ՀՀԿ-ն վա բանկ է գնում

    • Մեկնաբանություն - 19 Հոկտեմբերի 2016, 14:16
Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումների ընթացքում ոչիշխանական ուժերի վրդովմունքն առաջացրել է այն դրույթը, ըստ որի քրեական պատասխանատվություն է ենթադրվում ընտրակեղծարարության մասին սուտ տեղեկատվության համար: Օրինակ, եթե որեւէ մեկը հայտարարի, թե բաժանվել է կաշառք, բայց չկարողանա դա ապացուցել, կհայտնվի բանտում:

Իսկապես վրդովեցուցիչ հանգամանք է: Պարզ է, որ ՀՀԿ այդ քայլը ոչ այնքան պատասխանատվությունը բարձրացնելու համար է, այլ ահաբեկման, որպեսզի մարդիկ, ովքեր խոսում են ընտրակեղծարարության դեպքերի մասին, զգուշանան, գերադասեն լռել: Այդպիսով, ՀՀԿ-ն ծրագրում է էապես նվազեցնել ընտրակեղծարարության մասին խոսակցությունների քանակը, այդպիսով լիցքաթափելով ընտրական եւ հետընտրական մթնոլորտը:

Ինչ խոսք, խնդիր է, երբ ցանկացած մարդ կարող է ցանկացածին մեղադրել ընտրակեղծարարության համար, առանց պատասխանատվության զգացումի: Բայց, այդ խնդիրը կարգավորվում է այլ կերպ, կարգավորված է այլ կերպ` երբ զրպարտվողը կարող է հանգիստ դիմել դատարան եւ պատասխանատվություն պահանջել իրեն զրպարտողից: Այնպես որ, չկա այդ խնդիրը Ընտրական օրենսգրքով, այն էլ այդ տարբերակով կարգավորելու որեւէ անհրաժեշտություն:

Դա եւս վկայում է, որ ՀՀԿ-ն լուծում է ոչ թե պատասխանատվության, իրավագիտակցության, այլ հետընտրական մթնոլորտի վերահսկողության խնդիր:

Բայց, մի փոքր զարմանալի է, որ դրան դեմ են ոչիշխանական ուժերը, որոնք ՀՀԿ հետ դեմ դիմաց գալիս էին ԸՕ շուրջ «լայն կոնսենսուսի»: Սակայն, անգամ դա չէ բանը:

Օրերս Հայաստանում անցկացված ՏԻՄ ընտրություններն աչքի ընկան մի առանձնահատկությամբ: Խոսքը դրանց հանդեպ քաղաքական ուժերի առանձնակի մեծ հետաքրքրության եւ իսկապես բավական թեժ մրցակցային իրողության մասին չէ:

Առանձնահատկություններից մեկն այն էր, որ ՏԻՄ ընտրություններին մասնակից ոչիշխանական կամ ընդդիմադիր ուժերի ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ին անօրինականության համար մեղադրելուց բացի, գրեթե հավասարապես մեղադրում էին նաեւ կաշառք վերցրած կամ տարբեր այլ հարցերի բերումով ՀՀԿ օգտին քվեարկած քաղաքացիներին, ասելով, թե այդ քաղաքացիները թող հետագայում մեղադրեն միայն իրենց` որ իրենք կամքով, ոտքով ու ձեռքով քվեարկել են ՀՀԿ օգտին:

Այդպիսով, դեռեւս ոչ ուղղակի, սակայն ակներեւ անուղղակիությամբ քաղաքական ոչիշխանական կամ ընդդիմադիր ուժերի ճնշող մեծամասնությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե կիսով չափ հրաժարվել են իշխանությանն ընտրակեղծարարության համար մեղադրելուց եւ ընտրության արդյունքի համար պատասխանատվության մի զգալի մասը տեղափոխել են ընտրողների վրա, հասարակության վրա:

Հիմա ՀՀԿ-ն փաստացի փորձում է ԸՕ հայտնի դրույթով ընտրողների վրա տեղափոխել պատասխանատվության մյուս կեսը, եւ այդպիսով ամբողջ պատասխանատվությունը տեղափոխված կլինի ընտրողների վրա:

Ահա այդտեղ առաջանում է խնդիր ոչիշխանական կամ ընդդիմադիր ուժերի համար: Նրանք պատասխանատվության իրենց կեսը տեղափոխել են կամ տեղափոխում են հասարակության վրա, բայց հասարակությանը մյուս կեսի մասով փորձում են պահել ազատ, քանի որ դրա շնորհիվ իրենք ազատ են լինելու սեփական պատասխանատվությունից:

Այսինքն, քաղաքական դեմքով կհայտարարեն, որ հանրությունը կաշառվել է, իսկ հանրային խողովակներով էլ անարգել կհայտարարեն, որ իշխանությունը կեղծել է: ՀՀԿ-ն այժմ փորձում է փակել այդ մյուս կեսի հնարավորությունը, իհարկե ինչպես միշտ դա անում է հասարակության հաշվին:

Բայց, ինչն է այստեղ խնդիրը: Ոչիշխանական, ընդդիմադիր ուժերը, որոնց ընտրական պահվածքի հիմնական բաղադրիչներից մեկը ընտրակեղծարարության մասին հռետորաբանությունն է, այդ իրավիճակում կարող են կանգնել փաստի առաջ:

Ինչ է տեղի ունենում այժմ: Անցկացվում է ընտրություն, քաղաքական ուժերը մասնակցում են դրան խաղի այն կանոններով, որ սահմանել է ՀՀԿ-ն` միայնակ, կամ առանց իրենց, իշխանությունը հանձնում են ՀՀԿ-ին` տարբեր կերպ, իսկ հետո հայտարարություններ անում ընտրակեղծարարության, կաշառվող քաղաքացիների պատասխանատվության մասին, արդարացնելով խաղին սեփական մասնակցությունը:

Եվ այդպես շարունակ, տարեցտարի, տարբեր մակարդակի ընտրական գործընթացներում:

Քրեական պատասխանատվություն սահմանելով ընտրակեղծիքի մասին սուտ տեղեկության համար, ՀՀԿ-ն իհարկե խախտում է քաղաքակիրթ աշխարհի համար առկա իրավագիտակցության եւ տրամաբանության բոլոր սահմանները: Բայց, երբ այդ քայլը դիտարկում ենք Հայաստանի իրողությունների տրամաբանության շրջանակում, ապա ստացվում է բավական ուշագրավ մի իրավիճակ:

Ի՞նչ են անելու քաղաքական ուժերը, երբ նրանք զրկվում են ընտրակեղծարարության մասին դեկլարացիոն բնույթի հայտարարությունների հնարավորությունից: Հնարավորությունը, որ այժմ կա, չի բերում բացարձակապես որեւէ շոշափելի, առարկայական էֆեկտի: Անվերջ հայտարարություններ ընտրակեղծիքների մասին ամեն ընտրությունից հետո եւ առաջ, բայց շարունակվող մասնակցություն ընտրական նույն մեխանիզմին:

Նրանք կամ պետք է ինտենսիվացնեն աշխատանքը ընտրակեղծարարության փաստերի ուղղությամբ, կամ ստիպված կլինեն լռել` ինչին ձգտում է ՀՀԿ-ն, կամ էլ ստիպված կլինեն փնտրել ընտրական գործընթացի մասնակցության նոր ուղիներ` հաստատված ցիկլից դուրս գալու տարբերակներ:

ՀՀԿ-ն թերեւս վստահ է, որ ընտրվելու է չորրորդ տարբերակը` փնտրվելու են ՀՀԿ հետ կոմպրոմիսներ:

Ամենաընթերցվածը