ՀԱՊԿ-ը եւ Եվրասիական բլոկը փլուզվում են. Խաղը բարդանում է

    • Մեկնաբանություն - 18 Հոկտեմբերի 2016, 20:44
Արեւելյան գործընկերության գլխավոր ձեռքբերումը դարձավ ոչ թե այդ երկրներում տեղի ունեցող գործընթացները, այլ Ռուսաստանի հետ Գերմանիայի ու Ֆրանսիայի շահերի ու դիրքորոշումների որեւէ մերձեցման բացառումը թե տվյալ նախագծի, թե Արեւելյան Եվրոպայի հարցերում:

Գերմանիան ու Ֆրանսիան այս նախագծին կասկածողներից վերածվեցին ակտիվ նախաձեռնող ու շահագրգիռ տերությունների: Այսինքն, տեղի ունեցավ այն, ինչից ամենաշատն էր զգուշանում Մեծ Բրիտանիան՝ Գերմանիայի ու Ռուսաստանի շահերի բախումը, նրանց դիրքորոշումների համատեղման բացառումը:

Ուկրաինայի բուռն իրադարձությունները, նկատի ունենալով «նարնջագույն» հեղափոխություններն ու բունտերը, ուղղված էին ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Գերմանիայի դեմ, եւ դեռ ուսումնասիրված չէ, թե ամենաշատն ում դեմ: Թվում էր ամեն ինչ ընթանում էր բրիտանական շահերին համապատասխան, որի հետ համերաշխ էր Լեհաստանը, եթե չլինեին մի շարք լուրջ հանգամանքներ:

Երբ տարածաշրջաններում նշանակալի ազդեցության հավակնություններ ունեցող պետությունը չունի արդյունաբերական լուրջ շահեր, այլ միայն՝ քաղաքական-քարոզչական, դժվար է դիմակայել արդյունաբերական առաջնահերթություններ ունեցող հզորագույն տերությանը: Արդյունքում Գերմանիան մոտեցավ իր տնտեսական կայսրության ձեւավորման ավարտին, ներառյալ գլխավոր մրցանակը՝ Ուկրաինան:

Եվրոպայում տեղի է ունենում բավական լարված աշխարհքաղաքական պայքար, եւ ԱՄՆ-ն այնքան էլ չի ձգտում միջամտել այդ ինտրիգներին: Գերմանիայի համար այդ պայքարը դարձավ մեծ տերության հասունության թեստ:

Լեհաստանն ավելի ու ավելի է մերձենում Գերմանիայի հետ, որի նպատակները լիովին համապատասխանում են լեհականին:

Կիեւին առաջարկվում է դառնալ ոչ թե գավառական գործընկեր, այլ Գերմանիայի ու Լեհաստանի աշխարհքաղաքական դաշնակից: Բեռլին-Վարշավա տանդեմը մեծ ուժ է, որը ձեռնտու չէ ոչ մեկին Եվրոպայում, իսկ Կիեւի հետ այն դառնում է ոչ միայն ինքնուրույն աշխարհքաղաքական «բեւեռ», այլեւ ԱՄՆ առաջնահերթ գործընկերը: Այդպիսով ամերիկացիները կլուծեն իրենց բոլոր խնդիրները Եվրոպայում:

Ռուսաստանը Արեւմտյան խաղի մասնակից դառնալու մեծ հնարավորություններ ուներ, սակայն որոշեց վերադարձնել նախկին դիրքերը, այդպիսով դառնալով ատլանտյան ռազմավարության հակառակորդը: Ռուսները հայտնվեցին անորոշության մեջ եւ ձեռնամուխ եղան տնտեսական ու ռազմական բլոկի ձեւավորմանը, մասնավորապես եվրասիական մարգինալ նախագիծը:

