Ծանր դեպք սփյուռքի նախարարությունում

    • Մեկնաբանություն - 14 Հոկտեմբերի 2016, 09:38
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ սիրիահայերի հարցում իրենց գործունեությունը 5 տարի անփոփոխ է, եւ իրենք գործ են անում լուռ, առանց բղավելու: Նա ասում է, որ, եթե սիրիահայերին տեղափոխում ենք, ապա ոչ ոք չպետք է իմանա դրա մասին, որովհետեւ Սիրիայի թե կառավարությունը, թե ընդդիմությունը դեմ են դրան եւ համարում են, որ հայերն էլ սիրիացիների նման պետք է մնան ու ապրեն այնտեղ:

Դա ասում է Հայաստանի սփյուռքի նախարարը: Միայն թե պարզ չէ, թե ինչու՞ է ասում այդպես: Նա հույս ունի, որ նրանք, ովքեր պետք չէ որ իմանան, չե՞ն լսելու կամ կարդալու իրեն: Միթե Հրանուշ Հակոբյանը չի մտածում, որ ովքեր չպետք է իմանան, լսելով իրեն` կիմանան: Ճիշտ է, թեեւ Հրանուշ Հակոբյանը տարիներ առաջ ընդունել էր ոմն ինքնակոչ տիեզերագնացի, անգամ լուսանկարվել նրա հետ` ոչ թե թռիչքից առաջ, այլ հանդիպումից հետո, բայց հազիվ թե Հակոբյանն այդ աստիճան միամիտ լինի, կարծելու համար, որ հնարավոր է Սիրիայից հայերին տեղափոխել այնպես, որ ոչ ոք չիմանա այդ մասին:

Այլ կերպ ասած, հնարավոր չէ հայերին գողանալ Սիրիայից:

Հետեւաբար, Հրանուշ Հակոբյանն իրականում ոչ թե «բացահայտում» է խնդրի նրբերանգները, այլ պարզապես խնդրի շուրջ ստեղծելով ավելորդ խորհրդապահություն, փորձում է արդարացնել Սփյուռքի նախարարության անարդյունավետ աշխատանքը, եւ գուցե ընդհանրապես Հայաստանի պետական անարդյունավետ քաղաքականությունը սիրիահայության հարցում:

Դա Հայաստանի իշխանության համար տարածված ինքնարդարացում է, իբր` դե հո ամեն ինչ չենք ասելու, որ երեւա, թե գործ ենք անում: Օրինակ, բոլորովին վերջերս մամուլում եղավ նույն կերպով արտաքին գործերի նախարար Նալբանդյանի գործն «անմահացնելու» փորձ, ասելով, թե Նալբանդյանը աշխատում է, պարզապես նա այն մարդկանցից է, որ չի բարձրաձայնում իր աշխատանքային էֆեկտիվության մասին:

Փաստացի, Հայաստանում բոլորը շատ էֆեկտիվ ու լուռ, համեստ են աշխատում, բայց չգիտես ինչու Հայաստանում իրավիճակը աղաղակող վատ է:

Կասկած չկա, որ պետական աշխատանքն ունի նաեւ զգալի կողմեր, որոնք չեն կարող բացահայտվել, բարձրաձայնվել: Աներկբա է: Բայց, խնդիրն այն է, որ պետական աշխատանքը նաեւ պետք է ունենա տեսանելի կողմ եւ արդյունք: Եվ հենց դա է, որ փաստացի գոյություն չունի, եւ տեսանելին պարզապես լիակատար անարդյունավետությունն է, չպատճառաբանված անարդյունավետությունը, ինչի հետեւանքն էլ չփաստարկված արդարացումներն են:

Մնում է, որ սփյուռքի նախարարն ասի, թե Սիրիայից հայերին տարհանում են, նրանց փոխարեն այնտեղ խամաճիկներ, տիկնիկներ կամ խրտվիլակներ դնելով, որ Սիրիայի կառավարությունը եւ ընդդիմությունը գլխի չընկնեն, որ հայերը տարհանվում են:

Այդ ամենն իհարկե շատ ծիծաղելի կլիներ, եթե իրավիճակն այդքան ողբերգական չլիներ:

Թեեւ, սփյուռքի նախարարության պաշտոնյաները փորձում են նաեւ հավաստիացնել, որ իրավիճակը պետք չէ ներկայացնել աղետալի գույներով, թե իբր հայերը Հալեպից ուզում են դուրս գալ, սակայն Հայաստանը չի անում ոչինչ: Ով մեզ դիմում է, օգնում ենք դուրս գալուն, հայտարարում են սփյուռքի նախարարության պաշտոնյաները, ասելով, թե ովքեր մնում են` մնում են իրենց կամքով, չեն ուզում հեռանալ:

Կար մի երգչուհի, որը 2008 թվականի մարտի 1-ից հետո հայտարարում էր, թե ովքեր զոհվել են, իրենք են մեղավոր` թող այնտեղ չլինեին, չզոհվեին:

Սփյուռքի նախարարությունը փաստացի ասում է հենց դա, պարզապես փոքր ինչ մշակած, հղկած. ովքեր Հալեպում կրակի եւ մահվան սպառնալիքի տակ են, իրենք են այդպես ուզել:

Հարց է առաջանում` իսկ Հայաստանի սփյուռքի նախարարությունը, պաշտոնական Երեւանը սիրիահայությանն առաջարկե՞լ է որեւէ այլընտրանք, առաջարկե՞լ է որեւէ քիչ թե շատ տեսանելի, որոշակի այլ հեռանկար, այլ տարբերակ, փորձե՞լ է նրանց հետ աշխատել, ընդ որում ոչ թե այն ժամանակ, երբ դանակն արդեն հասել է ոսկորին, այլ երբ իրավիճակը դեռ ծայրահեղ չէր եւ հնարավոր էր հայությանը հանել այդ կաթսայից, երբ դեռ ամեն ինչ չէր հասել կրիտիկական աստիճանի:

Թե՞ Երեւանում սպասել են, թե ով է դիմելու: Գոնե ասե՞լ են սիրիահայերին, թե ինչպես դիմել` զանգով, էլփոստով, աղավնիների միջոցով, թե բարձր բղավելով: Բոլորի՞ն են ասել:

Իրավիճակը, խնդիրն անկասկած բարդ է, հատվում են իսկապես լրջագույն աշխարհքաղաքական շահեր, որոնց կիզակետում է մնացել մի քանի հազար հայություն: Բայց, եթե դուրս է եկել մի քանի տասնյակ հազարը, արդյոք ծայրահեղ իրավիճակում ներկայիս մնացողները միայն իրենք են պատասխանատու, որ մնացել են: Ինչու՞ եւ ինչպե՞ս է հնարավոր եղել մի քանի տասնյակ հազարի հեռացումը եւ մի քանի հազարի մնալը:

Ամենաընթերցվածը