Աշունը խորհրդանշական է ստացվում

    • Մեկնաբանություն - 11 Հոկտեմբերի 2016, 19:19
Վիկտոր Դալլաքյանի եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձը

Վիկտոր Դալլաքյանը Հայաստանի նախագահի աշխատակազմի առաջին բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ հեռանում է պաշտոնից եւ մտադրություն հայտնում մտնել աշխույժ քաղաքականություն: Դալլաքյանից առաջ այդ փորձն արել է Արտաշես Թումանյանը, որը ավելի բարձրաստիճան էր աշխատակազմում`ղեկավարի տեղակալ չէր, ինչպես Դալլաքյանը, այլ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր: Հետո հեռացավ այդ պաշտոնից, իսկ հեռանալուց հետո փորձեց հիմնել Նոր Երկիր կուսակցությունը, որը պետք է մասնակցեր 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը:

Ի դեպ, Արտաշես Թումանյանն էլ լոռեցի է, թեեւ նա հեռանալուց հետո չէր հայտարարել, թե Ռոբերտ Քոչարյանի հրահանգով կատարվել է պետական հանցագործություն:

Բայց, թեեւ նա չէր հայտարարել այդպիսի բան, այդուհանդերձ նրա Նոր Երկիր կուսակցությունը չեղարկվեց դեռեւս կարգին չստեղծված: Մինչ այդ տեղեկություն էր տարածվում մամուլում, որ այդ կուսակցությամբ Ռոբերտ Քոչարյանը փորձելու է ձեւավորել ՀՀԿ իշխանական այլընտրանք եւ այն դարձնել նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ծրագրի քաղաքական հենարան:

Դժվար է ասել` դա այդպես չէր, եւ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվե՞ց Թումանյանին կուսակցություն բացել, թե ի վերջո հաշվարկվեց, որ առավել հեռանկարային կլինի, եթե հենարանի հարցը դրվի որեւէ խոշոր օլիգարխի վրա: Ի վերջո, Քոչարյանն այդ հենարանի խնդիրը վստահեց Գագիկ Ծառուկյանին:

Ի դեպ, այդ առումով էլ հատկանշական է, որ երբ ստեղծվել էր ԲՀԿ-ն եւ այն պատրաստվում էր խորհրդարանի ընտրությանը մասնակցելուն` 2007 թվականին, այդ գործում ոչ ֆորմալ, բայց բավական աշխույժ ներգրավվածություն ուներ նաեւ Վիկտոր Դալլաքյանը, որն այն ժամանակ պատգամավոր էր, իսկ այժմ հրաժարական է տալիս Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ ՀՀԿ անդամությունից ու հայտարարում, որ 2012 թվականին Սերժ Սարգսյանի հրահանգով իր դեմ կատարվել է պետական հանցագործություն` թույլ չեն տվել ընտրվել Վանաձորի պատգամավոր:

Հետաքրքիր է, որ Դալլաքյանն ակտիվ քաղաքականություն է վերադառնում այն խոսակցություններին զուգահեռ, որ ծավալվում են Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի առումով:

Ի դեպ, կա եւս մեկ հետաքրքիր հանգամանք: Վիկտոր Դալլաքյանը կարծես թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է: Իսկ հայկական ֆուտբոլում կարող է հասունանալ որոշակի վերադասավորում եւ նույնիսկ «իշխանափոխություն»: Հայաստան-Ռումինիա խաղից հետո այդ հարցը բավական թեժացել է երկրպագուների շրջանում: Իսկ մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ ֆուտբոլը եւս իր ենթակայության տակ վերցնելու հավակնություն ունի Գագիկ Ծառուկյանը, որը նախօրեին բացել է Արարատ 73-ին նվիրված արձանախումբը:

Աշունը ստացվում է բավական խորհրդանշական, իսկ քաղաքական ավանդույթների եւ համակարգի բացակայության պայմաններում առանցքային նշանակություն եւ իմաստ են ստանում խորհրդանիշները, որոնցով հաճախ հնարավոր է կառավարել գործընթացներ եւ ուղղել դրանք որեւէ ճանապարհով: Ինչպես ասում են, կա խորհրդանիշները հավաքելու եւ կա խորհրդանիշները վերադարձնելու ժամանակը:

Ամենաընթերցվածը