Հայաստանի անվտանգությունը. Թուրքիան ՆԱՏՕ՞-ում, թե՞ ՆԱՏՕ-ից դուրս

    • Մեկնաբանություն - 21 Նոյեմբերի 2016, 22:09
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտել է Ռուսաստանի եւ Ղազախստանի ղեկավարների հետ ոչ պաշտոնական բանակցությունների մանրամասները Շանհայան համագործակցության կազմակերպությանը Թուրքիային անդամակցելու վերաբերյալ: Էրդողանը խոստովանել է, որ Եվրամիությունը մտադիր չէ իր դռները բացել Թուրքիայի առաջ, իսկ Անկարան Եվրամիությանն այլընտրանք է փնտրում:

Ընդ որում, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի վերանայելու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր վերջին հարցազրույցներում նշել է, որ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու հարցը չի քննարկվում: Նա փաստորեն խոստովանել է, որ Թուրքիան շատ կարեւոր է ՆԱՏՕ-ի համր, որ ուշադրություն դարձնի մարդու իրավունքների համատարած խախտումների ու ընդդիմադիրների ձերբակալությունների վրա:

ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունն աշխարհքաղաքական մակրոչափանիշ է, որը տարածաշրջանում եւ աշխարհում շատ գործընթացներ է որոշում: Հայկական քաղաքագիտությունում Ռուսաստանի մատուցմամբ ընդունված է համարել՝ քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ապա դաշինքն ինքնաբերաբար դառնում է Հայաստանի հակառակորդը: Հայաստանում սկսել են ավելի հաճախակի սթափ կարծիքներ հնչել, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի ագրեսիան զսպող գործոն է:

Օրերս Ստամբուլում կայացել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի նստաշրջանը: Հայաստանի ներկայացուցիչը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ՆԱՏՕ-ի ասամբլեայի ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: Դրան խիստ բացասաբար են արձագանքել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը եւ արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

ՆԱՏՕ-ն ամենահարմար հարթակը չէ ցեղասպանության հարցն առաջ տանելու համար: Այդ հարցի լռության մատնումը թույլ է տալիս ապահովել ՆԱՏՕ-ի լավ հարաբերությունները Հայաստանի հետ՝ ի հեճուկս Թուրքիայի կամքին: Ցեղասպանության հարցի արծարծումը կարող է պատճառ դառնալ, որի համար Թուրքիան ու նրա դաշնակիցները կտորպեդահարեն Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները:

Օրերս Երեւանում ՆԱՏՕ-ի շաբաթ է անցկացվել, եւ դաշինքի ներկայացուցիչ Ջիմի Շին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ՆԱՏՕ-ի համար խնդիր չեն: Ավելին, Շին հայտարարել է, որ Ռուսաստանի դաշնակցի հետ գործընկերությունը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանը թշնամի չի համարում:

Կարծիք կա, որ ՆԱՏՕ-ն հավանական հակառակորդ է համարում ոչ թե Ռուսաստանը, այլ ավելի շուտ Թուրքիան, որին այդ պատճառով չեն ցանկանում բաց թողնել ՆԱՏՕ-ի կոշտ գրկից: Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները փչանան, իսկ Թուրքիան իրեն ամբողջությամբ «նվիրել է» Եվրասիային, այլ ոչ թե Եվրատլանտյան գոտուն:

Կորյուն Նահապետյանի հայտարարությունները համարձակ են եւ հայրենասիրական, սակայն աշխարհքաղաքական գործընթացների համատեքստում դրանք կարող են ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի վատթարացած հարաբերությունների հերթական առիթը դառնալ:

Հայաստանը պետք է իր համար պարզի, թե Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս որքանով է անվտանգ Թուրքիայից ՆԱՏՕ-ում: Առավել եւս, որ Թուրքիան ու Ռուսաստանը գտնվելու են նույն ռազմական բլոկում: Այդ բլոկի պայմանը Հայաստանի մասով Ղարաբաղն է:

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը Ստամբուլում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի 62-րդ նստաշրջանում պատմել է, թե Թուրքիան որ դեպքում կբացի սահմանը Հայաստանի հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք  «դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացիան»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, որը նույնպես մասնակցել է նստաշրջանին, հիշեցրել է, որ Թուրքիան ավելի վաղ հանդես է եկել Հայաստանի հետ սահմանի բացման նախաձեռնությամբ Ադրբեջանին հող տալու դիմաց:

 «Մենք համապատասխան առաջարկ ենք ուղարկել Երեւանին: Ի պատասխան՝ Հայաստանը դեմ է հանդես եկել սահմանների բացման հարցը հայ-ադրբեջանական հակամարտությանը կապելուն: Դրան մենք հստակ պատասխան ենք տվել՝ Ադրբեջանը եղբայրական երկիր է: Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Ադրբեջանի խնդիրը Թուրքիայի խնդիրն է», - ասել է նա: