Ահազանգեր վարչապետին

    • Մեկնաբանություն - 23 Հոկտեմբերի 2016, 14:25
Հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել, իսկ եթե լինեն խոչընդոտներ, զանգահարում են անձամբ իրեն: Այս մասին նա հայտարարել է մենաշնորհների, մաքսային ոլորտի մասին խոսակցության համատեքստում:

Հայաստանի մաքսային համակարգը երկրում ձեւավորված կոռուպցիոն ու քվոտավորված տնտեսա-քաղաքական համակարգի «դուռն» է եւ հենասյուներից մեկը: Այն ծառայում է այդ համակարգի անխափան կենսագործունեությանը, բացառելով դրա խաթարման որեւէ փորձ:

Ընդ որում, խոսքը ոչ միայն ներկրման, այլեւ արտահանման մասին է:

Բացի այդ, այստեղ ապրանքները, ըստ մամուլի տարբեր ժամանակների հրապարակումների, մաքսազերծվում են ավելի էժան ապրանքների անվան տակ, ապահովելով գերշահույթներ դրանք ներմուծողների համար:

Ինչ է իրենից ներկայացնում հայկական տնտեսական համակարգը: Դա քրեա-օլիգարխիան է, որը մակաբուծում է հանրային-պետական միջոցների վերաբաշխման, մենաշնորհների, հարկեր, մաքսատուրքեր եւ այլ ծառայությունների դիմաց չվճարելու հաշվին: Ներքին այսպես կոչված հավասարակշռությունն էլ պահպանվում է միջազգային ֆինանսական ու այլ կառույցների վարկերի ու դրամաշնորհների յուրացման շնորհիվ:

Այս արտոնյալները, ովքեր Հայաստանում կոչվում են «գործարարներ», իրականում հարստանում են ոչ թե ծառայություններ ու ապրանքներ ստեղծելու, երկարաժամկետ ներդրումների արդյունքում հավելյալ արժեքներ ստեղծելու, այլ անօրինական քվոտաների, արտոնությունների ու գողության հաշվին:

Տնտեսական ահա այս «մոդելի» հիմնասյուներից մեկն էլ մաքսային ծառայությունն է, որի խնդիրն այդ մոդելը պահպանելն է տարատեսակ մանիպուլյացիաների միջոցով, որպեսզի սահմանից այս կողմ չթափանցեն «օտար» տեխնոլոգիաներ, սարքավորումներ ու ապրանքներ:

Այս պայմաններում, ի՞նչ է նշանակում յուրաքանչյուր ոք կարող է ներկրել ցանկացած ապրանք: Տեսականում, հիմա էլ կարող է: Եվ նման փորձեր կան: Եվ ինչ է կատարվում այդ դեպքում: Կամ այդ ապրանքը «քնում» է մաքսակետերում, կորցնելով իր ակտուալությունը կամ որակական հատկանիշները, կամ մաքսազերծվում է «օրենքով», որի արդյունքում մրցունակ չի լինում գնի տեսակետից, եւ այլն: Այս մեխանիզմներին կառավարությունում պետք է որ ավելի լավ տիրապետեն:

Լուծումը բնականաբար բոլորի համար հավասար չափանիշներն ու խաղի կանոններն են, մեթոդաբանության փոփոխությունը: Հնարավո՞ր է դրանք ապահովել: Ընդ որում՝ մաքսակետից մինչեւ իրացում ողջ շղթայով:

Վարչապետի հայտարարությունն արդեն լայն արձագանք է գտել հանրային տարբեր շրջանակներում, եւ արձագանքները հիմնականում հումորի բնագավառից են: Եվ դա հասկանալի է՝ բոլորը հիանալի գիտեն, թե ինչ է կատարվում երկրում, եւ կարիք չունեն սպասել, թե կառավարությունը երբ է «ախտորոշելու հիվանդությունը», ինչպես հայտարարում են նոր կառավարության անդամները:

Հիվանդությունը խորն է ու անբուժելի, քանի որ այն համակարգային ու ամենավատը՝ արժեհամակարգային է, որը պահանջում է համարժեք լուծում:

Իսկ մինչ այդ, եթե մարդիկ հավատան վարչապետի խոսքին ու զբաղվեն օրինակ ներկրումներով, վարչապետի հեռախոսը պայթելու է ահազանգերից՝ կաշառքի, զանազան անօրինականությունների, ֆիզիկական եւ այլ բնույթի սպառնալիքների ու բռնությունների վերաբերյալ:

Հայաստանի անօրինական, հետադեմ, մակաբույծ տնտեսա-քաղաքական համակարգը չի կարող փոխել իր բնույթը եւ մտնել հավասար մրցակցային ու ազատ տնտեսական դաշտ:

Ամենաընթերցվածը