանն էլ ասում է, թե փաստ չէ, որ ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում վիճակը կլիներ ավելի լավ։ Շատ հզոր փաստարկ է։ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե չի ստում, միշտ անկեղծ է։ Փաստ չէ իհարկե, որովհետեւ նրա հարցազրույցները ստի դետեկտորով չէ, որ իրականացվում են, բայց այստեղ իսկապես կարեւոր է, թե արդյո՞ք նա անկեղծ է ԵՏՄ անդամակցության օգտին բերվող իր այդ փաստարկում։

Ընդ որում, խնդիրը բացարձակապես այն չէ, որ Կարեն Կարապետյանն իրավացի կլինի միայն այն դեպքում, եթե դատապարտի, քննադատի ԵՏՄ անդամակցության որոշումը։ Տվյալ պարագայում խնդիրը «ճաշակի հարցը» չէ, այլ փաստարկի ադեկվատությունը։

Եթե Կարապետյանի համար «ավելի լավ լինելը փաստ չլինելը» ԵՏՄ անդամակցության իրավացիության անկեղծ փաստարկ է, ապա այստեղ կա թերեւս կոմպետենտության լուրջ խնդիր, որովհետեւ հասարակությունն իր հարկերով իշխանական հսկա ապարատ պահում է նրա համար, որ փաստարկները լինեն առավել կոնկրետ եւ բովանդակալից։

Օրինակ, եթե Կարեն Կարապետյանը հստակ, առարկայորեն ասի, որ համաձայն այս այս հաշվարկի, ԵՏՄ անդամ չլինելու դեպքում Հայաստանն իր վրա զգալու էր այս այս հետեւանքը, ունենալու էր այս այս կորուստը, դա կլինի արդեն կոմպետենտ եւ համարժեք։ Այլ հարց, թե հանրության, փորձագիտական միջավայրի որ մասը կհամաձայնի նրա այդ փաստարկներին, իսկ որ մասը` չի համաձայնի։ Բայց, երկրում կծավալվի առարկայական բանավեճ, դրա միջոցով իրականությունը հանրության համար կդառնա առավել պարզ, հասարակական կարծիքը կստանա բովանդակային կողմնորոշման հնարավորություն, վերջապես կձեւավորվի ԵՏՄ անդամակցության հանդեպ հասարակական կարծիք։

Եթե, օրինակ Կարեն Կարապետյանն ասի, որ ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում ապրիլյան պատերազմը կտեւեր ոչ թե չորս, այլ 14 օր, կամ 1 տարի չորս օր, դա կլինի հասկանալի։ Այդ դեպքում հանրությունը կհարցնի, թե ինչու՞ է նա այդպես կարծում։ Տվյալ դեպքում նա-ն արդեն իշխանությունն է, որը պարզապես հանդես է գալիս Կարապետյանի դեմքով։ Նրան կհարցնեն, թե ի՞նչ գիտե, որ կլիներ ավելի վատ եւ ծանր պատերազմ։ Նա էլ ստիպված կլինի բացատրել, փաստարկել, մանրամասնել։ Եվ կրկին, կծավալվեր անվտանգության խնդիրների շուրջ առարկայական բանավեճ, ինչը կբարձրացներ Հայաստանում հարցի քննարկումների մակարդակն ու կհարստացներ բովանդակությունը, հասարակությանը թույլ տալով կատարել մոտեցումների, տեսակետների հարուստ եւ համեմատաբար առավել կոմպետենտ ընտրություն։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունը հանդես է գալիս մի փաստարկով, որը ոչ միայն բովանդակազուրկ է, այլ նաեւ բացարձակապես ազնիվ չէ հանրության, Հայաստանի քաղաքացու նկատմամբ, որը իշխանությանը հարկեր է վճարում հսկա պետական ապարատ պահելու համար, որպեսզի այդ ապարատը հասարակությանը ներկայացնի բովանդակալից եւ մասնագիտորեն կոմպետենտ կանխատեսումներ, փաստարկներ, վերլուծություններ` դրանց համար ստանձնելով շատ կոնկրետ պատասխանատվություն։

Այլապես, ստացվում է պետական ամենաբարձր մակարդակով հանրությանը կողոպտելու հերթական «պրիմիտիվ» մեխանիզմը, երբ միլիարդներ արժեցող պետական ապարատը պետության համար կարեւորագույն խնդիրների վերաբերյալ արտահայտվում է «եթե այսը այսպես չլիներ…» տրամաբանությամբ։

Ամենաընթերցվածը