ՆԱՏՕ-ի արձագանքը Իսկանդերին. Կարեւոր կոնսենսուս Հայաստանի հարցում

    • Մեկնաբանություն - 12 Հոկտեմբերի 2016, 22:51
Օրեր առաջ Ռոյթերզը տեղեկություն էր հրապարակել, որ Ռուսաստանը Կալինինգրադի մարզում տեղակայել է Իսկանդեր Մ հրթիռներ, ինչը անհանգստացրել է Լեհաստանին ու լեհական զինուժը բերվել է մարտական պատրաստության:

Այդ տեղեկությանը արձագանքել էր ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա ասել էր, թե Ռուսաստանի այդ գործողությունը տեղավորվում է վերջին շրջանում ՌԴ պահվածքի տրամաբանության մեջ: Ստոլտենբերգը նաեւ ասել էր, թե ՆԱՏՕ-ն կողմ չէ սպառազինության նոր մրցավազքին:

Այս պատմության մեջ ուշագրավ է հանգամանքը, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն արձագանքել է Կալինինգրադում Իսկանդերի տեղակայման մասին տեղեկատվությանը: Ուշագրավ է Հայաստանին Իսկանդերի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության հանդեպ Արեւմուտքի արձագանքի բացակայության պայմաններում:

Կարող է տեսակետ լինել, թե Կալինինգրադի Իսկանդերը Արեւմուտքին կարող է մտահոգել, քանի որ անմիջապես Եվրոպայի սահմանին է, իսկ Հայաստանի դեպքում` ոչ: Բայց դա կլինի թերեւս պարզունակ դիտարկում, քանի որ այդ տրամաբանությամբ, Արեւմուտքին չպետք է հետաքրքրեր Արցախի խնդրում իրավիճակի սրումն ու պատերազմի վտանգն ընդհանրապես` չէ որ դա շատ հեռու է Եվրոպայից:

Իսկանդերը լոկ սպառազինություն չէ, այն քաղաքականություն է, որը սահման չի ճանաչում: Հետեւաբար, խնդիրը սահմանային հեռավորությունը կամ աշխարհագրությունը չէ, այլ աշխարհքաղաքականությունը: Եվ այս դեպքում Արեւմուտքի արձագանքի բացակայությունը` Կալինինգրադի պարագայում արձագանքի առկայության ֆոնին, հիմք է տալիս եզրակացնել, որ Հայաստանի զինանոցում Իսկանդերի առկայությունը որոշակիորեն աշխարհքաղաքական կոնսենսուսի դրսեւորում է, առանց որի հազիվ թե հնարավոր լիներ Իսկանդերի մատակարարումը Հայաստան եւ դրա մասին հայտարարությունը:

Եվ թերեւս հենց այդ հանգամանքն է, որ առավելապես անհանգստացրել է Ադրբեջանին, հայտարարելով, թե միջազգային հանրությունն Ադրբեջանի դեմ է: Բանն այն է, որ Իսկանդերը որպես սպառազինություն խոշորամասշտաբ պատերազմը զսպող զենք է, բնական է, որ այնպիսի լոկալ պատերազմում, ինչպես օրինակ ապրիլին էր, Իսկանդերը կիրառելի չէ:

Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Ադրբեջանն ամբողջությամբ է ընկալել Իսկանդերի նշանակությունը, դրա մասին հայտարարության նշանակությունն ու Արեւմուտքի լռությունը, այսինքն փաստացի կոնսենսուսը: Որովետեւ հենց այդ կոնսենսուսն է, որ «կիրառելի» է լոկալ պատերազմի դեպքում: Այսինքն, որպես սպառազինություն Իսկանդերը զսպում է լայնամասշտաբ պատերազմը, իսկ որպես աշխարհքաղաքական կոնսենսուս` զսպում կամ զգալիորեն արգելափակում է լոկալ պատերազմի կրկնության հնարավորությունը:

Հենց դա է, որ առաջացրել է Ալիեւի սուր դժգոհությունը միջազգային հանրությունից, առիթ կամ պատճառ հանդիսանալով հայտարարության, թե միջազգային հանրությունն Ադրբեջանի դեմ է:

Որովհետեւ, խոշոր հաշվով, միջազգային հանրության հարցադրումները, պահվածքը, թե ապրիլից առաջ, թե ապրիլից հետո որեւէ ժամանակահատվածում չեն փոխվել առանձնապես, չի փոխվել դրանց բովանդակությունն ու տրամաբանությունը: Փոփոխությունը եղել է Իսկանդերի մասին հայտարարությունը, ցուցադրությունն ու միջազգային հանրության համերաշխ լռությունը, վկայելով Հայաստանի, այդպիսով նաեւ փաստացի Կովկասի անվտանգության եւ կայունության հարցում որոշակի աշխարհքաղաքական կոնսենսուսի առկայությունը:

Կոնսենսուս, որին իհարկե ուժի կենտրոններին բերեց ապրիլի պատերազմին կանգուն մնացած հայկական զինուժը, ստիպելով Ռուսաստանին գոնե այս փուլում փոխել իր քայլերի առաջնահերթությունն ու տրամաբանությունը եւ առաջնային դիտարկել Հայաստանին սպառազինության տրամադրման հարցում դաշնակցային պարտավորության կատարումը: Կոնսենսուսը մինչ այդ բացակայում էր հենց այն հանգամանքի պատճառով, որ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը ենթադրում էր Ադրբեջանի ռազմատենչ դիվանագիտության սնուցումը «կազանյան պլանի» հասունացման եւ իրագործման համար, ինչը փաստացի տապալեց հայկական զինուժի եւ Հայաստանի հանրության միասնական դիմադրությունը:

Այլ հարց է, թե որքան երկարաժամկետ եւ կայուն կլինի այդ կոնսենսուսը, նկատի ունենալով Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ դիմակայության նոր մակարդակի հաստատումը: Միեւնույն ժամանակ, այստեղ որքան էլ միմյանց կապակցված են աշխարհաքաղաքական խնդիրներն ու իրողությունները, այդուհանդերձ  դրանք զգալիորեն նաեւ ենթակա են առանձին դիտարկումների, ինչի մասին վկայում է իրերի վիճակը ներկայում:

Տվյալ պարագայում, Հայաստանի անկախության շքերթին ցուցադրված կոնսենսուսի տեւողությունը կախված է գուցե ոչ այնքան աշխարհքաղաքական դիմակայությունից, որքան Հայաստանի պետական քաղաքականության համարժեքությունից, այն իմաստով, թե ապրիլից հետո դրված եւ լուծվող խնդիրները որքանով համարժեք կլինեն այն խնդրին, որ ապրիլին լուծեց հայկական բանակը:

Այդ իմաստով, զուտ հռետորաբանության մակարդակում, թերեւս առաջին անգամ պաշտոնապես առաջ է քաշվել աշխարհքաղաքական եւ ներքին կառավարման համարժեքության ցուցիչ հանդիսացող գաղափարը` ազգ-բանակի ձեւակերպումով: Դա արել է պաշտպանության նոր նախարարը: Այն ամենեւին նոր մոդել չէ աշխարհում, եւ ամենեւին գերռազմականացված մոդել չէ, ինչպես կարող է պատկերանալ առաջին հայացքից: Այն պետական կյանքի կազմակերպման եւ պետական քաղաքականության, պետական կառավարման իրականացման մոդել է, որի պարագայում միայն Հայաստանը կարող է արդյունավետ եւ փոխկապակցված համադրել անվտանգության ապահովման եւ պետական արդիականացման խնդիրները, դրանք դարձնելով ոչ թե միմյանց հակադրվող, այլ լրացնող գործոններ:

Անշուշտ, խնդիրն այն է, թե որքանով է դրսեւորվելու այդ մոդելն իրականություն դարձնելու կամք եւ որքանով է լինելու կարողություն, հաշվի առնելով, որ դա պահանջում է արդեն ներհասարակական կոնսենսուսի ձեւավորման համար անհրաժեշտ վերափոխումներ: Աշխարհքաղաքական կոնսենսուսի առկայությունը ստեղծել է ներհասարակական կոնսենսուսի հասնելուն ուղղված կայուն եւ հետեւողական գործընթացի հնարավորություն: Աշխարհքաղաքական կոնսենսուսի տեւականությունը կախված է լինելու ներքին կոնսենսուսին ուղղված գործընթացի արդյունքից: