Իշխանության կտրուկ խնայողությունը

    • Մեկնաբանություն - 19 Հոկտեմբերի 2016, 19:37
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ դիպուկությամբ բնութագրել է Հայաստանում ընտրական բարեփոխումների գործընթացը, այն որակելով թատերական: Այդ որակումը նա տվել էր դեֆոլտի կանխատեսման մասին իր ահազանգ-հայտարարության մեջ:

Ընդ որում, Հայաստանի ընտրական բարեփոխումների գործընթացը պիես է մի քանի գործողությամբ կամ ավելի շուտ մի քանի պատմական համաձայնությամբ: Միայն թե հետաքրքիր է, թե ինչու է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը ստանձնել պիեսի պատմականացման գործառույթը: Արդյոք այն պատճառով, որ առաջին նախագահը պատմության գիտակ է, խորապես տիրապետում է պատմագրությանը:

Հոկտեմբերի 19-ին հայտարարվել է Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ իշխանության ու ընդդիմության նոր համաձայնության մասին, որի վերաբերյալ հայտարարել է Լեւոն Զուրաբյանը: Իսկ քանի որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել պատմական համաձայնությունից հետո խորհրդարանում ծավալված բուռն անհամաձայնության ֆոնին, ապա ստացվում է, որ նոր համաձայնությունն էլ պատմական է:

Այն վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ կամ չհաստատվող հաղորդման համար քրեական պատասխանատվության դրույթին, որ իշխանությունը սահմանում է Ընտրական օրենսգրքով: Ոչիշխանական ուժերը կամ իշխանության հետ 4+4 ֆորմատով համաձայնության եկած ուժերը խորհրդարանում բուռն քննադատության էին ենթարկում այդ դրույթը: ՀՀԿ-ական, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար, 4+4 ֆորմատի մասնակից Դավիթ Հարությունյանը ի վերջո հայտարարեց, թե դա մի դրույթ է, որը եղել է 4+4-ի համաձայնության փաթեթում: Նա հարց բարձրացրեց, թե արդյոք հակառակ կողմը հրաժարվում է այդ փաթեթից: Իշխանության անունից նա հավաստիացրեց, որ իրենք կհամաձայնեն այդ հրաժարմանը սիրով:

Հակառակ կողմը չհամաձայնեց եւ հայտարարեց նոր համաձայնության մասին: Կդատեն ոչ թե պարզապես ընտրակեղծիքի մասին սուտ տեղեկություն տարածողին, այլ նրան, ով դա տարածում է դիտավորյալ, միտումնավոր:

Կա՞ որեւէ մեկի մոտ կասկած, որ Հայաստանի իրավական եւ դատական համակարգերը հինգ րոպեում ցանկացած ակամա բան կշրջեն եւ կապացուցեն, որ եղել է դիտավորությամբ:

Այդպիսով, ակնհայտ է, որ իշխանության համար սկզբունքային չէ` դիտավորության շեշտադրումը կա, թե չկա: Կարեւորը, որ կա դրույթը, առիթը, այլ կերպ ասած` լծակը:

«Դիտավորյալը» սկզբունքային է հակառակ ուժերի համար, որովհետեւ դա թույլ է տալիս փրկել դեմքը պատմական համաձայնության կոնտեքստում: Դավիթ Հարությունյանը փաստորեն բացահայտեց, որ դրույթը եղել է նաեւ առաջին «պատմական համաձայնության» փաթեթում, պարզապես սցենարն է պահանջել այն վերածել բուռն խորհրդարանական կրքերի թեմայի, հետագայում նոր «պատմական համաձայնության» հանգելու համար:

Այդպիսով, իշխանությունը փաստորեն իսկապես կարող է հասնել իր համար պատմական ամրագրման, երբ զգալիորեն կարգելափակի ընտրակեղծարարության մասին հետընտրական հռետորաբանությունը:

Մեծ հաշվով, այդ հռետորաբանությունն իշխանությանը էական վնաս չի էլ հասցրել, պարզապես խնդիրն այն է, որ քաղաքական համակարգը տարիներ շարունակ գնացել է վերարտադրության մի շրջանակով, որտեղ իրենց կայուն դերն են ունեցել նաեւ զանազան ոչիշխանական ուժեր:

Բայց, այդ համակարգը եղել է բավական «ազատական»: Այսինքն, վերարտադրության թատրոնում ամեն մեկը կատարել է իր ուրույն դերը, բայց դերակատարների որոշ մասը հետագայում հնարավորություն է ունեցել անցնել դահլիճ եւ հանդիսատեսի հետ ձվեր ու լոլիկներ նետել ռեժիսորի, սցենարիստի, պրոդյուսերի, նաեւ ավելի գլխավոր դերակատարների ուղղությամբ:

Ռեսուրսների առատությունը եւ ընդհանուր առմամբ բարենպաստ թե ներքին, թե արտաքին միջավայրը նպաստել են, որպեսզի իշխանությունը գնա այդ «ազատական» համակարգին: Բայց ներկայում թե ռեսուրսներն են սղվում աղետալի արագությամբ, թե միջազգային իրավիճակն է դառնում բավական լարված եւ մարտահրավերներով լի:

Իշխանությունը գնում է օպտիմալացման եւ նույնիսկ կտրուկ կրճատումների` առաջին հերթին հենց իշխող համակարգում: Այդ շրջանակում իշխանությունը հրաժարվում է նաեւ վերարտադրության «ազատական» ռեժիմից եւ դրանում ներգրավված ոչիշխանական դերակատարներին փաստորեն զրկում ներկայացումից հետո դահլիճից դեպի բեմ ձու եւ լոլիկ նետելու հնարավորությունից: Երբ տեղի է ունենում կտրուկ օպտիմալացում, ափսոս է ամեն մի ձուն եւ լոլիկը:

Ամենաընթերցվածը