Կարեն Կարապետյանը բացահայտել է իշխանության խնդիրը

    • Մեկնաբանություն - 18 Հոկտեմբերի 2016, 18:54
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, կապված մամուլի այն տեղեկությունների հետ, թե Սամվել Կարապետյանի ղեկավարած Տաշիր գրուպը պատրաստվում է Հայաստանում մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում անել:

Հայտարարության մեջ ասվում է, որ այդօրինակ ներդրումների մասին տեղեկությունները իրականության հետ աղերս չունեն, դրանք հրապարակվում են արհեստական սպասումներ առաջացնելու համար: 

Գրասենյակի հայտարարությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումների մասին տեղեկատվության խորքում Տաշիրի սեփականատեր Կարապետյանները տեսնում են ոչ թե լոկ մամուլի հրապարակում, այլ ներիշխանական շրջանակներ: Այլապես հազիվ թե նրանք հարկ համարեին հայտարարությամբ հերքել ներդրումների մասին տեղեկատվությունը:

Ընդ որում, դա տեղի է ունենում ՀՀԿ գործկոմի նիստում կառավարության նոր ծրագրի քննարկումից հետո: Դատելով մամուլում հայտնված մանրամասներից, նիստը ունեցել է բավական լարված ընթացք: Այլ կերպ հազիվ թե լիներ, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը ինչ որ փոփոխություն արձանագրելու համար չի կարող ներկայացնել մի ծրագիր, որը դուր կգա ՀՀԿ մեծամասնությանը: Բանն այն է, որ փոփոխություն հնարավոր չէ անել այլ կերպ, քան այդ մեծամասնության ներկայիս բիզնես ու քաղաքական տիրույթները սահմանափակելու միջոցով: Եվ, ի լրումն այդ ամենի, ամենագլխավորը՝ Սերժ Սարգսյանը բացահայտ է հայտարարել, որ Կարապետյանի հետ քննարկել է ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հարցը, կամ պարզապես՝ նոր ՀՀԿ-ի հարցը:

Իհարկե, բացառել պետք չէ, որ Սարգսյանի այդ հայտարարությունը մտածված մարտավարական քայլ էր, որով նա ՀՀԿ մեծամասնությանը տրամադրեց Կարեն Կարապետյանի դեմ, որպեսզի այդպիսով կարողանա ստանձնել Կարապետյանի եւ ՀՀԿ մեծամասնության միջեւ դատավորի կարգավիճակ եւ վերահսկի երկու կողմին էլ:

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ եթե օրակարգում կա վիճակի փոփոխություն, ապա դա չի կարող չլինել իշխանության որեւէ թեւի հաշվին: Կառավարության ծրագրի քննարկումն անցել է ըստ էության հենց այդ նյարդի թելադրանքով:

Ահա այդ համատեքստում հետաքրքիր է Տաշիրի սեփականատեր Կարապետյանների հայտարարություն-հերքումը եւ արձանագրումը, թե դա արվում է արհեստական սպասում առաջացնելու համար:

Հատկապես ո՞ւմ նկատմամբ սպասումը նկատի ունեն Կարապետյանները: Բացառապես իրե՞նց, թե նաեւ վարչապետ Կարապետյանի: Մամուլում հրապարակումներ են եղել նրանց մտերիմ հարաբերությունների, նաեւ Ռուսաստանում բիզնես գործընկերության մասին: Ի դեպ, հենց այդ համատեքստում էլ կար որոշակի խոսակցություն, որ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո Սամվել Կարապետյանը կատարելու է ներդրումներ, նրան օգնելու համար:

Սամվել Կարապետյանն այժմ փաստորեն ակնարկում է, որ իշխանության մեջ ինչ որ մեկը արհեստական պատասխանատվություն է դնում իրենց վրա: Բայց արդյոք դա ներառում է նաեւ վարչապետ Կարապետյանին: Թե՞ ակնարկը կարող է ուղղված լինել հենց նրան:

Աներկբա է, որ Կարեն Կարապետյանին արդյունավետ վարչապետության համար հարկավոր է ոչ միայն մենեջերների թիմ, այլ նաեւ փող: Այդ փողը կամ պետք է վերցվի Հայաստանի ներկայիս տնտեսությունը տնօրինող քրեա-օլիգարխիայից,- իսկ դա արդեն միայն Կարապետյանի ուժից վեր է,- կամ պետք է գտնվի աղբյուր, որը կհամաձայնի ֆինանսավորել Կարապետյանի ծրագրած փոփոխությունները:

Արդյոք Սամվել Կարապետյանին կա առաջարկ, որը նա մերժում է: Ո՞վ է առաջարկի հեղինակը՝ Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանը: Կամ արդյոք Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանին ոչ թե մերժում է, այլ եզրակացնում, որ Կարապետյանը չունի բավարար իշխանություն, որպեսզի նրա հույսով ներդրվեն հարյուրավոր միլիոններ: Այսինքն, Սամվել Կարապետյանը մոտ է Կարեն Կարապետյանին, կուզի օգնել, սակայն չի վստահում Սերժ Սարգսյանի քաղաքական աջակցության հեռանկարին՝ կամ անկեղծությանը, կամ պարզապես կարողունակությանը չհավատալու պատճառով:

Ընդ որում, բացառված չէ նաեւ, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է կատարել ներդրումները, բայց միայն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը գործնականում կօժանդակի Կարեն Կարապետյանին ՀՀԿ «նոր ոգի» ձեւավորելու հարցում: Այսինքն, ներդրումներ ավելի ռեալ իշխանության դիմաց: Իսկ ռեալ իշխանությունը կառավարությունը չէ, ռեալ իշխանությունը ՀՀԿ-ն է, եւ քանի դեռ լուծված չէ այդ հարցը, իշխանության հարցը շարունակելու է լինել բաց: Իսկ եթե բաց է իշխանության հարցը, բաց է մնալու նաեւ Հայաստանի տնտեսության փոսը, որովհետեւ այնտեղ ինչ որ բան կլցնի միայն իշխանությունը՝ կամ իր գրպանից, կամ նրանց գրպանից, ում կզրկի իշխանությունից:

Ամենաընթերցվածը