Հայաստանն արեց դա

    • Մեկնաբանություն - 15 Հոկտեմբերի 2016, 14:23
Հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովի շրջանակում արձանագրվեց բավականին ուշագրավ մի դրվագ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե չի նախատեսվում անդրադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Ոչ այսօր», ասել էր Պեսկովը:

ՀԱՊԿ Վեհաժողովից հետո լրագրողներին ներկայացնելով քննարկված հարցերն ու անդրադարձերը, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ՀԱՊԿ ղեկավարները իրենց աջակցությունն են հայտնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, նաեւ աջակցություն են հայտնել Մինսկի խմբի համանախագահներին:

Փաստացի ստացվում է, որ ՀԱՊԿ Վեհաժողովն այդուհանդերձ անդրադարձել է Արցախի խնդրին, կամ Սերժ Սարգսյանն առնվազն հասել է նրան, որ եթե անգամ չի լինում քննարկում եւ հատուկ հայտարարություն, այդուհանդերձ ամփոփիչ խոսքում ինքը նշում է Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին աջակցության մասին:

Դա կարեւոր է: Իհարկե ոչ միայն որեւէ երաշխիք չկա, այլ միանգամայն հստակ է, որ ՀԱՊԿ անդամ Բելառուս-Ռուսաստան-Ղազախստան եռյակը շարունակելու է Հայաստանի շահի եւ անվտանգության հանդեպ անտարբերության, իսկ հաճախ նաեւ այդ շահի եւ անվտանգության ոտնահարման քաղաքականությունը: Եվ այդ իմաստով երեւանյան հայտարարությունը չունի առանցքային արժեք: Բայց, այդուհանդերձ, այդ հայտարարությունը կարեւոր է, թեկուզ այն առումով, որ դա անում է Հայաստանը կամ ավելի ճիշտ` Հայաստանն անում է դա:

Դա եթե անգամ փոքր, բայց գոնե վկայություն է, որ Հայաստանն ունակ է հետապնդել իր շահը, ունակ է դնել խնդիրներ ՀԱՊԿ առաջ եւ հետամուտ լինել գոնե դրանց մի մասին: Ըստ այդմ, դա կարեւոր ազդակ է նաեւ միջազգային հանրության համար:

Առավել եւս, որ ՀԱՊԿ երեւանյան Վեհաժողովից առաջ այդ հանրությանը տրվեցին լիովին այլ եւ բավական մտահոգիչ ազդակներ: Դրանք տվողն իհարկե ռուսական կողմն էր, որի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում հայտարարել էր, որ Երեւանի Վեհաժողովում ներկայացվող փաստաթղթերում լինելու է հայտարարություն Արեւելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգը ՀԱՊԿ անդամ երկրների ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնելու կապակցությամբ:

Երեւանում այդպիսի հայտարարություն չեղավ: Համենայն դեպս հրապարակավ: Այսինքն, Երեւանից չհնչեց ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ սպառնալիք հռչակելու հայտարարություն, ինչը նշանակելու էր նաեւ հռչակել Հայաստանի սպառնալիք: Այն դեպքում, երբ թե ԱՄՆ, թե ՆԱՏՕ-ն Հայաստանի անվտանգության կարեւորագույն գործընկերներ են, իսկ վերջին տարիների իրադարձությունների՝ թե ռուս-թուրքական, թե ռուս-թուրք-ադրբեջանական, թե ռուս-ադրբեջանական զարգացումների համատեքստում` Հայաստանի անվտանգության առանցքային գործընկերներ:

Իհարկե, Երեւանում այդպիսի հայտարարությունից հետո նրանք հաստատ վերաբերելու էին «ներողամտաբար», չէին ռմբահարելու Հայաստանը կամ խզելու նրա հետ հարաբերությունը: Բայց, չափազանց կարեւոր է, թե Հայաստանն ինչ ազդակներ է հղում ԱՄՆ, Եվրամիություն, ՆԱՏՕ` ինքնիշխանության թեկուզ նվազագույն կարողության ազդակնե՞ր, թե աշխարհքաղաքական, պետական անմեղսունակության ազդակներ:

Նաեւ այդ իմաստով է կարեւոր, որ ՀԱՊԿ Վեհաժողովից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին ու Մինսկի խմբին ՀԱՊԿ երկրների ղեկավարների աջակցության մասին:

Վիեննան առանցքային է, քանի որ Վիեննան հետապրիլյան միջազգային օրակարգն է Կովկասի անվտանգության համակարգի վերափոխման ենթատեքստով, որտեղ կա հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման խնդիր: Կարեւոր է այն առումով, որ Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձեցին «ջրել» Վիեննայի օրակարգը: Եվ այդ իմաստով, ներկայում, երբ Երեւանում Հայաստանը շեշտում է դրա վերաբերյալ ՀԱՊԿ աջակցությունը, դա անկասկած փոքր, բայց կարեւոր ազդակ է միջազգային հանրությանը:

Չի բացառվում նաեւ, որ Հայաստանն ու ՀԱՊԿ գնացել են փոխանակման, եւ Սերժ Սարգսյանին այդպիսի հայտարարության իրավունք է տրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը հետաձգելու դիմաց:

Թեեւ, այդ դեպքում դա երկրորդ կարեւոր ազդակն է, քանի որ գլխավոր քարտուղար ունենալ մի կառույցում, որը բացարձակապես կապ չունի Հայաստանի շահի եւ անվտանգության հետ, ոչ միայն ցանկալի չէ, այլ նույնիսկ կարող է բերել հավելյալ քաղաքական ռիսկերի եւ ծուղակների: