Հեղափոխություն ՊԵԿ-ում

    • Մեկնաբանություն - 18 Հոկտեմբերի 2016, 10:57
ՊԵԿ նոր նշանակված ղեկավար Վարդան Հարությունյանն անցկացրել է կառույցի ղեկավար կազմի խորհրդակցություն, որում խոսել է բիզնեսը գործընկեր դիտարկելու անհրաժեշտության մասին, ասելով, որ պետք է գործարարին դիտարկել որպես հանրային բարիք ստեղծող:

Վարդան Հարությունյանն ասել է, որ պետք է օրենքի դաշտում աշխատող գործարարը չզգա ՊԵԿ ներկայությունը, իսկ հովանավորչությունը պետք է բացառվի:

Խոսքեր են, որոնք սպասելի են ՊԵԿ ցանկացած ղեկավարի նշանակման դեպքում: Հազիվ թե ՊԵԿ որեւէ նոր նախագահ ասի այլ բան, հանձնարարի այլ մոտեցում: Բոլորն էլ խոսել են օրենքի դաշտում գործողների խնդիր չունենալու, բիզնեսը ոչ թե «կթու կով», այլ գործընկեր դիտարկելու եւ այլ կարեւոր եւ ոգեւորող բաների մասին:

Բայց, ՊԵԿ ղեկավարները փոխվել են` ուշ, թե շուտ, եւ ամեն նոր եկող ղեկավար փաստացի դրել է նույն խնդիրները կամ բարձրաձայնել է նույն մոտեցումների անհրաժեշտությունը, ակամա հավաստելով, որ նախորդ ղեկավարը այդպես էլ չի հասել իր հռչակագրերի իրականացմանը:

Չհասնելու մի քանի պատճառ կա` առաջին հերթին տվյալ ղեկավարի ցանկությունը. մի բան է խոսել, մեկ այլ բան է գործել: Մյուսը կարողությունն է: Մարդը կարող է լիովին գիտակցել նոր աշխատաոճի անհրաժեշտությունը, անկեղծ ցանկանալ դա, բայց չկարողանալ հասնել դրան, որի պատճառներն էլ շատ են` տվյալ պաշտոնի համար անհամապատասխանություն, ղեկավարության թե աջակցության բացակայություն, թե պարբերական միջամտություն այս կամ այն գործարար շրջանակի համար:

Այդ տարածված հնարավոր պատճառներից բացի, կա մեկ այլ հանգամանք: ՊԵԿ-ը միայն ՊԵԿ նախագահը չէ: ՊԵԿ նախագահը կարող է շատ բան ցանկանալ, բայց նա օբյեկտիվորեն չի կարող միայնակ վերահսկել ամբողջ համակարգը: Իսկ ՊԵԿ-ը համակարգ է, որտեղ կոռուպցիոն ռիսկերը հղկված եւ «կազմակերպված» են տասնամյակներով: Դրան գումարվում է այն, որ այդ համակարգը նաեւ Հայաստանի իշխող համակարգի որոշակի մանրակերտն է, այսինքն քվոտավորված է տարբեր իշխանական խմբերի շրջանակում:

Այդ համակարգը չի կարող միայն ՊԵԿ նախագահի փոփոխությամբ աշխատել այլ կերպ, քան մինչ այժմ: Հնարավոր են կարճաժամկետ կոսմետիկ վերափոխումներ, որոնք սակայն չեն կրի համակարգային բնույթ, չեն դառնա ՊԵԿ գործունեության նոր մեթոդ ու մշակույթ:

Դրան հասնելու համար պետք է իրականացնել կադրային հեղափոխություն: Այլընտրանք չկա: Հայաստանի տնտեսության համակարգային էվոլյուցիոն զարգացում ապահովելու համար եւ Հայաստանում հեղափոխական ապստամբության վտանգը մեղմելու համար չկա ՊԵԿ-ում կադրային հեղափոխության այլընտրանք:

Այդ համակարգը ներկայում կազմող ղեկավար կազմը անկարող է աշխատել այլ կերպ, բազմաթիվ պատճառներով: Այդ մարդիկ տարիներ շարունակ ոչ միայն աշխատել, այլ պարզապես ապրել են այն մեթոդաբանությամբ, որ իշխել է ՊԵԿ-ում: Իսկ դա ձեւավորել է հոգեբանություն ու մտածողություն:

Դա է խնդիրը, հետեւաբար պետք է համակարգ գան մարդիկ, որոնք լիովին այլ մտածողության եւ հոգեբանության կրողներ են:

Ի դեպ, ինչ որ իմաստով այդ մասին էր խոսում նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցին, թե ինչպես պետք է նոր եւ որակյալ կադրերի ներգրավեն կառավարման համակարգ առանց բարձր աշխատավարձի, պատասխանել էր, թե անկեղծ է ասում` չգիտե, ավելացնելով, որ երեւի պետք է գտնել մարդկանց, որոնք այդ ամենում կտեսնեն նաեւ որոշակի առաքելություն:

ՊԵԿ համակարգի ղեկավար կազմ պետք է ներգրավել մարդկանց, որոնք պետական կառավարումը կդիտարկեն անձնական առաքելության համատեքստում, որոնք զերծ կլինեն «տնտեսական ահաբեկչի» կամ «պետպատվերով մուրացիկի» հոգեբանությունից եւ աշխարհընկալումից:

Հետեւաբար, կամ փոխվում է ղեկավար ամբողջ կազմը, կամ կառույցի նոր ղեկավարի հայտարարությունները պարզապես հարստացնում են Հայաստանի իշխանության գեղեցիկ խոսքերի հաստափոր «հատորները»:

Ամենաընթերցվածը