Երեւանյան անակնկալ Պուտինի համար

    • Մեկնաբանություն - 12 Հոկտեմբերի 2016, 11:16
Արդեն մի քանի օր է Երեւանում կառուցվող ՀԱՊԿ ակադեմիայի շինարարական աշխատանքը ստացել է առավել դինամիկ ընթացք: Ենթադրվում է, որ շինարարությունը փորձում են հասցնել Երեւանում հոկտեմբերի 14-ին սպասվող ՀԱՊԿ Վեհաժողովին, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ նախագահ Պուտինը: Ակադեմիայի շենքի ճակատը գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Հավանաբար խնդիրը հենց ճակատային մասն ավարտելն է, քանի որ դրա հետեւում ընթացող  շինարարությունը հեռու է ավարտից, առնվազն հոկտեմբերի 14-ին ավարտին հասցնելուց:

ՀԱՊԿ ակադեմիայի ճակատային փութաջանությունը խորհրդանշական է թե այդ կառույցի համար ընդհանրապես, թե Հայաստանի առումով այդ կառույցի դերակատարության համար մասնավորապես:

ՀԱՊԿ-ը, նաեւ Հայաստանի առումով դրա դերակատարությունը բացառապես «ֆասադային» բնույթի է: Կան ցուցանակներ` իրավապայմանագրային մակարդակում, չկա իրական դաշնակցություն, չկա իրական ռազմա-քաղաքական դաշինք, որ հիմնված է ընդհանուր շահերի եւ արժեքների վրա, չկա դաշինքի անդամ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների նկատմամբ հարգանք, պարտավորությունների լիարժեք եւ հետեւողական կատարում:

Ավելին, այդ «ֆասադի» հետեւում տեղի է ունենում դրա լիովին հակառակը: Մասնավորապես, ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանն ու Բելառուսը Հայաստանն ու Արցախը պարբերաբար գրոհող Ադրբեջանի ռազմա-տեխնիկական հիմնական մատակարարն եւ գործընկերն են:

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը քաղաքական մակարդակում ավելի շատ աջակցություն ցուցաբերել են Ադրբեջանին, քան Հայաստանին: Այդ ամենի բուն էությունը հասկանալու համար բավարար է հիշել, թե ինչպես Սերժ Սարգսյանը 2014 թվականի դեկտեմբերին Մոսկվայում մեղադրեց ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին, որ հեռախոսը չեն վերցնում եւ գոնե մեկ անգամ չեն զանգահարում Երեւան, պարզելու համար, թե ինչ վիճակ է անվտանգության սպառնալիքների առումով:

Իսկ ապրիլի պատերազմին ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը հեռախոսը վերցրել էր, բայց զանգել Բաքու՝ Ալիեւին աջակցելու: Դրա համար Հայաստանում Բելառուսի դեսպանին հրավիրեցին նույնիսկ ՀՀ ԱԳՆ, որը նույնպես միայն «ֆասադ» է: Թեեւ, ապրիլին Բելառուսի պահվածքն առավել անկեղծ էր, քան օրինակ Ռուսաստանի եւ Ղազախստանի, որոնք իհարկե Բաքու չզանգահարեցին, բայց հետաձգեցին Երեւանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքը, որպեսզի չնեղացնեն Ալիեւին:

Ավելին, Ռուսաստանը պատերազմի մեկնարկից ի վեր սպասում էր եւ հետեւում իրադարձությունների զարգացմանը, թե ինչպես է ռուսական միլիարդավոր դոլարների սպառազինությամբ հագեցած Ադրբեջանը գրոհում Արցախը: Ռուսաստանը միջամտեց, երբ հայկական զինուժը երկրորդ-երրորդ օրը փոխեց պատերազմի «վեկտորն» ու Ադրբեջանի զինուժին եւ սահմանամերձ շրջանները մատնեց խուճապի: Ալիեւը հայտարարեց, թե պատրաստ է չկրակել, եթե հայկական զորքը կանգնի` չշարժվի առաջ:

Ռուսաստանն Ալիեւի համար ապահովեց այդ բանը:

Ահա համառոտ ժամանակագրությունն ու նկարագրությունն այն ամենի, ինչ կատարվում է ՀԱՊԿ «ֆասադի» հետեւում:

Ահա այդ իմաստով խիստ խորհրդանշական է, որ Երեւանում ՀԱՊԿ ակադեմիայի ճակատը հապճեպ պատրաստում են ՀԱՊԿ Վեհաժողովին, հավանաբար Պուտինին ցույց տալու համար: Գուցե նույնիսկ ճակատային մասում պատրաստեն նաեւ մի «կաբինետ»` նրա համար:

Թեեւ, հնարավոր է Երեւանն այդպիսով պարզապես համարձակվել է նրբորեն ակնարկել, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը: Ավելիի կարողություն Հայաստանի իշխանությունն իհարկե չունի, կամ այդ կարողությունն առաջանում է միայն այն ժամանակ, երբ իշխանությունը չի ունենում կորցնելու բան, ինչպես օրինակ ապրիլի պատերազմին էր, երբ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարում էր, թե Հայաստանը չունի «հզոր հովանավորներ», անկասկած ակնարկելով դաշնակիցներ չունենալու հանգամանքը:

Ապրիլից հետո իհարկե իրավիճակը զգալի փոխվել է` Հայաստանի զինված ուժերի դիմադրունակության, զինվորի, սպայի եւ կամավորի իսկապես հերոսական ջանքի շնորհիվ: Իրավիճակն առանց դրա էլ փոխվելու էր, բայց այդ դեպքում արդեն Ադրբեջանի օգտին: Սակայն հայկական զինուժը փաստացի նոր ռազմա-քաղաքական իրավիճակ ստեղծեց հօգուտ Հայաստանի եւ Արցախի: Դրա որոշակի դրսեւորումներն արդեն առկա են, այդ թվում նաեւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի որոշակի «դաշնակցային» մատակարարումների իրականացման տեսքով, մասնավորապես Իսկանդերի մասով, ինչը տարածաշրջանի նոր իրավիճակի հարցում աշխարհքաղաքական կոնսենսուսի վկայություն է:

Բայց այդ ամենն իհարկե որեւէ առնչություն չունի ՀԱՊԿ բնույթի հետ, այն շարունակում է մնալ «ֆասադային»` դրա հետեւում լիովին այլ ռազմա-քաղաքական հետաքրքրության եւ շահերի առկայությամբ, եւ իր այդ բնույթով շարունակում է Հայաստանի համար լինել եթե ոչ սպառնալիք, ապա առնվազն արգելակ` անվտանգության խնդիրները լիարժեք սպասարկելու գործում:

Ամենաընթերցվածը