Սերժ Սարգսյանի երազանքներում տեղ չի գտնվել Ռուսաստանի համար

    • Մեկնաբանություն - 20 Նոյեմբերի 2016, 12:34
Ռուսական Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը պատմել է իր երազանքի մասին: Նա ասել է, որ երազում է Ղարաբաղը կամ անկախ տեսնել, կամ էլ Հայաստանին միացած, երազում է Թուքիայի հետ բաց սահմանի մասին, երազում է, որ Հայաստանը մտածի խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին, որ բոլոր հայերը վերադառնան Հայաստան:

Դա լավ երազանք է, սակայն տարբերվում է Հայաստանի իրական քաղաքականությունից, որը կայանում է Հայաստանի ինքնիշխան իրավունքներն ու ակտիվները դանդաղ, սակայն հաստատուն կերպով Ռուսաստանին փոխանցելու մեջ:

Սերժ Սարգսյանի երազանքներում Ռուսաստանը տեղ չունի: Նա չի երազում Եվրասիական միության, խորհրդային անցյալին վերադառնալու մասին, բայց չի էլ թաքցնում, որ աշխատել է կոմսոմոլում: Նա երազում է Հայաստան հայերի համար, սակայն դրա մասին երազելով պատրաստում է Հայաստանը «ռուսական աշխարհի» համար:

Հայաստան են ժամանել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ: Նրանց այցից առաջ տեղեկություն է տարածվել, որ դումայի կոմիտեն հավանություն է տվել հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի համաձայնագրին: Դրանից մեկ օր առաջ էլ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել էր Հայաստանի հետ համաձայնեցնել միացյալ ցամաքային զորախմբի համաձայնագրի տեքստը: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Միտրոֆանովան էլ հայտարարել է, որ Ռուսաստանը հետխորհրդային երկրներին «համոզելու է» ռուսերենն ընդունել որպես պետական լեզու:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արդեն պատասխանել է Միտրոֆանովային՝ հայտարարելով, որ Հայաստանում ռուսերեն պետք է սովորել, սակայն այն երբեք չի լինի պետական լեզու: Ինչ վերաբերում է միացյալ զորախմբին, Սերժ Սարգսյանը նույն հարցազրույցում հասկացնել է տվել, որ քանի դեռ համաձայնագիրը չկա, Հայաստանը կփորձի այնպես անել, որ այն ձեռնտու լինի իրեն:

Ոչ պաշտոնկան աղբյուրները ինչ-որ դրույթներ են հրապարակում դեռ չստորագրված համաձայնագրից, ըստ որի՝ պատերազմական ժամանակ միացյալ զորախմբի հրամանատարությունն է անցնելու ռուսական կողմին: Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հրամանատարությունն իրականացնելու է հայկական կողմը, եւ միայն «որոշակի հանգամանքներում» ռուսական ռազմաբազայի վերաբերյալ որոշումները կայացնելու է Ռուսաստանը:

Միացյալ զորախմբի ստեղծումը Ռուսաստանի՞, թե Հայաստանի նախաձեռնությունն է: Կարծիք կա, որ Հայաստանին ձեռնտու է այդ զորախմբի գոյությունը՝ որպես Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի զսպող գործոն, սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ զորախմբի ստեղծումը Ռուսաստանի էքսպանսիվ քաղաքականության մասն է, որին Հայաստանը գնալով ավելի դժվար է միայնակ դիմադրում:

Ուժային մյուս կենտրոնները Հայաստանին անվտանգության երաշխիքներ առաջարկու՞մ են: Այս շաբաթ Երեւանում կայացել է «ՆԱՏՕ-ի շաբաթը», որի շրջանակում դաշինքի ներկայացուցիչներն ուղիղ հայտարարել են, որ Հայաստանի համար սպառնալիք է ոչ թե Թուրքիայի օգնությունն Ադրբեջանին, այլ Ռուսաստանի կողմից Բաքվին սպառազինության մատակարարումը: Դա ակնարկ էր, որ ՆԱՏՕ-ն երաշխավորում է, որ Թուրքիան չի միջամտի, իսկ Ռուսաստանի հարցը Հայաստանն ինքնուրույն պետք է լուծի:

Այն, որ Սերժ Սարգսյանի երազանքներում չկա Ռուսաստանը, չի կարող դուր գալ Մոսկվային: Մամուլում շատ են գրել Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի լարված հարաբերությունների մասին, իսկ Պուտինի վերջին այցը Երեւան հաստատումն է այն բանի, որ Կրեմլն արդեն այդքան վստահ չի վերաբերվում Երեւանին, որքան 2013 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ Պուտինը Երեւան էր եկել որպես դրության տեր՝ ստիպելով Հայաստանին ստրկական պայմանագրեր ստորագրել: Հոկտեմբերին Պուտինի այցը գրեթե աննկատ անցավ, իսկ այցից հետո Սերժ Սարգսյանը պատմեց իր երազանքի մասին, որում Ռուսաստանը տեղ չունի:

Ամենաընթերցվածը