Տեր-Պետրոսյանի անակնկալը Պուտինին

    • Մեկնաբանություն - 14 Հոկտեմբերի 2016, 12:29
Հայաստանին սպառնացող դեֆոլտի մասին Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի համառոտ հայտարարությունը պայմանավորված էր թերեւս ոչ միայն ներքին իրողություններով, այլ կամա թե ակամա նաեւ Հայաստանի բարձրաստիճան հյուրին` Վլադիմիր Պուտինին:

Համենայն դեպս հատկանշական է, որ Հայաստանի տնտեսությանը սպառնացող աղետի մասին Տեր-Պետրոսյանը հայտարարեց հոկտեմբերի 13-ին` Պուտինի Հայաստան կատարելիք այցի նախօրեին: Պուտինը Հայաստանում կլինի 14-ին, որպեսզի մասնակցի Երեւանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Վեհաժողովին:

Իհարկե, Տեր-Պետրոսյանի հայտարարության բնույթն ու ժամանակացղույցը հատկանշական չէ հենց պարզապես Պուտինի այցի նախօրեի պատճառով: Հատկանշականությունը նկատելու համար պետք է գնալ հետ, օգոստոս, երբ Ռուսաստան էր այցելել Սերժ Սարգսյանը:

Այդ ժամանակ, ընդունելով նրան, Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի ՀՆԱ-ն ԵՏՄ շնորհիվ աճում է 10 տոկոսով, ինչը լավ ցուցանիշ է:

Այսինքն, ընդամենը երկու ամիս առաջ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է Հայաստանի ՀՆԱ երկնիշ աճի մասին: Դա նշանակում է, որ նա հայտարարել է Հայաստանի տնտեսության բավական դրական դինամիկայի մասին:

Երկու ամիս անց, երբ Պուտինը պետք է ժամանի Հայաստան, Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Հայաստանի տնտեսությանը սպառնում է աղետ` դեֆոլտ: Այլ կերպ ասած, Պուտինի Հայաստան այցի նախօրեին Տեր-Պետրոսյանը բարձրաձայն իր անհամաձայնությունն է հայտնում ՌԴ նախագահին: Կլսի՞ նրան Պուտինը, կամ որեւէ մեկը նրա շրջապատից:

Բայց ենթադրենք լսեցին, հետո ինչ: Ի՞նչ կարող է ակնկալել ՀԱԿ առաջնորդն այդ լսողությունից: Արդյոք նա տեղեկություն ունի, որ ՌԴ նախագահի հայաստանյան այցը վճռորոշ նշանակություն է ունենալու Հայաստանի ներքաղաքական հետագա զարգացումների կամ Սերժ Սարգսյանի քաղաքական նախընտրական սցենարների համար, ու ըստ այդմ փորձում է որեւէ կերպ ներգրավվել այդ սցենարներում:

Թեեւ, այդ պարագայում, արդյոք Պուտինի հայտնած երկնիշ աճին հակադիր տեսակետն ու աղետի ազդարարումը, այսինքն Պուտինին փաստացի հակադրվելը սեփական ներգրավվածություն ապահովելու հարցում նրա աջակցություն ակնկալելու օպտիմալ, արդյունավետ տարբերակ է:

Մյուս կողմից, հազիվ թե Տեր-Պետրոսյանի պես փորձառու գործիչը ներկայում պատրանք ունենա, որ Ռուսաստանի նախագահը զբաղվելու է Հայաստանի «կադրային» հարցերով: Պակաս հավանական չէ, որ խոսելով Հայաստանի տնտեսության աղետի սպառնալիքի մասին, առաջին նախագահը շարունակում է ապրիլից հետո իր աջակցության ցուցաբերումը Սերժ Սարգսյանին:

Առաջին հայացքից թվում է, որ Տեր-Պետրոսյանը կոշտ անդրադարձ է կատարում Սարգսյանի քայլերին, դրանք որակելով թատրոն, իսկ տնտեսական վիճակն էլ աղետալի:

Սակայն, մյուս կողմից, երբ այդ հայտարարությունը դիտարկվի հենց ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցի շեմով, ապա փաստացի ստացվում է, որ ՀԱԿ առաջնորդը Պուտինին ասում է այն, ինչ չի համարձակվի ասել Սերժ Սարգսյանը:

Ի՞նչ էր ասում Պուտինը օգոստոսին, կամ ավելի շուտ` ինչի՞ համար էր ասում 10 տոկոս աճի մասին: Ասում էր, որպեսզի Սերժ Սարգսյանը Ռուսաստանին չներկայացնի Հայաստանին որեւէ տնտեսական աջակցության հայտ: Խոսելով 10 տոկոսի մասին, Պուտինը փաստացի ասում էր, թե կա այն, ինչ կա, եւ այդ եղածը բավարար է` Հայաստանն ավելին թող չսպասի:

Այժմ, Պուտինի այցի շեմին, ընդդիմադիր կարգավիճակով հանդես եկող Լեւոն Տեր-Պետրոսյանն է փաստացի հակադրվում Պուտինին, ասելով, թե ոչ մի 10 տոկոս աճ էլ չկա` վիճակն աղետալի է:

Երբ 2013 թվականին Ռուսաստանը Հայաստանին ներկայացրել էր ԵՏՄ մտնելու պահանջ, Հայաստանում ոչիշխանական ուժերը, այդ թվում դրա առաջնորդներից Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն չէին հակադրվում այդ մոտեցմանը, այլ փաստացի դարձել էին դրա անշրջելիացման միջոցներ, Սերժ Սարգսյանին զրկելով որեւէ մանեւրի հնարավորությունից:

Այժմ, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ վիճակն աղետալի է, ոչ թե երկնիշ աճող, դրանով թերեւս կարող է Սարգսյանի համար տալ մանեւրի հնարավորություն: Եվ չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանը Սարգսյանից կարողանա դրա դիմաց ստանալ 5 տոկոս` ՀԱԿ համար: Առավել եւս, որ ՏԻՄ ընտրությունը ցույց տվեց, որ ՀԱԿ-ն ունի այդ խնդիրը:

Ամենաընթերցվածը