Այս կառույցի նպատակը միայն եվրասիական տարածությունում Ռուսաստանի գերիշխանությունն է: Ռուսներն այս արկածախնդրության սկզբից ցանկանում էին ստեղծել տնտեսական աութսայդերներ, ներառյալ Բելոռուսն ու Ղազախստանը: Մոսկվայում հրաշալի հասկանում էին, որ Արեւմուտքը հանգիստ չի հետեւի այդ գաղափարի իրականացմանը: Այդպես էլ եղավ: Ռուսաստանը հայտնվեց տնտեսական անկման ու միջազգային մեկուսացման մեջ:

Ռուսները սահմանել են այս իրավիճակից ելքը՝ բանակցային գործընթացներ ռազմական հակամարտությունների ու խնդիրների շուրջ: Սակայն դրանից ոչինչ չստացվեց: Ռուսները ծաղրի առարկա դարձան ողջ աշխարհի համար: Եվ նրանց հետ միասին՝ նրանց վասալները:

Ռուսները փորձեցին ժամանակ շահել եւ վասալներին հեռու պահել ատլանտյան ու եվրոպական հովանավորներից ու գործընկերներից: Սակայն դա չհաջողվեց, ինչը հաստատվեց ՀԱՊԿ երեւանյան հավաքի հանդեպ Բելոռուսի ու Ղազախստանի վերաբերմունքով:

ՀԱՊԿ-ը եւ Եվրասիական բլոկը փլուզվում են, եւ ոչ ոք դա արդեն չի թաքցնում: Ըստ էության, եվրասիական բլոկի տապալումը կանխորոշված էր: Ռուսները ծրագրել էին մի քիչ էլ ձգել, սակայն փլուզումը եղավ հրթիռային արագությամբ:

Տպավորություն է, որ ռուսների համար օգտակար են դարձել այդ տապալումները, եւ նրան խորհում են, թե ինչպես այդ մասին ավետեն հետխորհրդային ժողովրդին: Սակայն վասալների քաղաքական էլիտաները պատրանքներ չունեն եւ պատրաստ են բաժանվել:

Խնդիրն այն է, թե ինչ է լինելու ամուսնալուծումից հետո, ինչպես են նրանք իրենց պահելու: Հայաստանում առաջացել է ագենտուրայի նոր սերունդ, որը նոր աղբ է մտածել եւ հուսահատ տարածում է՝ «Ռուսաստանը բավական վտանգավոր է, եւ նրանից հեռանալը վտանգավոր է»:

Հարց է առաջանում՝ մինչեւ երբ է Հայաստանը մնալու վասալ, որի ժողովուրդն ապրում է անգիտության ու աղքատության մեջ, քանի որ ԶԼՄ-ները անգաժավորված են իշխանությունների, այսինքն ռուսների կողմից:

Ներկայիս իրավիճակում առաջանում է Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման կուրսը շարունակելու եւ այդ խաղին մասնակցելու բարենպաստ իրավիճակ: Ժամանակի հարց է՝ խաղը բարդանում է եւ այդպիսով դառնում ավելի արդյունավետ ու մատչելի:

Արդյունքներն ամփոփելու ավարտին անկասկած գործի մեջ կմտնի ԱՄՆ-ն, քանի որ Եվրոպական միությունից բացի այս ասպարեզում դիտարկվում են նաեւ ՆԱՏՕ-ի հեռանկարները, իսկ դա գլոբալ անվտանգության խնդիր է: Ինչպես կարելի է այդքան պատասխանատու պահը վստահել եվրոպացիներին:

(Լավ կլիներ ուսումնասիրել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում «հայկական բանաձեւի» տապալման պատճառները, դա շատ հարցերի պատասխան եւ քաղաքական հեռանկարը պլանավորելու հնարավորություն կտար: Եթե Հայաստանը ֆինանսական խնդիրներ ունի, դա կարող էին անել նաեւ հասարակական կազմակերպությունները):

Ռուսները հենց սկզբից հասկանում էին, որ եվրասիական նախագիծը տապալվելու է, նրանց պետք էր ժամանակ ձգել, Արեւելյան Եվրոպայի երկրներին շեղել եվրոպական ինտեգրման գործընթացներից: Պետք է ասել, որ այդպես էլ եղավ, փոխարենն՝ ինչպիսի շառաչուն տապալում ստացվեց: