Վիկտոր Դալլաքյանը բացահայտեց, թե ում հետ գործ ունեն

    • Մեկնաբանություն - 12 Հոկտեմբերի 2016, 18:24
Ինչ պետք է աներ Վիկտոր Դալլաքյանը՝ մի քանի տարի շարունակ Սերժ Սարգսյանի պաշտոնական ներկայացուցիչ լինելուց հետո ընդդիմադիր կարգավիճակում ակտիվ քաղաքականություն վերադարձին որոշակի համոզչականություն հաղորդելու համար: Իհարկե պետք է հայտարարեր իր հետ որեւէ բան պատահելու դեպքում Սերժ Սարգսյանի պատասխանատվության մասին: Դալլաքյանն անկասկած խելոք մարդ է եւ հասկանում է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հասարակությանն ուղղված հայտարարությունները արժեք կամ կշիռ չեն ներկայացվում, չեն ընկալվում, որովհետեւ հասարակությունն այդ կյանքի դերակատար չէ:

Իրենցից որեւէ բան ներկայացնում, պրակտիկ արժեք եւ կշիռ ունենում են հայտարարությունները, որոնք արվում են ներքաղաքական կյանքի սուբյեկտների համար: Վիկտոր Դալլաքյանը հասարակության համար չէ, որ հայտարարում է, թե իր հետ բան պատահելու դեպքում պատասխանատուն կլինի Սերժ Սարգսյանը:

Դալլաքյանը դա հայտարարում է բոլոր նրանց համար, ովքեր ունեն որեւէ մասնակցություն, շահագրգռություն եւ ազդեցություն Հայաստանի ներքաղաքական կյանքում: Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալն ու նախկին ՀՀԿ-ականը թեեւ հայտարարում է, որ խիստ խորհրդանշական է եղել իր ներկայությունն իշխանության մեջ, այդուհանդերձ նա չափազանց մոտիկից է տիրապետել ներիշխանական տեխնոլոգիաներին եւ այժմ փաստորեն Սերժ Սարգսյանի պատասխանատվության մասին հայտարարությամբ ընդգծում է իր սուբյեկտությունը:

Դալլաքյանն անվտանգության հարց չէ, որ լուծում է դրանով, այլ սուբյեկտային անձեռնմխելիության, քանի որ սուբյեկտության պատասխանատու հռչակում է Սերժ Սարգսյանին:

Ըստ այդմ, Վիկտոր Դալլաքյան ակտիվ քաղաքական սուբյեկտի հետ որեւէ գործ ունեցողները թերեւս գիտեն արդեն, թե ում հետ գործ ունեն, պատասխանատվության ինչ շրջանակի հետ:

Դալլաքյանը երբեք չի պատկանել մարդկանց շարքին, ովքեր խելքը քաղաքականության մեջ համարել են ավելորդ: Ըստ այդմ, նա բավականաչափ խելք ունի գիտակցելու համար, որ հայաստանյան քաղաքականության մեջ առանց պատասխանատվության բարձր շրջանակի ավելորդ է դառնալու իշխանության ցանկացած նախկին ներկայացուցիչ` լիներ նրա ներկայությունը խորհրդանշական, թե նշանակալից:

Ըստ այդմ, նա բավական խորագետ է թե պատմության, թե ներկայիս քաղաքականության շրջանակում, հասկանալու համար, որ պատասխանատվության այդ արեալից դուրս կուսակցությունը չի կարող հավակնել որեւէ բանի` խորհրդանշականությունից բացի:

Մինչդեռ այժմ Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը, համենայն դեպս ըստ մամուլի հրապարակումների, հավակնելու է օրինակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի: Ըստ Հայկական ժամանակի, հաջորդ տարի Զաքարյանը կարող է անդամակցել այդ կուսակցությանը, թողնելով իր պաշտոնը: Ինչպես հայտնի է, դեռեւս անորոշ, բայց խոսակցություն կա, որ Դալլաքյանի կուսակցությանը կարող է անդամակցել նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Մյուս կողմից, խորհրդանշականորեն պաշտոնավարելով չորս տարի, Վիկտոր Դալլաքյանը կարող է նաեւ բավական խորհրդանշական դերակատարում ունենալ ակտիվ ընդդիմության դերում` խորհրդանշելով ՀՀԿ-ի որոշակի «ռեինկարնացիա»:

Սերժ Սարգսյանը նշանակելով նոր վարչապետին, ՀՀԿ առաջ հայտարարեց, որ նրա հետ քննարկել է նաեւ ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու հարցը: Այսինքն, Սերժ Սարգսյանը հրապարակավ ձեւակերպել է ՀՀԿ-ն փոխելու խնդիրը: Իսկ ՀՀԿ-ն տվյալ պարագայում կուսակցություն չէ, այլ իշխանական փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդ, որի պարագայում որեւէ նշանակություն չունի կուսակցական անդամատոմսի առկայությունը: Այլ կերպ ասած, դրված է իշխանության «նոր ոգու» խնդիրը: Թե ինչ մոտիվացիայով, այլ հարց է: Խնդիրը դրված է, իսկ առաջին քայլերը` կատարված:

Տվյալ պարագայում, Վիկտոր Դալլաքյանը կարող է խորհրդանշել ՀՀԿ-ից «հին ոգու» հեռացումն ու վերատեղակայումը, եւ նրա քաղաքական ուժը կարող է ընդգրկել ներկայիս վերադասավորումների փուլում բոլոր հեռացողներին, որպիսիք կան թե այժմ, թե կլինեն խորհրդարանի ընտրությունից հետո:

Այնպես որ, զարգացումների տրամաբանության շրջանակում ամենեւին զարմանալի չի լինի, եթե Դալլաքյանի քաղաքական արեալը ներառի նաեւ Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Բեգլարյանին, Հովհաննես Հովսեփյանին, Սերգո Կարապետյանին, որպեսզի իշխանության «հին ոգին» չմնա անմարմին, վերածվելով ահաբեկող ուրվականի:

Ամենաընթերցվածը