Տագնապ Կարեն Կարապետյանի համար

    • Մեկնաբանություն - 17 Հոկտեմբերի 2016, 17:27
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի տեղը ՀՀԿ-ում շատ ամուր է: Նա այդպես պատասխանել է լրագրողների հարցին, թե իրականությո՞ւն է արդյոք, որ Բեգլարյանը պատրաստվում է հեռանալ ու ստեղծել նոր կուսակցություն:

Վահրամ Բաղդասարյանը փաստորեն տագնապ է ազդարարում նոր վարչապետ Կարեն Կարապետյանի համար, որի նշանակումից հետո կառավարությունից հեռացվեց Գագիկ Բեգլարյանն, ու նրա տեղը զբաղեցրեց Կարեն Կարապետյանի վստահելի անձանց «տեխնոկրատ» թիմի ներկայացուցիչը:

Գագիկ Բեգլարյանը Հայաստանի իշխող համակարգի նշանային ֆիգուրներից է: Նա պարզապես անձ չէ համակարգում, այլ ենթահամակարգ: Հայաստանի իշխող քրեա-օլիգարխիկ համակարգն ունի իր ենթահամակարգերը, եւ իշխանության մի շարք ներկայացուցիչներ պարզապես անձինք չեն, այլ այդպիսի ենթահամակարգերի ղեկավարներ եւ խորհրդանիշեր: Գագիկ Բեգլարյանը դասվում է այդ անձանց շարքում: Հետեւաբար, երբ խոսվում է նրա դիրքերի ամրության մասին, դա ինքնաբերաբար նշանակում է քրեա-օլիգարխիկ համակարգի դիրքերի ամրություն:

Վահրամ Բաղդասարյանի ազդակը հենց դա է, քանի որ հազիվ թե Գագիկ Բեգլարյանը զուտ իբրեւ անձ իր ճակատագրով մտահոգեր Բաղդասարյանին այնքան, որ նա մամուլում ավետեր Բեգլարյանի ՀՀԿ-ական դիրքերի ամրության մասին: Բաղդասարյանն այդպիսով ավետում է նաեւ սեփական, եւ ընդհանրապես քրեա-օլիգարխիայի դիրքերի ամրության մասին:

Այստեղ է հայտարարության բուն շարժառիթն ու շահագրգռությունը:

Իսկ եթե այդ դիրքերը ՀՀԿ-ում ամուր են, դա նշանակում է, որ իրավիճակը տագնապալի է Կարեն Կարապետյանի համար: Որովհետեւ քանի դեռ ՀՀԿ-ում ամուր է քրեա-օլիգարխիայի դիրքը, նշանակում է, որ Կարեն Կարապետյանի դիրքը լինելու է բավական թույլ ու երերուն, եվ սկզբունքորեն նշանակություն չունի, որ քրեա-օլիգարխիան զիջել է տեղը կառավարությունում:

Մի կողմ թողնենք այն, թե ինչքանով է անկեղծ տնտեսական համակարգային փոփոխություն առաջացնելու Կարեն Կարապետյանի ցանկությունը: Եվ ինչ փոփոխություն է պատկերացնում նա եւ նրա թիմն ընդհանրապես:

Կա մի խոսուն հանգամանք. նրա կառավարություն են եկել մարդիկ, որոնք բավական հարմարավետ գործունեություն են ծավալել մասնավոր հատվածում, բարձր կառավարչական պաշտոններում, չունեն անձնական բարեկեցության, փողի, ինքնահաստատման խնդիր, չեն եղել քաղաքականության մեջ եւ կարծես թե թաթախված չեն եղել տարբեր ինտրիգների ու խարդավանքների մեջ:

Այդ անձինք թողել են հարմարավետ միջավայրը եւ ստանձնել մի կարգավիճակ, որը նրանց դարձնում է հանրայնորեն պատասխանատու, դնում հասարակական աչալուրջ հայացքի տակ, երբ ամեն քայլը կարող է դառնալ խիստ քննադատության առարկա:

Այդ մարդիկ բավական հասուն ու կայացած են այդ ռիսկը գիտակցելու համար: Եվ հետեւաբար, եթե գնացել են դրան, կնշանակի, որ գնացել են ինչ որ բան փոխելու հաստատակամությամբ, ինչ որ մեկը համոզել է նրանց, որ կլինի փոխելու հնարավորություն:

Այդ հանգամանքը չպետք է դուրս մնա ուշադրությունից, իրավիճակը գնահատելու համատեքստում:

Միաժամանակ աներկբա է, որ այդ հանգամանքը որքան էլ կարեւոր, որքան էլ դրական տրամադրող, այդուհանդերձ ամենավճռորոշը չէ նոր կառավարությունից սպասումների ձեւավորման առումով: Վճռորոշը լինելու են քաղաքական գործոնները, համակարգային գործոնները:

Հենց այդ առումով, եթե նրանք, ովքեր հեռացել են կառավարությունից եւ զիջել տեղը «տեխնոկրատներին», իրենց տեղը ամուր են պահում ՀՀԿ-ում, ապա գործնականում անհնար է դառնում «տեխնոկրատների» համակարգային արդյունավետությունը, որքան էլ նրանք անկեղծորեն ցանկանան եւ ձգտեն դրան:

Ըստ այդմ, տնտեսական իրավիճակ, տնտեսական խաղի կանոն  եւ ընդհանրապես համակարգային միջավայր փոխելու համար Կարեն Կարապետյանը նախ պետք է փոխի ՀՀԿ-ի «ստատուս-քվոն»: Դա նվազագույնն է համակարգային փոփոխությունների ներքին բաղադրիչի խնդիրը լուծելու տեսանկյունից:

Բայց, կա իհարկե արտաքին բաղադրիչի խնդիրը: Միայն ներքին բաղադրիչի հարցի լուծումը կբերի որոշակի փոփոխությունների, որոնք սակայն չեն կարող արտացոլվել ընդհանուր հասարակական-պետական որակների տեսքով: Դրանք կարտացոլվեն լոկ բարեկեցության ընդհանուր աստիճանի փոփոխությամբ, ինչը սակայն էական ազդեցություն չի թողնի պետական կենսունակության եւ որակների առումով, որովհետեւ դրանց համար հրամայական են փոփոխություններն արտաքին բաղադրիչի տեսանկյունից: Որովհետեւ Հայաստանը որպես պետություն չի կարող զարգանալ, քանի դեռ գտնվում է պետական արդիականությունից ոչ միայն զուրկ, այլ այդ արդիականությունը մարտահրավեր դիտարկող պետությունների միջավայրի ազդեցության տակ:

Ամենաընթերցվածը