Ուորլիքի նախապատերազմական դասը Հայաստանին

    • Մեկնաբանություն - 21 Նոյեմբերի 2016, 16:48
2017 թվականի հունվարից Ջեյմս Ուորլիքն այլեւս չի լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, թե ով կփոխարինի նրան եւ ինչ հանձնարարությամբ կամ առաջադրանքով, դեռեւս պարզ չէ։ Ամենեւին առաջին անգամ չէ, որ Մինսկի խմբի համանախագահ որեւէ երկիր փոխում է իր դիվանագետին։ Ընդամենը շաբաթներ առաջ փոխվեց ֆրանսիացի համանախագահը։ Բոլոր երեք պետություններն էլ պարբերաբար փոխել են իրենց համանախագահներին,  սակայն այդ փոփոխությունները կարծես թե չեն բերել սկզբունքային քաղաքական վերափոխումների։ Այդ առումով, դժվար է ասել, թե ինչ կփոխվի Ուորլիքի փոփոխությամբ։

Բայց, հնարավոր է թերեւս արձանագրել, որ Ուորլիքի նշանակումով արցախյան գործընթացում փոխվեց ահագին բան։ Նա համանախագահ է 2013 թվականից եւ նրա նշանակումը ուղեկցվեց ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերիի ուղեկցող խոսքով, որ նոր համանախագահից իրենք ակնկալում են կարգավորման գործընթացի նոր մոտեցումներ եւ աշխույժ քայլեր։

Բավական բարդ է ասել, թե ինչքանով էր դա պայմանավորված հենց համանախագահի փոփոխությամբ, եւ որքանով ընդհանրապես ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի երկրորդ ժամկետում ընդհանուր քաղաքական ուղենիշների եւ նպատակների փոփոխությամբ, որոնք կատարվում էին ելնելով առաջին ժամկետում արտաքին քաղաքականության որոշ դասերից։

Բոլոր դեպքերում, Ջեյմս Ուորլիքն իսկապես նկատելի փոփոխություն մտցրեց կարգավորման գործընթացում, նպաստելով դրա շոշափելիորեն ավելի ՙբաց՚ ընթացքին։ Նա պարբերաբար հանդես էր գալիս թվիթերյան գրառումներով, բավականին թափանցիկ հարցազրույցներով, գնահատականներով, դրանցով անելով բավականին նուրբ ակնարկներ որեւէ փուլում գործերի վիճակի, հնարավոր զարգացումների մասին, քննարկումների բովանդակության, եղած առաջարկների կամ սցենարների մասին։

Այստեղ հարկ է թերեւս արձանագրել մի կարեւոր նրբերանգ։ Երբ Ջեյմս Ուորլիքը նշանակվեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, գործընթացը գտնվում էր փաստացի հետկազանյան փուլում, որտեղ նախաձեռնությունը վերցրել էր Ռուսաստանն ու փորձել կողմերին բերել Կազանի պլանի շուրջ համաձայնության։ Թե որքան վտանգավոր էր այդ պլանը Հայաստանի համար, բացահայտ պարզվեց Սերժ Սարգսյանի հետապրիլյան խոստովանություններից։ Մինչ այդ, պլանի վտանգավորության մասին ահազանգում էին միայն եզակի փորձագետներ, մեկնաբաններ ու լրատվամիջոցներ, արժանանալով ռուսական պրոպագանդայի սուր քննադատությանը, թերեւս պլանները ՙբացահայտելու՚ համար։

Միեւնույն ժամանակ, 2013 թվականը Հայաստանի Եվրաասոցացման գործընթացի արգելակման տարի էր, որում Ռուսաստանն ու դրա պրոպագանդայի թիմը գործածում էին նաեւ Արցախը` Հայաստանին շանտաժի ենթարկելու համար։ Պատահական չէ, որ այդ շրջանից սկսվեց նաեւ բավականին դինամիկ աճել ադրբեջանական ագրեսիվության թե ծավալը, թե տրամաչափը սահմանին։

Այդ իրավիճակում, ԱՄՆ ուներ թերեւս իրավիճակը նախ վերահսկելի պահելու, միաժամանակ ռուսական նախաձեռնությունը աստիճանաբար, սահուն կերպով ՙզրոյացնելու՚ խնդիր`առանց պատերազմական պայթյունի եւ տարածաշրջանը հակամարտության թեժ գոտու վերածելու հետեւանքի, ինչը անկասկած հարվածելու էր նաեւ թե իրանական, թե վրացական ուղղություններին, այդպիսով ԱՄՆ-ին թույլ չտալով իրականացնել նախագահ Օբամայի քաղաքականության թերեւս գլխավոր ձեռքբերումներից մեկը` Իրանի միջուկային համաձայնությունը։

