Այս անգամ...

    • Մեկնաբանություն - 31 Հոկտեմբերի 2016, 09:20
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համաժողովում ելույթ ունենալով, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել է, որ Սահմանադրությունը փոխելով՝ իշխանությունը չարաչար սխալվել է, եւ նոր ընտրակարգով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ընտրություններն ունենալու են միաժամանակ նախագահական ու խորհրդարանական բնույթ, ըստ այդմ՝ լինելու է անզիջում պայքար:

Այդպիսով, ըստ նրա, փաստացի իշխանության հնարավորությունները նվազում են, քանի որ նոր ընտրակարգով կուսակցություններն ու նրանց տեղական ստորաբաժանումները ստիպված են լինելու պայքարել ամեն մի ձայնի համար:

Սահմանադրությունն ու նոր ընտրակարգն իսկապես տալիս են այդ հնարավորությունը: Դա հատկապես նկատելի էր Վանաձորի ավագանու ընտրությանը: Միեւնույն ժամանակ, այդ ընտրությանն ի հայտ եկան նաեւ այլ մեխանիզմներ, որոնք իշխանության թեկնածուին հնարավորություն տվեցին վերցնել քաղաքապետի պաշտոնը: Ըստ ամենայնի, հենց այդ մեխանիզմներն է նաեւ կիրառելու իշխանությունը համապետական ընտրության ժամանակ:

Այդ ընտրությունը ցույց տվեց, որ նոր ընտրակարգի պայմաններում իշխանությունն այլեւս կարիք չունի «խփել» որքան պետք է, եւ դա հնարավորություն է տալիս ընտրությունն անցկացնել հնարավորինս անաղմուկ, առանց մասշտաբային ընտրակեղծիքների, որոշակի քանակի իրական քվեների բազայի վրա:

Հայաստանում ընտրության սահմանադրական մեխանիզմները վաղուց ոչնչացված են, խեղված է այդ միջոցառման հանրային եւ քաղաքական ընկալումը: Փոխարենը, իշխող համակարգը տարիների ընթացքում ստեղծել է մի մեխանիզմ, որն էվոլյուցիայի ենթարկելով՝ հասցրել է այնպիսի մակարդակի, երբ կարող է ստանալ իր ցանկացած արդյունքը, միաժամանակ ապահովելով բավական հանգիստ ու բարենպաստ ֆոն:

Արամ Զ. Սարգսյանի, ինչպես նաեւ շատ այլ քաղաքական ուժերի դիրքորոշումները հասկանալի են: Կուսակցությունները չեն կարող չմասնակցել ընտրություններին, այլապես կորցնում են իրենց իմաստն ու նշանակությունը: Այդ պատճառով, ամեն ընտրությունից առաջ նրանք հայտարարում են, որ այս անգամ իրավիճակն այլ է, հնարավորությունները մեծանում են, եւ այլն: Սա նաեւ բնորոշ է նորաստեղծ կուսակցություններին, որոնք փորձում են որոշակի առաջարկներ անել ընտրական մեխանիզմով հաջողության հասնելու համար:

Իշխանությունն, իր հերթին, ամեն անգամ ստեղծում է որոշակի պայմաններ, որպեսզի կուսակցությունները կարողանան հիմնավորել իրենց մասնակցությունը «նոր ստեղծված հնարավորություններով», որպեսզի մասնակցեն իշխանության ծրագրերի փաստացի լեգիտիմացման գործընթացին:

Սովորաբար, միշտ ստացվել է այն պատկերը, որը պետք է իշխանությանը, այս կամ այն կոնֆիգուրացիայով: Սակայն կարեւորը դա չէ, այլ այն, որ այս անգամ...

Տեսնենք, թե ինչ կլինի այս անգամ: