Սարգսյանն ու Պուտինը կանչել են տարբեր տեղեր

    • Մեկնաբանություն - 15 Հոկտեմբերի 2016, 20:52
Հոկտեմբերի 14-ին Հայաստան ժամանելուց առաջ ՌԴ նախագահ Պուտինը Ռուսաստան էր կանչում նեդրողներին` «Ռուսաստանն է կանչում» համաժողովի շրջանակում: Պուտինը արտասահմանցի ներդրողներին փորձում էր հավաստիացնել, որ Ռուսաստանը հաղթահարել է ճգնաժամն ու անկումը, ադապտացվել եւ շահեկան է ներդրումների համար:

Իհարկե, դժվար է ասել, թե ինչ էին զգում ներդրողները կամ մտածում, երբ լսում էին մարդու, որն օրինակ Արեմուտքին սպառնում է ընդհուպ միջուկային շանտաժով:

Բայց, տվյալ պարագայում հետաքրքրականը դա չէ:

Հետաքրքրականն այն է, որ մինչ Պուտինը Մոսկվայում կանչում էր արտերկրի ներդրողներին Ռուսաստան, Սերժ Սարգսյանը Նյու Յորքում արտասահմանցի ներդրողներին կանչում էր Հայաստան` ասելով, թե որքան գրավիչ է դառնում Հայաստանը ներդրումների համար:

Սերժ Սարգսյանը հավաստիացնում էր, որ Հայաստանն ունի բավական հարուստ մարդկային ներուժ, որը մեր բարեկեցության հիմքն է: Թե հատկապես ում բարեկեցությունը նկատի ուներ Սերժ Սարգսյանը, կրկին բարդ է ասել, նկատի առնելով, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը պաշտոնապես կազմում է բնակչության մեկ երրորդը, իսկ արտագաղթի ցուցանիշը չափվում է տարեկան տասնյակ հազարներով:

Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Սերժ Սարգսյանը երեք տարի առաջ կայացրած իր բեկումնային որոշումը` ԵՏՄ-ին անդամակցումը, պատճառաբանում էր նրանով, որ հայկական կոնյակը վաճառվում է Ռուսաստանում` բա էլ ուր պետք է գնար Հայաստանը: Հիմա Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ Հայաստանի հարստությունը մարդկային ներուժն է:

Սարգսյանի մոտեցումը փոխվել է փաստորեն տրամագծորեն: Դա խիստ արժեքավոր կլինի, եթե լինի մտածողության խորքով, ոչ թե պահի թելադրանքով: Որովհետեւ, մարդկային ներուժը Հայաստանի իսկապես գլխավոր եւ անփոխարինելի հարստությունն ու ռեսուրսն է, բայց երբ ռեսուրը մարդկային կապիտալն է` միտքը, ստեղծագործական կարողությունը, ապա պետության համար բեկումնային որոշումները պետք է կայացվեն ելնելով այդ ռեսուրսից բխող հեռանկարներից, ոչ թե կոնյակի վաճառքի խնդիրներից:

Կոնյակ վաճառելն իհարկե կարեւոր է, բայց այդ խնդիրը լուծվում է, երբ լուծվում է պետության ուղենիշի խնդիրը, պետական հայեցակարգի խնդիրը թե ներքին, թե արտաքին քաղաքականության առումով:

Իսկ մարդային կապիտալի գերակայությունը հուշում է, որ Հայաստանի ընտրությունը պետք է լիներ Եվրասիայից որքան հնարավոր է հեռու, եւ եվրաատլանտյան հանրությանը որքան հնարավոր է մոտ: Որովհետեւ այդ հանրությունն է լավագույնս ցույց տվել, թե մարդկային կապիտալի բազմապատկման, գեներացման, մարդկային մտքի, ստեղծագործության ինչպիսի ձեռքբերումների է հնարավոր հասնել ազատ տնտեսության, մրցակցության, իրավահավասարության, արդարադատության պայմաններում: Այդ հանրությունն է ձեւավորել տեխնոլոգիական, մեթոդաբանական, ինստիտուցիոնալ անգնահատելի ռեսուրսներ, որոնք կարող են լինել ցանկացած պետության համար կարեւոր գործընկերներ-գործիքներ, եթե այդ պետությունը իր զարգացման հեռանկարը դիտարկում է մարդկային կապիտալի ելակետով:

Որովհետեւ, Եվրասիական միջավայրն այդ ամենի հայելային ծուռ արտացոլումն է, որտեղ մարդկային կապիտալը, մարդու ստեղծագործական ներուժը դիտվում է ոչ թե զարգացման ռեսուրս, այլ իշխանության խնդիր, ամբողջատիրական համակարգի գոյության սպառնալիք:

Այդպիսով, Պուտինը ներդրողներին կանչում է Ռուսաստան, Սերժ Սարգսյանը` Հայաստան: Նրանք տարբե՞ր տեղեր են կանչում ներդրողներին, թե՞ կանչում են միեւնույն տեղը:

Դա հարց է, որի պատասխանը գոնե առայժմ Հայաստանի համար դրական չէ, որովհետեւ Հայաստանը ներդրողներին կանչում է Եվրասիական միության անունից, որի տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ներդրողներին ուզում է համոզել, թե Հայաստանն անդամակցելով ԵՏՄ-ին արդեն ոչ թե 3 միլիոնանոց, այլ 180 միլիոնանոց սուբյեկտ է:

Տիգրան Սարգսյանը հավատու՞մ է իրեն, թե՞ չի հավատում ներդրողների բանականությանը կամ ողջախոհությանը: Որովհետեւ, եթե անգամ ներդրողին հետաքրքրում է 180 միլիոնը, ապա նա կլսի ոչ թե 180 միլիոնի ֆունկցիոներ Տիգրան Սարգսյանին, այլ այդ 180 միլիոնի ղեկավար Պուտինին, ու կգնա Ռուսաստան, ոչ թե կգա Հայաստան:

Որովհետեւ, համենայն դեպս, դատելով Նյու Յորքի համաժողովում Հայաստանի իշխանության ներկայացրած բովանդակությունից, արտասահմանցի ներդրողները կարծես թե այդպես էլ չեն ստացել հարցի պատասխան, թե ինչու՞ պետք է իրենք գան Հայաստան ու հետո հերթ կանգնեն Վերին Լարսում, եթե գիտեն Ռուսաստան գնալու ավելի կարճ ճանապարհը:

Ամենաընթերցվածը