Այդպիսով, Ուորլիքը գործընթացը զգալիորեն բացեց փաստացի այն փուլում, երբ տապալվել էր Կազանի պլանը, կամ ավելի շուտ դրա այսպես ասած ՙխաղաղ՚ անցկացման տարբերակը եւ հասունանում էր այդ պլանի ռազմական ներդրման գործընթացը` ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործընկերության գերհագեցած ուղեկցմամբ։ Բացելով գործընթացը, նա ըստ ամենայնի փորձում էր առավել բարձրացնել դրա հանդեպ հանրային վերահսկողության աստիճանը եւ պլանի ռազմական ներդրման հեռանկարը կանխելու գործին մասնակից դարձնել նաեւ Հայաստանի հասարակությանը։

Բայց, Հայաստանի հասարակությունն այդ շրջանում դրվել էր բավականին ուժգին փականի տակ` ոչիշխանական կոչված բեվեռի, որը հանդիսանում էր ռուսական շանտաժի եւ սպառնալիքի գեներացման աղբյուրներից մեկը։

Այդպիսով, Հայաստանը հասունացող պատերազմին պատրաստվելու փոխարեն, մտավ Եվրասիական համակենտրոնացման ճամբար, ՙավելի անվտանգ դառնալու՚ մասին հայտարարություններով, որոնց վտանգավոր դատարկությունը կամ կեղծիքը բացահայտվեց ապրիլի պատերազմին: Պարզվեց, որ Հայաստանը բացարձակապես չի պատրաստվել երեք տարի շարունակ հասունացող ՚կազանյան պլանի՚ ռազմական տարբերակին` դրա դեմ մենակ թողնելով սահմանին կանգնած զինվորի ու սպային։

Եթե հասարակությունը, հասարակական-քաղաքական միտքը իր ճնշող մեծամասնությամբ լիներ երեք տարի շարունակ գործընթացի վտանգների մասին բարձրաձայնվող ազդակներին համարժեք, լծվեր դրանց արձագանքելուն, ոչ թե լծվեր Հայաստանի հանդեպ եվրասիա-ռուսական շանտաժին եւ դրա մասին ահազանգողներին հռչակեր ՙմարգինալներ՚, ապա այդ դեպքում գուցե բանը հասներ թե հետ մղելուն, այլ հնարավոր լիներ կանխել Ադրբեջանի գրոհը, հետեւաբար նաեւ կանխարգելել ծանր հետեւանքները։

Մի բան, որ Հայաստանի իշխանթյունից եւ չիշխանությունից ավելի լավ արձանագրել էր պաշտոնական Բաքուն, որ Ուորլիքին պարբերաբար մեղադրում էր հայանպաստ գործողությունների համար։ Հայաստանի հանրությանը պատերազմի կանխարգելման գործում դաշնակից դարձնելու խնդիրը լուծել Ուորլիքին չհաջողվեց եւ այն, ինչ Հայաստանի հանրությունից պահանջվում էր անել պատերազմ թույլ չտալու համար, տեղի ունեցավ միայն պատերազմից հետո, պահանջելով Հայաստանից թանկ գին։

Այդ իմաստով, ամերիկացի համանախագահի եռամյա գործունեությունը առանձնահատուկ եւ հարաբերական էր։ Խոշոր հաշվով հնարավոր է արձանագրել, գոնե առայժմ, որ այդուհանդերձ նրան հաջողվեց միջավայրային առումով զգալիորեն ՙխլացնել՚ այն գերլիցքերը, որ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական ահռելի ծավալի գործակցության հետեւանքով մեծ սպառնալիքով հագեցրել էին տարածաշրջանը։

Սպառնալիքն իհարկե պահպանվում է նաեւ այժմ, բայց այդ իմաստով այժմ առավել քան հստակ է, որ այն կանխարգելելու միակ լծակը Հայաստանի հանրության եւ հասարակական-քաղաքական սուբյեկտների ձեռքին է եւ կախված է ոչ այնքան ապրիլի պատերազմից քաղաքած դասից, այլ այն դասերից, որ պետք է քաղել նախապատերազմական զարգացումներից` հետպատերազմյան դասերի կարիք չունենալու համար։