Բեկումը տեղի ունեցավ

    • Մեկնաբանություն - 11 Հոկտեմբերի 2016, 21:43
2011 թվականը նշանավորվեց նրանով, որ վերջնականապես պարզ դարձավ, որ Ղարաբաղի խնդիրն անհնար է լուծել այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների բազայի վրա: Մադրիսյան սկզբունքներով լուծումը Հայաստանի համար կնշանակեր ազգային աղետ:

Ստեղծվեց մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կանգնեց ընտրության առաջ՝ կամ վերադառնալ այդ սկզբունքներին եւ հրաժարվել Ղարաբաղի լեռնային մասից, այդպիսով անտանելի դարձնելով Արցախի այդ մասում ապրող մարդկանց կյանքը, կամ վերսկսել պատերազմը, գնալով ահռելի ռիսկի:

Հասկանալի դարձավ, որ Ադրբեջանը չի հասել ռազմական առավելության, եւ նրա դիրքերն ինչ որ առումով ավելի խոցելի են դարձել: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կնշանակեր նավթագազային ենթակառուցվածքների, տնտեսության առանցքային օբյեկտների ոչնչացում, առնվազն 100 հազար մարդու մահ, ներկայիս ռեժիմի իշխանության կորուստ:

Արտաքին կողմերի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ղեկավարների առջեւ կանգնեց ղարաբաղյան թեմայով բանակցությունների իմիտացիայի սցենարները վերսկսելու խնդիրը: Ամերիկացիներն ու եվրոպացիները, որոնք Ռուսաստանին երեք տարի ժամանակ էին տվել համաձայնությունների հասնելու հարցում կողմերին համոզելու համար, ներկայում «իրավունք» ունեն Ռուսաստանին ցույց տալու նրա քաղաքականության սնանկությունն ու Հայաստանի ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու անհնարինությունը:

Այս կապակցությամբ, ըստ ամենայնի փորձ կարվի կողմերին առաջարկել կամ շարունակել բանակցությունների իմիտացիան, կամ ճանաչել ներկայիս ստատուս-քվոն, որն ընդունելի է համաշխարհային հանրության համար ի դեմս այլ, առավել լուրջ սպառնալիքների:

Եթե Ադրբեջանը հրաժարվի այդ առաջարկներից, կհայտնվի բավական բարդ իրավիճակում, արտաքին քաղաքական շրջափակման հեռանկարով:

2008-2012 թվականները բնութագրվեցին այլ կարեւոր իրադարձություններով: Չնայած Ռուսաստանը ստիպված էր ճանաչել երկու չճանաչված հանրապետությունները, պարզ դարձավ, որ միայն ԱՄՆ-ն է աշխարհի նախաձեռնող ուժի կենտրոնը, որը շահագրգռված է տարբեր տարածաշրջաններում նոր պետությունների ստեղծման ու ճանաչման հարցում:

Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունն ու շահերը դառնում են Թուրքիայի հավակնությունները զսպելու հիմնական գործոնը:

Թուրքիան հնարավոր է կսահմանափակի Հայաստանին անտեսելու քաղաքականությունը եւ կգերադասի հարաբերություններ կառուցել նրա հետ, ելնելով իր աշխարհքաղաքական շահերից, չնայած թուրք-ադրբեջանական դաշինքի ձեւավորմանը:

Վրաստանը չի կարող չշարունակել էթնիկ զտումներն իր էթնիկ շրջաններում, ինչը նշանակում է նոր հարաբերությունների կառուցումն այդ հարեւանի հետ, նկատի առնելով հնարավոր դիմակայության ուժեղացումը:

Իրանն աստիճանաբար հեռանում է սպասման եւ Հայաստանի լոյալությունն իր հանդեպ «ստուգելու» մարտավարությունից եւ նոր հավակնություններով ձեռնամուխ է եղել Հայաստանի հետ փաստացի ռազմա-քաղաքական դաշինքի ձեւավորմանը, հույս պահելով Հայաստանի «անկախ» պահվածքի վրա:

Եվրասիական ընդարձակ տարածքում սպասվում է պետությունների բազմաթիվ բլոկների ու դաշինքների ձեւավորումը, որոնք մեկուսացված բնույթ չեն ունենա, ինչը ենթադրում է այդ դաշինքների մասնակիցների համագործակցությունը ուժի տարբեր կենտրոնների հետ:

Եվրատլանտյան հանրությունը, ելնելով գլոբալ ու տարածաշրջանային շահերից, հարկադրված է լինելու մշակել Արեւելյան Եվրոպայի երկրների ինտեգրման նոր նախագծեր ու ծրագրեր:

Նշանակալի փոփոխություններ կլինեն Մեծ Մերձավոր Արեւելքում, որտեղ ուժի կենտրոնները ուժերի հավասարակշռության ու զսպման քաղաքականությունից կանցնեն տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերաձեւմանը, ինչն անմիջական ազդեցություն կունենա Կովկասի իրավիճակի վրա:

Ռուսաստանը նորովի է գնահատելու իր քաղաքական ու տնտեսական ռեսուրսները եւ տեղավորվելու է իրական հնարավորությունների շրջանակներում՝ իր ռազմավարական շահերի գոտիներում ազդեցությունն ապահովելու համար, գերադասելով հարաբերություններն ամրապնդել փորձված, ավանդական դաշնակիցների ու գործընկերների հետ:

Ծիծաղելի է, բայց Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն այդ ժամանակ կդառնան առաջնահերթ, բազմավեկտոր քաղաքականության զարգացման պայմաններում, ինչը շատ բանով պայմանավորված կլինի միջազգային քաղաքական նախագծերում Հայաստանի ներգրավման հետ:

Ներկայում լիովին պարզ է դարձել, որ ղարաբաղյան խնդրում տարածքների հարց չկա: Հողերը պահանջում են երկու դաշնակից պետություն՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը: Բայց դա միջազգային հարց չէ:

Ադրբեջանը հիասթափված է, բայց առայժմ չի պարտվել, նկատի ունենալով կուտակած հնարավորությունները:

2016 թվականը բեկումնային դարձավ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում: Այս երկու պետությունները չեն կարող համարվել ոչ դաշնակիցներ, ոչ էլ գործընկերներ:

Հայաստանն առայժմ հլու վասալ է, ինչը հաստատվեց պաշտոնների նշանակված եւ պաշտոնանկ չարված ռուսների դրածոներով: Հիասթափությունը մեծ է, հայերի մոտ նույնպես, սակայն, ի հեճուկս Ռուսաստանի, հայերի համար ամեն ինչ դեռ տանուլ տված չէ: