Մոսկվայի խոստովանությունն Արցախի հարցում

    • Մեկնաբանություն - 13 Հոկտեմբերի 2016, 22:16
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը մտել է փակուղի: Նա ասել է, որ Ռուսաստանը ջանքեր գործադրում է կարգավորման համար, բայց չկա մոտ ժամանակում որեւէ արդյունքի հեռանկար:

Փաստորեն, Ռուսաստանը գալիս է այն մտքին, ինչին հակառակվել էր մի քանի օր առաջ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ չկա Արցախի հակամարտության կարգավորման հնարավորություն, կողմերը պատրաստ չեն կարգավորման: Մի քանի օր անց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Զախարովան, անդրադառնալով այդ հայտարարությանն, ասել էր, թե հայտարարությունների փոխարեն աշխատել է պետք, ինչն էլ անում է Ռուսաստանը:

Այժմ Ռուսաստանը նախագահի օգնականի մակարդակով փաստացի խոստովանում է, որ Քերին իրավացի էր, եւ չկա կարգավորման հեռանկար:

Եթե չկա կարգավորման հեռանկար, ապա տրամաբանությունը հուշում է, որ կամ պետք է ամրագրվի ստատուս-քվոն, եւ ստեղծվեն հրադադարի պահպանման մեխանիզմներ, կամ կլինի պատերազմ:

Օրերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել էր, թե Ադրբեջանին միջազգային հանրությունը պարտադրում է Արցախի ճանաչում: Եթե թե ԱՄՆ, թե Ռուսաստանը հայտարարում են, որ չկա կարգավորման հեռանկար, նշանակում է, որ չկա նաեւ Արցախի ճանաչման պահանջ: Որովհետեւ կարգավորումը նշանակում է ճանաչում, կամ ճանաչումը նշանակում է կարգավորում, քանի որ հազիվ թե Ադրբեջանին պարտադրվի ճանաչել Արցախը հենց այնպես: Եթե Ադրբեջանին պարտադրվի ճանաչել Արցախը, դա նշանակում է, որ Հայաստանին ու Արցախին էլ պարտադրվելու է Ադրբեջանին հանձնել ինչ որ շրջաններ:

Երբ հայտարարվում է, որ չկա կարգավորման հեռանկար, դա նշանակում է, որ չկա անկախության ճանաչման եւ տարածքների հանձնման պահանջ:

Առաջանում է հարց` իսկ կա՞ ստատուս-քվոյի եւ հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման գործընթաց, կա՞ հրադադարի եւ ապրիլից հետո հաստատված կայունության պահպանման երաշխիք, ամրապնդման գործընթաց: Թե՞ կարգավորման բացակայության վերաբերյալ հայտարարությունը նշանակում է, որ կամաց-կամաց վառվում է ռազմական նոր բախման լույս:

Այն, որ Ալիեւը հայտարարում է, թե իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, որ միջազգային հանրությունն իր դեմ է, հուշում է, որ այդուհանդերձ պատերազմի հասունացման գործընթաց, որպես այդպիսին, չկա: Եթե Ալիեւը մոտենար պատերազմի, ապա հազիվ թե հայտարարեր, թե միջազգային հանրությունն իր դեմ է: Փաստացի, Ալիեւը դրանով ակնարկում է, որ պատերազմը կնշանակի պատերազմ ոչ թե Հայաստանի, այլ միջազգային հանրության դեմ:

Դա ծանրակշիռ փաստարկ է, որպեսզի Ալիեւն անուղղակիորեն հանդարտեցնի, ենթագիտակցական մակարդակում զսպի այն ռազմատենչ եւ մարտաշունչ կրքերը, որ հենց ինքն էլ բորբոքել է: Այդ տարբերակը մի կողմից կրքերը հանդարտեցնելու, մյուս կողմից դա սեփական դեմքը փրկելով անելու տարբերակ է Ալիեւի համար:

Ներկայում Ադրբեջանն ըստ ամենայնի իր առաջ դրել է նվազագույն խնդիր՝ թույլ չտալ, որպեսզի միջազգային հանրությունը բերի իրեն ներկայիս հրադադարը պահպանելու, այսինքն դե ֆակտո ստատուս-քվոն ճանաչելու իրավական պարտավորագրի, որեւէ փաստաթղթային համաձայնության:

Այդ գործում Ալիեւն ունի Ռուսաստանի աջակցությունը: Մեխանիզմի փաստաթղթային արձանագրման եւ իրավա-քաղաքական ուժ տալուն դեմ է նաեւ Ռուսաստանը, քանի որ դա իրավիճակը շրջում է էապես, կամ հրադադարի համեմատական կայունությունը դարձնում է զգալիորեն անշրջելի, ինչը զգալիորեն թուլացնում է Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը թե տարածաշրջանում ընդհանրապես, թե Հայաստանի վրա մասնավորապես:

Ներկայում Մոսկվայի եւ Բաքվի մոտ չկա պատերազմի խնդիր: Այն ակնհայտորեն վեր է նրանց ուժերից, տարբեր պատճառներով: Ներկայում ռուս-ադրբեջանական ջանքը կենտրոնացած է հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը արգելակելու ուղղությամբ: