Վարչապետին խանգարողների անունները

    • Մեկնաբանություն - 18 Հոկտեմբերի 2016, 22:48
Հայաստանի կառավարությունը հաստատել է իր ծրագիրը եւ հանձնել խորհրդարանին, որն անկասկած նույնպես կհաստատի այն: Կառավարությունը կարծում է, որ իրավիճակը հասել է այն աստիճանի, որ անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ, համահայկական ներուժ: Ոչ ստանդարտ լուծումներից, օրինակ, խոսում էր նաեւ Հովիկ Աբրահամյանը: Նա էլ ասում էր, որ պետք են ոչ ստանդարտ մոտեցումներ: Համահայկական ներուժից էլ Տիգրան Սարգսյանն էր խոսում: Նա առաջ քաշեց «հայկական աշխարհի» գաղափարը, որից իհարկե ըստ էության բան չմնաց այն բանից հետո, երբ Ռուսաստանում ինչ որ Դուգին առաջ քաշեց «ռուսական աշխարհի» գաղափարը: Տիգրան Սարգսյանը հիմա այդ աշխարհի մի մասնիկն է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի դերում:

Թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Տիգրան Սարգսյանի մոտ չի ստացվել ոչինչ: Նրանք էլ բավական հավակնոտ, բավական վարդագույն հեռանկարներով ու նպատակներով հագեցած ծրագրեր էին ներկայացնում, բայց երկուսի վարչապետության տարիներին էլ Հայաստանն արձանագրել է հետընթաց: Ընդ որում, առաջընթացը կամ հետընթացը վիճակագրական ցուցանիշներով չէ, որ չափվել է: Նրանք երկուսն էլ որեւէ կերպ չեն փոխել իշխող համակարգը, բայց դեպի վատն են փոխել պետության վիճակն ու հանրության սոցիալական կացությունը:

Իհարկե ամեն մեկի դեպքում եղել են տարբեր պատճառներ: Օրինակ, Տիգրան Սարգսյանին խանգարում էր Հովիկ Աբրահամյանը, Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանն էր խանգարում, Սերժ Սարգսյանին խանգարում էր Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ պատճառներով է ստացվելու Կարեն Կարապետյանի գրած լավ փաստաթուղթը: Թե՞ վերջում պարզվելու է, որ նրան էլ խանգարեց ինչ որ մեկը, ասենք Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ հայտարարեց դեֆոլտի վտանգի մասին եւ փախցրեց ներդրողներին ու վարկատուներին:

Իրական ու մտացածին խանգարողների պակաս Հայաստանում չի զգալու որեւէ վարչապետ: Հետեւաբար, խանգարողներն այլեւս չեն կարող լինել անարդյունավետության պատճառաբանություն:

Առավել եւս, որ կա մի ուշագրավ «օրինաչափություն». բոլորը պատճառաբանում են խանգարողներին, բայց ոչ ոք բարձրաձայն չի տալիս անուն, ազգանուն:

Մինչդեռ, խանգարողներն արդարացում կարող են լինել այն դեպքում, երբ տրվի հստակ անուն, թե ովքեր են խանգարում:

Օրինակ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարում էր, որ լրագրողներն են խանգարում: Վարուժան Սուքիասյանը երեք պարտությունից հետո պարզապես հեռացավ, ընդ որում համընդհանուր ժպիտի կամ քմծիծաղի ներքո:

Նա չունեցավ համարձակություն ուղիղ ասելու, թե ով է իրականում խանգարում:

Հայաստանում ամեն ինչ սկսում է այդտեղից, լինի ֆուտբոլ, թե քաղաքականություն՝ խանգարողներին ուղիղ մատնանշելու համարձակությունից, անուններ տալու համարձակությունից, իրերն իրենց անունով կոչելու համարձակությունից:

Հայաստանի իշխանությունը միշտ էլ գեղեցիկ է նկարագրել ապագան, ձեւակերպել իր նպատակները, բայց ոչ մի իշխանություն իրերը չի կոչել իրենց անուններով, չի տվել խանգարողների կոնկրետ եւ հստակ անուններ: Իսկ առանց դրա չի ստացվելու ոչինչ եւ խանգարողները միշտ լինելու են ավելի ուժեղ, իսկ նրանց մեղադրելը միշտ լինելու է թուլության նշան:

Դա չի նշանակի, որ չի փոխվի ոչինչ: Պարզապես կփոխվի այնքան, որքան չի խանգարի խանգարողներին: Դա էլ նշանակում է, որ պետության «նյութափոխանակությունը» շարունակելու է մնալ խանգարված եւ հանրությունն իր ապագան շարունակելու է փնտրել այդ օրգանիզմից դուրս:

Ամենաընթերցվածը