Լավրովը հիշեցրել է, թե ինչու էր Նալբանդյանը փակվել սենյակում

    • Մեկնաբանություն - 14 Հոկտեմբերի 2016, 22:52
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը Երեւանում հայտարարել է, որ Արցախի խնդրում առաջընթացը կնպաստի նաեւ հայ-թուրքական հարաբերության կարգավորմանն ու տրանսպորտային ապաշրջափակմանը: Այլ կերպ ասած, Լավրովը նկատի ունի այն, որ եթե Հայաստանը տարածք հանձնի Ադրբեջանին, ապա Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանն, ու տրանսպորտը կշարժվի:

Լավրովն այդ մասին հայտարարում էր նաեւ 2008 թվականին, երբ մեկնարկում էր հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, եւ Սերժ Սարգսյանը Մոսկվայից հրավեր էր հղում Աբդուլլահ Գյուլին: Արցախի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերության այդ կապակցումը վերածվում էր Հայաստանի համար սպառնալից հեռանկարի, եւ սպառնալիքը չեզոքացավ այն բանից հետո, երբ գործընթացի ղեկն իր ձեռքը վերցրեց Արեւմուտքը եւ թույլ չտվեց, որ Նալբանդյանը տապալի Ցյուրիխի արձանագրությունների ստորագրումը, որպեսզի գործընթացի հետագա տապալման պատասխանատվությունը մնա Թուրքիայի, ոչ թե Հայաստանի վրա:

Որովհետեւ եթե այդ տապալման պատասխանատվությունը մնար Հայաստանի վրա, ապա փաստացի դա ուժեղացնելու էր Արցախի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերության կապակցվածության փաստարկը: Երբ ֆուտբոլային դիվանագիտության տապալման պատասխանատվությունը մնաց Թուրքիայի վրա, դա ուժեղացրեց Արցախի խնդիրը հայ-թուրքականից տարանջատելու մոտեցումը, հայ-թուրքական հարաբերության առանց նախապայմանի կարգավորման մոտեցումը:

Ինչպես հայտնի դարձավ Վիկիլիքսից, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ցյուրիխի վերաբերյալ գրել էր, որ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը տեւական ժամանակ հրաժարվում էր դուրս գալ համարից եւ ստորագրել արձանագրությունները: Բանն այն է, որ արձանագրությունները հետագայում վերածվելու էին ռուս-թուրքական տանդեմի համար ծուղակի, տապալելով ֆուտբոլային դիվանագիտության ռուս-թուրքական վտանգավոր գործընթացը: Պարզ է, թե ինչու էր Նալբանդյանը հրաժարվում: Այդ հրաժարումը տապալման պատասխանավությունը դնելու էր Հայաստանի վրա եւ Ռուսաստանին ու Թուրքիային թույլ էր տալու խուսափել ծուղակից եւ ավելի «հիմնավոր» պնդել Արցախի նախապայմանի մասին:

Պատահական չէ, որ հենց այդ շրջանից Մոսկվան սկսեց ինտենսիվ հասունացնել Կազանի պլանը: Պարզապես, արձանագրությունների միջոցով ֆուտբոլային դիվանագիտությունը մղելով փակուղի, Արեւմուտքը հենց սկզբից «որբացրեց» կազանյան պլանը, այն դատապարտելով ձախողման:

Ներկայում Լավրովը հայտարարում է, թե միայն ուրախ կլինեին, եթե Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունը կարգավորեն առանց արցախյան խնդրի հետ կապելու:

Ինչ կապ ունի այստեղ Հայաստանը, որը հենց սկզբից է հայտարարել, որ հայ-թուրքական խնդիրը չպետք է պայմանավորվի Արցախի խնդրով: Հետեւաբար ինչու՞ է Լավրովը հավասարեցնում Թուրքիան ու Հայաստանը: Չգիտե՞ Հայաստանի դիրքորոշման մասին:

Անկասկած գիտե, բայց Ռուսաստանի համար այդ դիրքորոշումն անընդունելի է, որովհետեւ հայ-թուրքական առանց նախապայմանի հարաբերությունը նշանակում է հայ-թուրքական հարաբերություն առանց Ռուսաստանի:

Իսկ դրան չի գնա թե Անկարան, թե Ռուսաստանը, որովհետեւ կորցնելով հայ-թուրքական հարաբերության կարգավորման թելը, Ռուսաստանը կկորցնի շատ թելեր Կովկասում, իսկ գլխավորը` ռուսական շատ թելերից կձերբազատվի Հայաստանը:

Այդ պատճառով էլ Լավրովը Հայաստանում հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորում կարող է լինել միայն Արցախի խնդրում առաջընթացի հարցում: Այսինքն, եթե Հայաստանն ուզում է հայ-թուրքական սահմանի բացում, ապա պետք է համաձայնի Արցախի խնդրի կարգավորման ռուսական պլաններին: Թե ինչ է ենթադրում այդ պլանը, ցույց տվեց թե ապրիլի պատերազմը, թե դրանից մի քանի շաբաթ անց Սերժ Սարգսյանի հարցազրույցը Բլումբերգին:

Կասկած չկա, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորումը կարեւոր է թե Հայաստանի, թե ամբողջ տարածաշրջանի համար: Բայց, կարեւոր է, եթե այդ հարաբերությունը կարգավորվում է առանց նախապայմանի: Առավել եւս այն դեպքում, երբ Հայաստանի առաջ դրվում է նախապայման, որի «բավարարման» դեպքում Հայաստան դե ֆակտո այլեւս գոյություն չի ունենա, եւ Հայաստանն իր անվտանգությունն ի զորու չի լինի մեկ օր անգամ ապահովել առանց Ռուսաստանին ուղղված խնդրագրերի, ինչին Մոսկվան այդքան սպասում էր ապրիլին եւ այդպես էլ չստացավ դրանք` շնորհիվ Հայաստանի զինուժի ու շնորհիվ նաեւ առաջին պատերազմի արդյունքի, որը Հայաստանի համար ապահովում է անվտանգության նպաստավոր սահմանագիծ: