Սամվել Կարապետյանի նոր դերը

  • Մեկնաբանություն - 12 Հոկտեմբերի 2016, 10:08
Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը Հայաստանում ու Արցախում տարիներ ի վեր մեծ ծավալի ներդրումներ ու շինարարություն, բարեգործական ծրագրեր է իրականացնում: Անցյալ տարի նա գնեց ճգնաժամի մեջ հայտնված ՀԷՑ-ը, կարգավորելով դրա գործունեությունը, այդպիսով փրկելով թե Ռուսաստանի դեմքը, թե բաշխիչ ցանցերը:

Բացի այդ, Սամվել Կարապետյանը թե գործարար, թե քավոր-սանիկային լայն կապեր ունի Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգի կամ օլիգարխիայի հետ: Նա ինչ որ առումով հայկական օլիգարխիայի «տանիքն» է Ռուսաստանում:

Նա ստվերային կամ բացահայտ մասնակցություն ունի ներհամակարգային հարաբերությունների կարգավորման հարցերում, պարտադիր ներկա է համակարգային հարսանիքներին ու եկեղեցիների բացմանը: Օրինակ, հիշարժան են Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձությունները 2015-ի փետրվարին, երբ նա հեռացվեց քաղաքականությունից, բայց պահպանեց իր տնտեսական դիրքերը: Դրանում նշանակալի դեր էր խաղացել Սամվել Կարապետյանը:

Նոր կառավարության նշանակումից ի վեր, սակայն, Սամվել Կարապետյանի դերը Հայաստանի տնտեսա-քաղաքական կյանքում կարծես թե ավելի է աճել: Երբ կառավարությունը դեռ ձեւավորման փուլում էր, հայկական մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հրապարակվում, որ Հովիկ Աբրահամյանը, այս կամ այն նախարարն իրենց անձնական ճակատագրի հարցով Սամվել Կարապետյանին խնդրում էին միջնորդել Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի մոտ:

Այսօր տեղեկություն եղավ, որ Սամվել Կարապետյանը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ կստանձնի օլիգարխներին «սանձելու» գործը, որպեսզի նրանք կատարեն պարտավորությունները բյուջեի առաջ: Օլիգարխներին «սանձելու» համար կան օրենքներ, սակայն նկատի ունենալով հայկական տնտեսա-քաղաքական համակարգի բնույթն ու ներքին «կանոնադրությունը», Սամվել Կարապետյանի առաքելությունը բավական իրատեսական ու նշանակալի է թվում:

Ով ով, բայց նա կարող է դա անել, ի տարբերություն պետական օղակների, եթե իհարկե Հայաստանում «համակարգային փոփոխություններ» չեն կատարվում հանրային ընկալմամբ:

Մյուս կողմից, կա մեկ այլ հանգամանք: Ռուսաստանը, բոլոր ոլորտներում տապալելով իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, ակնհայտորեն վերանայում է Հայաստանի հետ հարաբերությունների կառուցման մեթոդաբանությունն ու ոճը:

ՀԷՑ-ը Ռուսաստանը «հանձնեց» ճգնաժամի հասցնելուց հետո: Երեկ հայտնի դարձավ, որ Գազպրոմբանկի հայկական դուստր ընկերությունը՝ Առէքսիմբանկը, վաճառվել է հայաստանցի գործարարների այն բանից հետո, երբ հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ: Չի բացառվում, որ այս գործընթացը շարունակվի, երբ Ռուսաստանն այս կամ այն պատճառով «հրաժարվի» Հայաստանում իր սեփականությունից եւ դրանք փոխանցի հայերին: Այս հեռանկարը բավական իրական է, հաշվի առնելով այդ երկրի միջազգային մեկուսացումն ու շրջափակումը, պատժամիջոցների ռեժիմի պահպանումը երկարատեւ ժամանակահատվածում:

Նույնը վերաբերվում է նաեւ քաղաքական համակարգին, եւ Կարեն Կարապետյանի նշանակումը կարող է լինել այս համատեքստում: Ռուսաստանը «հեռանում» է Հայաստանից, դրա համար պայմաններ ու իր ազդեցությունը պահպանելու երաշխիքներ ստեղծելով:

Այս պայմաններում, Սամվել Կարապետյանի դերն ու դերակատարությունը Հայաստանում մեծանում է ոչ միայն տնտեսական ներկայության, այլեւ քաղաքական զարգացումների համատեքստում: Փաստացի, նա պետք է ապահովի նոր վարչապետի «թիկունքը» նրա տապալումը թույլ չտալու, հավելյալ արդյունք ձեւավորելու եւ նոր իշխանության «երաշխիքները» ամրապնդելու համար:

Ամենաընթերցվածը